«Սա ուղղակի գժվելու բան է. 18 տարեկան երեխային կորցրած մայրը ո՞նց երջանիկ լինի». զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին
«Այն, ինչ արել են մեզ հետ «Եռաբլուրում», բնավ խոնարհում չէ, և ոչ էլ որևէ մեկին հարգանք է բերում: Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ իրենց որևէ գրառում, որևէ հայտարարություն: Խելացի մարդիկ չեն կարող հավատալ ո՛չ Նիկոլի, ո՛չ Աննայի ոչ մի բառին: Հայերի հանդեպ նրանք գործում են ոչ հայկական գործելաոճով: Բոլորս տեսնում ենք՝ այսօր Արցախն ու Հայաստանը, բանակն ինչ վիճակում են, հետևաբար՝ Փաշինյանի ասած բառերից որևէ մեկը չի համապատասխանում իրականությանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանը՝ անդրադառնալով Մարտի 8-ի առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձին:
Փաշինյանն իր ուղերձում նշել էր, թե այս տոնը մեզանում միշտ կարևոր է եղել, բայց հիմա կարևորում են առանձնակի. «Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով»:
Այսօր գրառումներ է կատարել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, թե հայ կանայք տառապյալ են, դժբախտ և չեն ուզում երջանիկ լինել. «Մենք պարտավոր ենք անվերադարձ դեն նետել վեհ ու տառապյալ հայ կնոջ կերպարը: Չափազանց թանկ է նստում այն մեզ վրա: Մենք պարտավոր ենք երջանիկ լինել և երջանկություն բերել»:
Գայանե Հակոբյանը չի հասկանում, թե ընդհանրապես որտեղի՞ց է Աննա Հակոբյանը վերցրել, թե հայ կինը չի ուզում երջանիկ լինել. «Կներեք, Աննա Հակոբյան, երջանիկ լինելու համար մորը, այս դեպքում՝ մեզ, ովքեր երեխա են լույս աշխարհ բերել, 18-20 տարի պահել, բազմաթիվ չարչարանքների միջով անցել, ու այսօր չկան այդ երեխեքը, զոհվել են, և եթե մայրը երջանիկ է իր զավակով, այսօր իր ընտանիքը կիսատ է, իր զավակը կողքին չէ, այսօր ո՞նց կարող է ինքը երջանիկ լինել: Ես անձամբ մինչև պատերազմը շատ երջանիկ եմ եղել, զբաղվել եմ իմ սիրելի գործով ու հիմա էլ եմ զբաղվում, բայց հիմա երջանիկ չեմ, որովհետև իմ տղան ինձ հետ չէ: Իմ նման ծնողները, ովքեր իմ պես են ընկալում այս ամենը, չեն կարող երջանիկ լինել, որովհետև իրենց տղան, իրենց կյանքը իրենց հետ չէ: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է այդ ամենը: Եթե այսպես են սկսել, բնականաբար, դա ոչ մի լավ ավարտ չի ունենալու: Մենք չունենք երջանկություն, մենք էլի ապրում ենք, բայց չենք կարող երջանիկ լինել: Եթե ծնողներ կան, ովքեր Աննայի ասածը ընկալում են և ուզում են երջանիկ լինել, ի սեր Աստծո, երջանիկ եղեք, բայց ես չեմ պատկերացնում, թե առանց իրենց երեխաների ինչպես են երջանիկ լինելու»:
Հերոսի մայրը նկատեց. «Աննա Հակոբյան, Դուք այն մարդը չեք, որ կարող եք խորհուրդ տալ կամ կոչեր անել: Դուք այն մարդը չեք՝ ո՛չ Ձեր հոգեվիճակով, ո՛չ կարգավիճակով, ո՛չ Ձեր արած գործերով: Դուք, ընդհանրապես, կարո՞ղ եք զգալ, թե մայրը ինչ է զգում՝ իր 18 տարեկան երեխուն որ դրել է հողի տակ, գա՝ երջանիկ լինի՞ ձեր հետ: Ես ուղղակի չեմ պատկերացնում, սա գժվելու բան է ուղղակի, իր ասած որևէ բառի նպատակը չեմ կարողանում հասկանալ, նա ուղղակի մեզ ծաղրում է»:
