«Կռիվն ավելի է թեժանում. ավելի քան 90 ռազմական ինքնաթիռ է տեղափոխվել Ադրբեջան. ծանր իրադարձություններ են սպասվում». Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում վերահաստատեց նախորդ տարվա վերջին իր արած այն հայտարարությունը, որ 2023թ. կենաց-մահու կռիվ է լինելու:

«Դրա ականատեսը մենք լինում ենք՝ առայժմ ոչ ռազմական կոմպոնենտի վառ արտահայտմամբ: Մաքոքային դիվանագիտությունը, որ տեղի է ունենում Թեհրան-Անկարա հարաբերություններում, Արևմուտք-Հարավային Կովկասի երկրներ հարաբերությունները, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Իրանի՝ միջուկային զենքի պատրաստմանը շատ մոտ լինելու հանգամանքը խոսում են այն մասին, որ խաղաքարտերը խառնվում են, կռիվը ավելի է թեժանում: Այն հակաիրանական գործողությունները, որ Իսրայելը փորձում է Ադրբեջանի միջոցով իրականացնել, ավելի ակնառու են դառնում: Ավելի քան 90 ռազմական ինքնաթիռ է տեղափոխվել Ադրբեջան: Հենց այնպես ո՞ւմ դեմ պետք է այդ զինամթերքը օգտագործվի: Պարզ է, որ Իրանի միջուկային ծրագրի կասեցմանն է միտված: Իրանը փորձում է իր հերթին՝ Անկարային հետ հարաբերություններում հասնել այնպիսի մի վիճակի, որ Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանի խոսքով՝ սիոնիստական ռեժիմի մուտքը կանխի Հարավային Կովկաս: Այս ամենը խոսում է այն մասին, որ առջևում շատ դժնդակ օրեր են սպասվում, չհաշված՝ Արցախ-Հայաստան-Ադրբեջան երեք կողմերի միջև հարաբերությունների սրացումը, Ադրբեջանի ագրեսիվ և ֆաշիստական քաղաքականությունը, Արցախի արդեն 88-րդ օրվա բլոկադան, Հայաստանի նկատմամբ ճնշումների իրականացումը, Արցախում իշխանափոխության միջոցով նոր նարատիվների ճշգրտումը կամ Ադրբեջանի հետ բանակցային դաշտ մտնելուց խուսանավելու քաղաքականությունը… Այս ամենը հուշում են այն մասին, որ տարածաշրջանը վառոդի տակառի վրա է, և վայրկյան առաջ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»,- ասաց նա:

Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ Ադրբեջանը որդեգրել է նույն քաղաքականությունը, ինչ 100 տարի առաջ. «Իհարկե, այսօր թիկունքին ունենալով ՆԱՏՕ-ական Թուրքիայի նման պետություն, Ադրբեջանի գործողություններն ավելի սանձարձակ են դարձել, բայց այնպես չէ, որ իրենց գործունեությունն ամբողջությամբ տեղավորվում է «հաղթանակի» կերտման տրամաբանության մեջ, որովհետև նույն Արցախի հարցում, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության հարցում եվրոպական տարբեր երկրներում խոսվում է, իսկ Եվրոպան Ֆրանսիայի միջոցով ներկայացված է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում: Հայաստանի իշխանությունները չեն խոսում, մենք տեսանք այն խայտառակ ելույթը Գերմանիայում՝ կանցլերի հետ հանդիպմանը, հետո հայ համայնքի հետ հանդիպմանը՝ այդ խուսափողական, մանկամիտ պահվածքը, որտեղ օտար պետության կանցլերը խոսում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության իրավունքի և սկզբունքի համադրության մասին՝ այս կոնֆլիկտի կարգավորման առումով, կանցլերը հենց այնպես չէ նման հայտարարություն անում»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նկատել էր, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ SEPA-ի համաձայնագրում դա ֆիքսված է, և եվրոպական երկրները դրան են հղում անում, նա արձագանքեց. «Իհարկե, վերջին 5 տարվա ընթացքում բազմիցս կրկնել եմ, որ 2017թ. նոյեմբերի հայտնի փաստաթուղթը, որի ստորագրմանը անձամբ ես ներկա եմ եղել և տեսել եմ, թե ինչպիսի մեծ նվաճում էր հայկական դիվանագիտության համար այդ փաստաթուղթը… Նոյեմբերի 24-25-ի բանակցություններում, երբ կուլիսներում խոսում էի եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նրանք «wow» արտահայտությամբ ասում էին՝  հալալ է ձեր դիվանագետներին, որ կարողացան այդպիսի ծանր բանակցություններից հետո ԵՄ-ից պոկել այդպիսի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի՝ նաև հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Սա փաստ է, սա պատմություն է, որ այն ժամանակ մեր դիվանագիտությունը կարողացավ այդ հաջողությունն արձանագրել, և Եվրոպան այսօր չի կարող զերծ մնալ իր իսկ ընդունած որոշումներից, որքան էլ ԵՄ խորհրդի նախագահը փորձի Երևան-Բաքու բանակցությունների միջոցով այնպես լղոզել հարցը, որ Արցախը դիտվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, և փորձեն կոնֆլիկտն այդպես կարգավորել: Կոնֆլիկտը գնալու է ռեէսկալացիայի, եթե հանկարծ փորձեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հանգամանքն անտեսել: ԵՄ-ն, որքան էլ այսօր կարիք ունենա գազային ռեսուրսների և Ադրբեջանը դիտարկի տրանզիտ՝ նույն ռուսական գազի անցկացման համար, չմոռանանք, որ ԵՄ-ն մեծ ջանքեր և ռեսուրսներ ներդրել է Հարավային Կովկասում հարաբերական կայունության և բաղձալի խաղաղության կերտման համար: Այդ խաղաղաշինության գործընթացը բազմափուլ և բարդ ճանապարհ է, այնպես չէ, որ մեկ ստորագրությամբ պետք է կարգավորվի այդ ամենը»:

