
«Ժպիտով եմ հիշում իր արածները. այնքան երջանիկ էինք». Լուսինե Բաղդասարյան

Այս օրերին համացանցում հայտնվել էր պատերազմի մասին պատմող ամենալուռ ու ամենախոսուն դրվագը. լուսանկար, որտեղ Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Արկադի Բաղդասարյանի այրին էր՝ Լուսինեն, ամուսնու համազգեստի ու երեխաների հետ:
168.am-ը Կանանց տոնին զրուցել է հերոսի կնոջ հետ նրա երազանքների, լուսանկարի ստեղծման պատմության մասին:
«Սկզբում, երբ դեռ երեխա չունեինք, մեծ փափուկ խաղալիքներ էր նվիրում։ Հետո, երբ մեր առաջնեկը ծնվեց, հատուկ հետս վիճում էր ու տնից գնում՝ հետո ծաղիկներով տուն էր գալիս,- տոնական այս օրը ամուսնու մասին է հիշում Լուսինե Բաղդասարյանը, ապա հավելում, – Ժպիտով եմ հիշում իր արածները. այնքան երջանիկ էինք»:
Համացանցում տարածվող լուսանկարը Լուսինեի գաղափարն է. դստեր ծննդյան օրվա առթիվ ընտանեկան լուսանկարը չէր կարող կիսատ լինել, առանց Արկադիի:
«Գաղափարն իմն էր, լուսանկարիչը Գենադի Մուսայելյանն էր: Երբ աղջկաս ծննդյան օրը եկավ, գիտեր, որ պետք է տանեմ լուսանկարվելու, ասում էր՝ շատ եմ ուզում, որ այսօր պապան գա: Այսպես հիշեցինք նրան:
Աղջիկս շատ է հիշում հայրիկին, իսկ տղաս, որ անգամ չի տեսել նրան, երբ իր մոտ կանչում են՝ «պապա», ասում է՝ ես էլ եմ ուզում իմ պապային տեսնեմ:
Տղաս ծնվել է, ինքը նկարով է երեխային տեսել, քանի որ պատերազմում էր»,- պատմում է հերոսի կինը:
Այսօր շրջափակված Արցախում նա երազում է խաղաղության մասին, որ փոքրիկ հողակտորում կարողանա իր երեխաներին մեծացնել:
«Բոլորս պարտավոր ենք ինքներս մեր մեջ ուժ գտնել, որպեսզի նվաճենք մեր հողում ապրելու իրավունքը»,- նշեց Լուսինեն:
Արկադի Բաղդասարյանը ծնվել է 1995 թվականի հունվարի 17-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում, զինվորականի ընտանիքում: 2000-2009թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: 2009 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնում (քոլեջում): 2012 թվականին ավարտելով ուսումը՝ ստացել է ճարտարագետի որակավորում: 2013-2015 թթ. ժամկետային ծառայության է անցել Եղնիկներում: 2015թ. հունվարին տեղափոխվել է N զորամաս, որպես գնդացրորդ: 2016 թվականից պայմանագրային ծառայության է անցել ՊԲ տանկային գումարտակում, որպես բժշկական կետի վարորդ-սանիտար ռադիոհեռախոսավար: Մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին:
Մասնակցել է 2020թ. 44-օրյա պատերազմին: Եղել է կռվի ամենաթեժ կետերում: Պայքարել է թշնամու դեմ, հարյուրավոր վիրավորների է հանել մարտի դաշտից, հասցրել նրանց մոտակա հիվանդանոց:
Նոյեմբերի 8-ին Շուշիում հակառակորդը շրջափակման մեջ է վերցնում Արկադի Բաղդասարյանի և բուժակի մեքենան. անհավասար մարտում նրանք զոհվում են: Արկադի Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։