Աննա Հակոբյանը գրել էր, որ երբ հայ կինն իր սերն ու հոգատարությունն ուղղում է միմիայն իր ընտանիքի անդամներին, երեխաներին, ամուսնուն, սկեսուր-սկեսրայրին, մի ինչ-որ պահից սկսած այդ սերն ու հոգատարությունը փոխում են իրենց բնույթը, որովհետև երեխաները մեծանում են, մեծերը մահանում են, ամուսինը՝ միշտ աշխատանքի մեջ. «Արդյունքում՝ միմիայն ընտանիքին «ծառայող» հայ կնոջ սրտում սերը ոչ միայն չի աճում, այլև ի վերջո ինչ-որ պահից սկսում է ցամաքել ու կամ մահանում է, կամ նեխում-մնում այդ կնոջ սրտի մեջ՝ երբեմնի գեղեցիկ ու թռվռան աղջնակին վերածելով դժբախտ ու չարացած արարածի»:
Ուշագրավ էր նաև գրառման այն հատվածը, որ Աննա Հակոբյանը երջանիկ հայ կնոջ չի հանդիպել. «Չեմ հանդիպել ոչ իմ հարազատների շրջանում, ոչ հարևանների, ոչ բարեկամների, և ոչ էլ գրականության մեջ: Իմ ճանաչած կանանց մեծամասնությունը հարյուր տոկոսով համապատասխանել է այդ դարավոր բանաձևին՝ երեխա, ընտանիք, լավ կին, լավ հարս: Նրանք այդ դերը սրբորեն կատարել են, բայց դա նրանց չի երջանկացրել: Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձևից և որևէ այլ բանով էլ զբաղվել, գուցե և մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում էլ միջավայրը նրանց դա թույլ չի տվել. նրանց պիտակավորել են, անվանարկել»:
Գայանե Հակոբյանը նկատեց՝ այս տողերը նման են Նիկոլ Փաշինյանի կողմից գրված գրքի մոտիվներին. «Գիտե՞ք՝ մենք ոչ մեկի վատը չենք ցանկանում, որ զգան այն ցավը, ինչ մենք ենք զգում, բայց ի սրտե իրեն ցանկանում եմ, որ… Ոնց գրել է, այդ ամենն իր գլխով անցնի ու այդ ամենից ինքը պատվով դուրս գա, այդ ժամանակ նոր կլսեմ իր ասածը, նույնիսկ պատրաստ եմ դեմ-դիմաց իր հետ նստել ու իր հարցերին պատասխանել: Աննա Հակոբյանը շատ բան կարող է խոսել, ինքն այն հայ կնոջ կերպարին չի համապատասխանում, որը իրականությունում կարող է լինել: Ես իմ անունից կարող եմ խոսել և կարող եմ խոսել այն ծնողների անունից, ում հետ հիմա շփվում եմ՝ բոլորն էլ երջանիկ եղել են, մենք ամեն օր դրա մասին ենք խոսում ու երանի ենք տալիս էն երջանիկ օրերին, տարիներին, որոնք ունեցել ենք: Երջանիկ ենք եղել մեր տղերքով, մեր ընտանիքի բոլոր անդամներով, իսկ հիմա ուղղակի չենք կարող երջանիկ լինել, որովհետև մեր տղերքը մեզ հետ չեն»:
Զոհվածի ծնողը դիմեց նաև այն ծնողներին, որոնց զավակները զոհվել են, բայց նրանք մասնակցում են Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառումներին. «Ուղղակի մի արեք, Աննայի և Նիկոլի հետ նման բաներ մի արեք, որովհետև ինքն է ձեր տղային սպանել: Եթե հիմա չհասկանաք, հետագայում հաստատ հասկանալու եք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում