41 տոկոս աճ էիք խոստանում. Սուքիասյանը հերթական դժգոհությունները ներկայացրեց Վահան Քերոբյանին
Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից 113.753 մարդ է եկել Հայաստան։ Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Վահան Քերոբյանին, թե այսօր ամենաբարդ իրավիճակն է այն առումով, որ եթե որոշակի կարգավորում լինի, և Հայաստան եկած այդ քաղաքացիները գնան, ապա եկամտահարկի առումով ամեն ինչ նվազելու է, դրան փոխարինող ի՞նչ ոլորտներ ու ճյուղեր կան։
«Երբ ուսումնասիրում եմ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսության կառուցվածքը, համախառն ներքին արդյունքը, հետաքրքիր դինամիկա եմ տեսնում։ Օրինակ, 2016 թվականից երբ նայում եմ այս երեք երկրների ՀՆԱ-ին, և նայում ենք 2022 թվականին, ապա բավականին փոփոխություն կա։ Բայց այդտեղ ոչ մի վերլուծություն չկա, սա էկոնոմիկայի նախարարության գործն է, ես չեմ նստելու դա անեմ»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը և ընդգծեց վերլուծություններ անելու անհրաժեշտությունը։
Արձագանքելով՝ Վահան Քերոբյանն ասաց, որ իրենց գնահատականներով և ոչ միայն, չի ենթադրվում, որ այն մարդիկ, ովքեր այսօր բնակություն են հաստատել Երևանում, մոտ ապագայում գնալու են։ Խաչատուր Սուքիասյանն ընդհատեց Վահան Քերոբյանին՝ ընդգծելով, որ ուզում է թիվ տեսնել, ոչ միայն լսել, թե լավ է, կամ լավ է լինելու։
«Ասում էիք՝ 41 տոկոս աճ կա, ուզում էի հասկանալ՝ դա մարդկանց թվաքանակի՞ աճ է, ծավալների՞»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում