Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի տունը վաճառում է լավ էժան գնով
Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողը Նիկոլ Փաշինյանի կարծիքն ուզեց իմանալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման պատմության մասին. 412 հազար դոլար այսօր արժե այն տունը, որը 168 հազար դոլարով գնել է Սուրեն Պապիկյանը:
«Եթե դուք ճիշտ եք, ես Ձեզ առաջարկում եմ, որ գնաք՝ բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք այդ տունը և 400 հազար դոլարով վաճառեք, ինչպես դուք պնդում եք: Եվ երբ 400 հազար դոլարով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք: Ընդ որում, դրա արդյունքում 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք: Այսինքն՝ եթե դուք այս գործարքը բանկին առաջարկեք, բանկը պետք է երջանիկ լինի, որովհետև ինքն էլ իր շահույթի մասն ունի: Ես բոլոր այդ դեպքերում առաջարկում եմ ՀԿ-ներին, լրագրողներին՝ գնալ այս ճանապարհով: Ես, ճիշտ է, ներողություն եմ խնդրում պարոն Պապիկյանից՝ իր անձնական գործերին միջամտելու համար, բայց ես կպնդեմ, որ ինքը 300 հազար դոլարով այդ տունը վաճառի Ձեզ, և հետո կհետևենք՝ Դուք 400 հազար դոլարով վաճառեցի՞ք, թե՞ ոչ: Ես անկեղծ ասեմ՝ մի տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել, և Ձեր օրինակին հետևելով՝ գուցե դա էլ անեմ»,- լրագրողի հարցին այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, ապա ասուլիսին ներկա լրագրողներից հետաքրքրվեց, թե նրանց մեջ կա՞ն մարդիկ, որոնք 2018-ից ի վեր բնակարան են ձեռք բերել և օգտվում են եկամտային հարկի վերադարձի ծրագրից:
«Կա՞ն: Էդ ի՞նչ է, կոռուպցիայո՞վ եք զբաղվում դուք: 35 մլրդ դրամ մարդկանց տվել ենք, որպեսզի իրենք իրենց բնակարանային հարցերն ապահովեն: 25 հազար մարդ և 10 նախարար… Շատ լավ, նախարարի դեպքում՝ ե՞րբ է գնել այդ բնակարանը, 2022թ. ամռա՞նը, ՀՀ օրենսդրությունը պարտադրում է, որ նախարարը, վարչապետը, բարձրաստիճան պաշտոնյաները մինչև մայիս ամիսը ներկայացնեն հայտարարագիր՝ եկամուտների և հիմա նաև՝ ծախսերի մասին որոշակի հոդվածներով: Երբ Դուք հարցը տվեցիք, ես այնքան լավ զգացի, որ ասացիք՝ նախարարը գնել է երկու թե երեք սենյականոց բնակարան…»,- ասաց Փաշինյանը, սակայն, լրագրողը նրան ընդհատեց:
«Ոչ, ես ասացի՝ երեք սենյականոցի կրկնակի չափին, 165 քառակուսին մի քիչ մեծ է սովորականից»,- նկատեց նա:
Փաշինյանն էլ արձագանքեց. «Լավ է, թող ձեռք բերի, նոր ընտանիք է, և իր եկամուտների մասին հայտարարագիր կներկայացնի, և դուք բոլորդ հնարավորություն կունենաք դա դիտարկելու և քննարկելու»:
Լրագրողն էլ նկատեց, որ գուցե իրավապահներին առաջարկեր ստուգել այդ հրապարակումները, բայց այլ առաջարկ արեց. «Դուք նաև այստեղ լրագրողներին էիք հարցնում, թե բնակարաններ ձեռք բերե՞լ են՝ եկամտային հարկի վերադարձի սկզբունքով, չգիտեմ՝ լրագրողների տները 168 հազար դոլարանո՞ց են»:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Ձեր կարծիքով՝ ես պետք է իրավապահ համակարգին առաջարկեմ, որ իրենք ինչ-որ բան ուսումնասիրե՞ն, դա իրենց գործն է: Ես գիտեմ, որ չկա այդպիսի հրապարակում, որը չի ուսումնասիրվում: Հայաստանում կա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կա հայտարարագիր, և այդպես շարունակ: Եթե այդպես եք դնում հարցը, եկեք դիտարկենք, թե լրատվամիջոցների ղեկավարներն ինչ տներ են առել, այդ տներն իրենց եկամուտների հետ ո՞նց են… Եկեք՝ ինձնից սկսած, ես… Ես անցած տարվանից ուզում եմ մեր բնակարանը վաճառել, որ ես էլ փորձեմ օգտվել, եթե, իհարկե, կարելի է, բայց դեռևս չի հաջողվել, բայց ես էլ կուզեմ բնակարան ձեռք բերել, այդ հնարավորությունից օգտվել, պարզապես պետք է եղած բնակարանը հարմար գնով հնարավոր լինի վաճառել: Իսկ Ձեր նշածը՝ իրավապահ մարմիններին հրահանգելու կարիք չկա, բայց եթե Ձեզ դա պետք է, ես ուղիղ հրահանգում եմ՝ ստուգեք բոլոր տվյալները»:
Փաշինյանին հիշեցրին՝ երբ պատգամավոր էր, Հովիկ Աբրահամյանին ասում էր՝ ինչպե՞ս կարող է լոլիկ աճեցնելով՝ այդքան գումար աշխատել, իսկ հիմա իր թիմակիցները թանկարժեք բնակարաններ են ձեռք բերում, ապա հարց հնչեց՝ արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր այդտեղ չի տեսնում:
«Կոռուպցիոն ռիսկեր ամեն քայլափոխի կան, կոռուպցիոն ռիսկեր նույնիսկ, հազար ներողություն, չեմ ուզում ոչ մեկի վիրավորել, կարող է նույնիսկ այս ստենդի մեջ կա կոռուպցիոն ռիսկ: Ամեն տեղ կա կոռուպցիոն ռիսկ, և մենք դրա համար այդքան շատ քննարկում ենք: Դուք ասում եք՝ Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը, Տրդատ Սարգսյանը, ես ասում եմ՝ ևս 25 հազար մարդ: 35 մլրդ կառավարությունն է տվել: Այսինքն՝ այս 25 հազար մարդու հիպոթեքային վարկի մի չափաբաժնի փողը կառավարությունն է տալիս: Այ, եթե դուք ասեիք, որ այս 4 հոգին լինեին, և երկրում էլ բնակարան ձեռք բերող չլիներ, դա կհասկանայինք: Դուք բերում եք Հովիկ Աբրահամյանի օրինակը. Նա հայտարարագրել էր, ասենք, 2 մլն դոլար: Մեր գործընկերներից որևէ մեկը երբ 2 մլն դոլար կհայտարարագրի, այն ժամանակ կխոսենք»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում