Մոսկվայում հասկանում են՝ Արցախից կարող է սկսվել Հարավային Կովկասից ՌԴ-ի վերջնական դուրսմղումը

Արցախյան հիմնահարցի շուրջ աշխարհաքաղաքական իրադարձություններն օրեցօր արագանում են: Եվ չնայած Ադրբեջանն անցնում է ուժային ճնշումների ու վերջնագրային հռետորաբանության Արցախի հանդեպ, Արևմուտքը, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները՝ Լուիս Բոնոն, Բրիս Ռոքֆոյը, որոնք ռեգիոնում են, կոչ են անում Երևանին ու Բաքվին ակտիվացնել բանակցությունները հանուն ռեգիոնալ խաղաղության:

Ռեգիոնում է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը:

Զուգահեռաբար՝ թե Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ՌԴ-ն անդրադարձել են մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, որոնցից միայն Ռուսաստանն է արել հասցեական դիտարկում իրավիճակի վերաբերյալ:  «Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի «Խայփալու» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության զինվորականների կողմից Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցներով ավտոմեքենայի գնդակոծման հանգամանքով պայմանավորված՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,- ասված էր ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Իսկ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ հետևում են մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց։

Կարդացեք նաև

«Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին»,- երեկ ճեպազրույցում հայտարարել էր Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ շարունակելով, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ:

Ըստ Պետդեպարտամենտի՝ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները, տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ «ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է»:

«Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- նշել էր Նեդ Փրայսը։ Նախօրեին էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանն առաջարկում է կամ ինտեգրացիա, կամ կտրուկ քայլեր:

168.am-ի մոսկովյան մերձդիվանագիտական տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի դիվանագիտական շրջանակները հասկանում են իրավիճակի  աղետալի ռիսկերը Հարավային Կովկասում ՌԴ ներկայության համար՝ կանխատեսելով նույնիսկ, որ ԼՂ-ից ռուս խաղաղապահների հեռացումով կարող է սկսվել կամ պարզապես ավարտվել Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու գործընթացը, որն էլ Արևմուտքն իր ճնշումներով ու ակտիվ քաղաքականությամբ ներկայումս առաջ է մղում:

Ուստի, ըստ մեզ հասած տեղեկությունների, կա գիտակցում, որ հանուն Արցախի պետք է պայքարել, բայց այդ պայքարի հնարավորությունները Մոսկվայի համար նեղացել են, քանի որ ներկայումս կա նաև ընկալում, որ ՌԴ չեզոքությունը չի ընկալվում, սակայն հակառակի հնարավորությունները ևս քիչ են:

Ավելին, մեր աղբյուրների համաձայն, ՌԴ-ն որոշ մշակումներ իրականացնում է այս ուղղությամբ, սակայն ներկայումս կողմերի՝ թե Երևանի՝ առավելապես, և թե Բաքվի դիրքորոշումները խոչընդոտում են, որպեսզի դրանք հաջողությամբ պսակվեն: Իհարկե, այս դեպքում նաև բացառիկ տեղեկություններ հարկավոր չեն. հայտնի է, որ դեկտեմբեր ամսից ՌԴ ԱԳՆ-ն կողմերին առաջարկում է հանդիպում, սակայն այն չի հաջողվում Երևանի մերժման պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս