«Էդմոն Մարուքյանն ասում է այն, ինչն իրեն թելադրում են. Արցախը նախկինում բեռ չէր նրա համար». Աննա Կոստանյան
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում կրակ է արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից: Ադրեջանական դիվերսիոն խմբի գործողությունների վերաբերյալ գրառում է կատարել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ իր թվիթերյան էջում արձանագրելով՝ «Ադրբեջանի երեկվա դիվերսիոն հարձակումը վերջին նորությունը չէ: Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին: Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում, երբ պատրաստվում է նոր սադրիչ հարձակումների: Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Ադրբեջանի սադրիչ գործողություններին և Հայաստանից դրանց տրվող պատասխաններին, Էդմոն Մարուքյանի նախկին թիմակից, նախկին պատգամավոր, «Համախմբում» շարժման Խորհրդի անդամ Աննա Կոստանյանն՝ ընդգծեց՝ միջազգային հանրությունից խնդրի լուծում պահանջելով՝ Հայաստանի իշխանությունը ևս մեկ անգամ փաստում է՝ ամբողջ Արցախից իր ձեռքերը լվացել է, մոռանալով ինքնորոշման իրավունքի իրացման մասին։
Դիտարկմանը, թե Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պահանջը Հայաստանի կողմից Էդմոն Մարուքյանը համարում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ ներկայացնելու միտված գործընթաց, Աննա Կոստանյանն արձագանքեց.
«Էդմոն Մարուքյանն այսօր հանդիսանում է այսօրվա դե ֆակտո իշխանության քաղաքականության կրողն ու այն առաջ տանողը։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը հղում անելուն, ապա, այդ նախընտրական ծրագիրը գրելիս որոշ աշխատանքների ես էլ եմ մասնակցել, և այդ կուսակցական ծրագիրը կարող է Էդմոն Մարուքյանի համար այսօրվա իրավիճակում չտեղավորվել։ Ինձ համար սա անընդունելի է, որովհետև քաղաքական գործչին գնահատական տալիս, քաղաքացին պետք է գնահատական տա տվյալ քաղաքական գործչի ավելի վաղ արած հայտարարություններին և այս պահին արած հայտարարություններին ու քայլերին, որպեսզի հասկանա՝ տվյալ քաղաքական գործչին ձայն տա՞, թե՞ ոչ։ Այստեղ կարևոր է, որ տվյալ քաղաքական գործիչը կարողանա տրամաբանորեն իր նախկին արած հայտարարությունների վերաբերյալ ինքն իրեն գնահատականներ տալ՝ անկախ ամեն ինչից»,- ասաց Կոստանյանը։
Ըստ նրա՝ հիմա Էդմոն Մարուքյանը չի կարող կամայական որևէ հայտարարություն անել, ավելին, ստիպված է Արցախի վերաբերյալ ասել այն, ինչն իրեն պարտադրվում է։
«Ուզած-չուզած, ինքն ասում է այն, ինչն իրեն թելադրում են… Նախկինում Էդմոն Մարուքյանի համար Արցախը բեռ չէր։ Ինձ համար զարմանալի է հռետորաբանության նման փոփոխությունը»,- ասաց նախկին պատգամավորը։
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը, որը հայտարարում է, թե Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում պահանջելը կնշանակի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ, պատերազմից հետո՝ 2021 թվականին, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր մի ծրագրով, որտեղ Արցախի վերաբերյալ գրված է.
«Պետք է իրականացնել Արցախի Հանրապետության և նրա բնակչության անվտանգության երաշխավորմանն ուղղված հայեցակարգի հստակեցում և գործողությունների իրականացում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված հստակ մարտավարություն։ Արցախյան հիմնահարցի լուծումը մեկն է՝ 1990թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի կենսագործումը, այն է՝ Արցախն՝ ինքնորոշման հիման վրա ՄԻԱՆՈՒՄ է Մայր Հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։