«Չլուծված է մնում Հայաստանի անվտանգության երաշխավորության հարցը. երկիրը կանգնած է սպառնալիքների առաջ». Փաշինյան

2022 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը: Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային անվտանգության ոլորտում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության սպառնալիքները:

«2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության (այսուհետ՝ Ադրբեջան կամ ԱՀ) կողմից սանձազերծված հերթական ագրեսիան ընդդեմ ՀՀ-ի, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, Լեռնային Ղարաբաղի (այսուհետ՝ ԼՂ) հիմնախնդրի կարգավորված չլինելը, ադրբեջանական զինուժի ներխուժումները ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ-ի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների միտումնավոր խափանումները և դրանց հետևանքով ԼՂ-ում ծայր առած հումանիտար, պարենային, էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը ՀՀ կառավարությանը, ցավոք, թույլ չեն տվել ողջ ռեսուրսները լիարժեք կենտրոնացնել զարգացման օրակարգերի իրագործման շուրջ:

Այսուհանդերձ, 2022 թվականը եղել է լայնածավալ բարեփոխումների տարի: ՀՀ կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերներին լայնածավալ բարեփոխումներով, պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ արձագանքելու քաղաքականություն:

Արդյունքում, 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարվա համար աննախադեպ՝ 12,6% տնտեսական աճով, մեկնարկել և շարունակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումները զինված ուժերի, արտաքին և ներքին անվտանգության, կրթության և գիտության, առողջապահության, բնապահպանության, տնտեսության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, տարածքային համաչափ զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հակակոռուպցիոն քաղաքականության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, դատաիրավական և այլ համակարգերում:

ՀՀ կառավարությունը շարունակել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն: Այսուհանդերձ, չլուծված է մնում առանցքային խնդիրը՝ ՀՀ արտաքին անվտանգության երաշխավորումը»,- հայտարարել է Փաշինյանը:

Մանամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս