Բաժիններ՝

Բրիտանական խորհուրդն անցկացնում է Միացյալ Թագավորության Շրջանավարտների մրցանակաբաշխությունը Հայաստանում

Բրիտանական խորհուրդը սիրով հայտարարում է «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների Շրջանավարտների մրցանակի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Այս տարի ավելի քան 100 դիմորդներից եզրափակիչ փուլ են անցել հինգ մասնակիցներ՝ իրենց նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար, որպես գործարար ոլորտի մասնագետներ, ձեռներեցներ և համայնքային առաջնորդներ։ Հաղթող մասնակիցը կհայտարարվի 2023 թվականի մարտի 3-ին։

Միջոցառմանը ներկա են գտնվելու Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

«Սովորեք ՄԹ-ում» Շրջանավարտների մրցանակը նշանավորում է Միացյալ Թագավորության բարձրագույն կրթությունը և շրջանավարտների ձեռքբերումներն ամբողջ աշխարհում։ Մրցանակն այս տարի շնորհվում է 9-րդ անգամ, և ավելի քան 100 երկրների շրջանավարտներ են մասնակցության հայտ ներկայացրել Միացյալ Թագավորության ավելի քան 140 բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Սոցիալական գործողության մրցանակ անվանակարգում եզրափակիչ փուլ են անցել այն շրջանավարտները, որոնք իրենց բացառիկ ներդրումն են ունեցել հանրային ոլորտում դրական փոփոխություններ բերելու և այլոց կյանքը բարելավելու գործում։

• Անի Գևորգյան – Լոնդոնի Քինգզ Քոլեջի շրջանավարտ

Անին Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի (NDI) ծրագրերի ավագ պատասխանատու է։ Աշխատում է կանանց հզորացման ծրագրերի վրա՝ հօգուտ Հայաստանի դիմակայունության և ժողովրդավարության։ Անիի աշխատանքը գործուն նշանակություն ունի գենդերային հավասարության խթանման գործում առաջնորդության ոլորտում իրենց ճանապարհը սկսող կանանց համար ոչ ֆորմալ կրթության և կապերի հաստատման հնարավորությունների միջոցով։

• Աննա Նիկողոսյան – Մանչեսթրի համալսարանի շրջանավարտ

Աննան Կանանց իրավունքների պաշտպանների միջազգային կոալիցիայի հաջորդ գործադիր համակարգողն է և Հարավային Կովկասում առաջին ֆեմինիստական գրադարանի՝ ՖեմԳրադարանի համահիմնադիրը։ Աննայի համայնքային կազմակերպման ջանքերը հիմնարար նշանակություն են ունեցել Հայաստանում ֆեմինիստական խոսույթի ձևավորման և ինտերսեկցիոնալ ֆեմինիստական շարժումների տարածման գործում:

• Արթուր Խալաթյան – Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտ

Արթուր Խալաթյանը Տեղեկատվական համակարգերի նախագծման և կրթության կառավարման փորձագետ է՝ համապետական կրթական բարեփոխումների ծրագրերի իրականացման հաջողված փորձով։ Օրինակելի դպրոցների կառավարում, Մեծ Բրիտանիայի համալսարանների հետ համագործակցությամբ կրթական գերազանցության ազգային ծրագրի ղեկավարում, ՏՀՏ ազգային ուսումնական պլանի ձևավորում և STEM կրթության խթանման ծրագրերի իրականացում. այս ամենը և ավելին իրագործելու համար Արթուրն օգտագործել է իր գիտելիքներն ու մեթոդական մոտեցումները՝ կայուն բարելավման հասնելու համար։

• Էդիթ Սողոմոնյան – Լոնդոնի համալսարանի շրջանավարտ

Էդիթ Սողոմոնյանը ուսումնառության խորհրդատու է, ում առաքելությունն է հանդես գալ որպես ցկյանս ուսուցման և մեծահասակների կրթության ջատագով և կապող օղակ Հայաստանում: Էդիթի աշխատանքը նպաստել է ցկյանս ուսուցման տարածմանը։ Նրա ուսումնասիրություններն ու մեթոդաբանական ուղեցույցները կիրառվում են Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի 200-ից ավելի համալսարաններում։

• Տաթևիկ Խուդինյան– Լոնդոնի համալսարանական քոլեջի շրջանավարտ

Տաթևիկ Խուդինյանն աշխատել է հումանիտար ոլորտում, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակում, Պարենի համաշխարհային ծրագրում և այլ հասարակական կազմակերպություններում։ Չնայած ընթացող հակամարտությանը՝ երեք ամիս առաջ Տաթևիկը տեղափոխվել է Ուկրաինա՝ Էստոնիայի փախստականների խորհրդի գրասենյակը Կիևում հիմնելու համար։ Այժմ նա ղեկավարում է Ուկրաինայում պարենային անվտանգության ծրագիրը։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել այստեղ.

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Բրիտականան խորհրդի հայաստանյան մասնաճյուղի Ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանի հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս