Թավշյա անառակության նուրբ արվեստը
Մեր հանրային ու պետական կյանքի հիմնարար խնդիրների մեծ մասը պայմանավորված է բովանդակության և ձևի խեղաթյուրման, դրանք մեկը մյուսով փոխարինելու, ձևը՝ որպես բովանդակություն ներկայացնելու, իսկ բովանդակությունն անձև մատուցելու հետ։ Այդ երևույթն առկա է անսահմանորեն շատ ոլորտներում ու տիրույթներում։ Բայց այդ անոմալիայի ամենակործանարար հետևանքներն արտահայտվում են երկու առանցքային ուղղություններում՝ պետությանը և քաղաքականությանը վերաբերող հարցերում։
Պետության նկատմամբ մեր պատկերացումները, պետությունից ունեցած ակնկալիքները, պետության հանդեպ պատասխանատվությունը և մնացյալ ամենայնը առավելագույն չափով գտնվում է ձևի հարթությունում։ Մենք ծույլ անտարբերությամբ հետևում ենք, թե ինչպես է ամեն օրվա հետ նվազում, մաշվում Հայաստանի՝ որպես պետական կազմավորման բովանդակությունը՝ միևնույն ժամանակ անառողջ հրճվանք ապրելով, երբ, օրինակ, որևէ միջազգային կառույց Հայաստանի վերաբերյալ որևէ ոչինչ չասող հայտարարություն է ընդունում։ Ավելի քան հինգ տարի է՝ պետության ֆիզիկական և հոգևոր անվտանգության համակարգերը գործող իշխանության կողմից ենթարկվում են հետևողական վարկաբեկման, արժեզրկման։ Բանակն ամեն օրվա հետ վերածվում է անդեմ, անատամ միավորի։
Պետության անվտանգության ապահովման գործառույթ ունեցող մյուս կառույցները դեֆորմացվել-վերածվել են իշխանության անվտանգությունն ապահովող խմբակների։ Հայ Առաքելական եկեղեցին իշխանության կողմից դասվել է գրեթե ներքին թշնամիների շարքին։ Նույն իշխանությունը խրախուսում է հայկական ինքնության դեմ ուղղված ամենատարբեր նախաձեռնությունները։ Հայաստանը՝ վարվող արտաքին քաղաքականությամբ, նմանվել է իշխանական քարոզչության կողմից երջանկության հոմանիշ հռչակված անառակ կնոջ, որը պետական շահերը սպասարկում է, լավագույն դեպքում, ժամավարձի սկզբունքով, մեկին մի ծառայություն մատուցելուց հետո՝ հաջորդ պահին նետվելով դիմացինի գիրկը՝ մյուս այսրոպեական խնդիրը լուծելու համար։
Այս և չթվարկված հարյուրավոր օրինակները վկայում են Հայաստանի՝ որպես պետության, հայկական պետականության անդառնալի արժեզրկման մասին։ Ընդ որում, հայկական պետականության բովանդակությունը սպառվում է դրա ձևական կողմի դրսևորումների ճչացող ավելացմանը հակադարձ համեմատական արագությամբ․ իշխանության ֆորմալ ատրիբուտներն ավելանում ու ավելի գռեհիկ են դառնում՝ ճիշտ նույն տեմպով, որով դեվալվացվում է հայկական պետականությունը։ Նիկոլ Փաշինյանի թիկնազորը դրա ամենագրոտեսկային արտահայտությունն է։
Պետության ու պետականության բովանդակազրկումն օրգանական կապ ունի քաղաքականության արժեզրկման, քաղաքականության բովանդակության կորստի հետ։
Մենք ունենք քաղաքական համակարգ՝ մեծ հաշվով, միայն նոմինալ իմաստով․ կա իշխանություն, որը զբաղվում է հարկերի հավաքմամբ և դրանք անիմաստ ծախսելով (և որը ցանկանում է ձերբազատվել մնացյալ բոլոր խնդիրներից, անվտանգային հարցերից, Արցախից և այլն, այդ գործով ավելի անկաշկանդ զբաղվելու համար), և տիտղոսային ընդդիմություն, որը մեծ հաշվով ցանկանում է իշխանության գալ՝ համոզելով, թե ավելի լավ կծախսի ամենատարբեր պատճառներով ավելացող հարկային եկամուտները։
Ընդհանուր առմամբ, սա է հայկական քաղաքական իրականության ստատուս-քվոն, իսկ երկու կողմերից հնչող հայտարարությունները, քննադատությունները, մեղադրանքները և մնացյալը սոսկ շղարշ են, որոնց նպատակն է «քաղաքական իմաստ» հաղորդել այս երկու մերկանտիլ մոտեցումներին։
Հայկական քաղաքականության բովանդակությունը դատարկ է գրեթե այնքան, որքան բովանդակազերծ է պետությունն ու պետականությունը։ Ճիշտ է նաև հակառակը։ Իսկ դա վկայում է երկուսի միջև առկա դիալեկտիկական կապի մասին։ Չի կարող լինել նորմալ, բովանդակ պետություն ու պետականություն՝ առանց գաղափարական, մրցունակ, մտքահեն քաղաքական համակարգի, և հակառակը՝ չի կարող կենսունակ քաղաքական համակարգ գործել՝ առանց կայացած, դիմադրողունակ պետականության։
Առաջին հայացքից հակասական ու փոխբացառելի թվացող այս կապի առանձնահատկությունն այն է, սակայն, որ խելամիտ առաջնորդության դեպքում այդ կառուցակարգերը կարող են դառնալ փոխլրացնող։
Պետության ու պետականության կայացումը կարող է խթանել քաղաքական համակարգի բովանդակային զարգացումը, մյուս կողմից՝ քաղաքական համակարգի իրական գաղափարայնացումը, ծրագրայնացումն ու մրցունակությունը կարող է ամրացնել պետությունն ու պետականությունը։ Բայց Հայաստանում դա տեղի չի ունենում շատ ճղճիմ պատճառներով․ պետությունը մենաշնորհած խմբակը պետականությունն ամրացնելու նպատակադրում չունի, որովհետև դրա արդյունքում կարող է կորցնել իշխանությունը, իսկ բոլոր նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, դա անելու շահագրգռվածություն չունեն մոտավորապես նույն պատճառով, ինչ իշխանությունը։ Որովհետև բոլորին միավորում է անհագուրդ նվիրվածությունը ձևին և օրգանական ատելությունը բովանդակության նկատմամբ։
Հարություն Ավետիսյան