Արցախի անվտանգության խորհրդի նիստում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է, որ՝ կամ պետք է ընդունեք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: Դրան զուգահեռ՝ Հարությունյանն ընդգծել էր, որ եթե կան հանրության մեջ կան այնպիսի տրամադրություններ, որ պետք է ընդունել Ադրբեջանի առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել, որ ճանապարհը սխալ է, և փորձեն հանրությունում ձևավորել այդ տրամադրությունները, ու այդ ժամանակ հնարավորություն կլինի ձևավորել նոր իշխանություն երկրում, որը կընդունի Ադրբեջանի առաջարկները:

Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ պետք է բանակցել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» տրամաբանությամբ. «Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը շատ հստակ մեսիջ է հղում բոլոր այն ուժերին կամ անհատականություններին, որոնք Արցախում ունեցել են անցյալ՝ ռազմական և քաղաքական, այսօր խաղում են պաշտոնական Երևանի դաշտում. խոսքը Սամվել Բաբայանի մասին է, որը վերջերս ակտիվացել է հենց այն դաշտում, ինչի մասին խոսում է Արայիկ Հարությունյանը, որ եթե կան մարդիկ, որոնք կինտեգրվեն, կամ Դրմբոնի և Կաշենի հանքերի շահագործումը Ադրբեջանի կողմից տեսնում են, կամ՝ ինձ տվեք 100 օր, և ես խնդիրը կլուծեմ, և այլն… Առանց որևէ գնահատական տալու, կարծում եմ՝ խոսքը հենց ուղղված է Սամվել Բաբայանի ներկայացրած թևին, ուստի և՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը ներկայացնող անձին: Սամվել Բաբայանը ներկայացնում է Հայաստանի գործող իշխանությանը: Սա ոչ թե օվերտոնի պատուհան է, այլ ավելի շուտ՝ երկընտրանքի ձևավորում: Եթե ուշադիր լսեք, պատերազմից հետո Արցախի պաշտոնյաների հայտարարություններում կտեսնեք այդ կոշտ գծի ներկայացումը, որ՝ մենք մեզ չենք պատկերացնում Ադրբեջանի կազմում, ի՞նչ ինտեգրացիա: Վերջերս նորանշանակ պետնախարարը սայթաքում թույլ տվեց, բայց լավ է, որ փորձեց սրբագրել և հասկացնել, թե ինչ է նկատի ունեցել: Բոլորն էլ շատ լավ հասկանում են Արցախում, որ կարող են բանակցել, բայց ոչ Ադրբեջանի կազմում հայտնվելու նախապայմանով կամ Բաքու-պաշտոնական Երևանի նարատիվների մակարդակում ձևավորված օրակարգով: Չմոռանանք նաև Ռուբեն Վարդանյանի հեռացման պատճառը, որ այդ կոշտ մոտեցման կողմնակիցն էր: Արցախում փորձեցին քայլ անել՝ ընդառաջ գնալով Ադրբեջանի ցանկությանը, որ չի ուզում կոշտ դիրքորոշմամբ մարդու հետ բանակցել, փափուկ բանակցողը նա է, ում դիրքորոշումը մոտ կլինի պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, տվյալ դեպքում՝ Սամվել Բաբայանը: Եվ Արայիկ Հարությունյանի խնդիրը հենց դա է, որ եթե գնալու ենք ոչ Ադրբեջանի կազմում հայտնվելու ճանապարհով, պետք է պատրաստ լինենք ճնշումների, պատերազմի: Չմոռանանք, որ վերջերս նաև հայտարարվեց մոբիլիզացիայի, երիտասարդների շրջանում կամավորական խմբերի ձևավորման մասին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս