«Հակաիրանական քաղաքականության տիրույթում Ադրբեջանն անգնահատելի գործընկեր է Իսրայելի համար. Ադրբեջանի տարածքը մշտապես կծառայի Իսրայելին». Արմեն Պետրոսյան
ԱՄՆ կոնգրեսմեն Էլիոթ Էնգելիի խոսքով՝ Բաքունհամաձայնել է տրամադրել իր տարածքն Իրանի դեմ հարձակման համար։
Ամերիկացի կոնգրեսմենը մասնավորապես խոսել է այն տեղեկություններից, որոնք իրեն են հասել դեռևս անցյալ տարվա ընթացքում, մասնավորապես ասելով. «Իսրայելը ծրագրում է օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ հարձակվելու Իրանի միջուկային օբյեկտների վրա, և Բաքուն համաձայնել է դրան»։
168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը խոսելով այս հայտարարության իրատեսական լինելու, դրա հնարավոր վտանգների մասին՝ ասաց, որ Ադրբեջանն Իսրայելի համար նախ կարևոր է՝ որպես մուսուլմանական երկիր, քանի որ այս երկրի արտաքին քաղաքականության մեջ շատ մեծ կարևորություն է տրվում հատկապես մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
«Այս տեսանկյունից Ադրբեջանը կարևոր երկիր է մուսուլմանական աշխարհում հակաիսրայելական այդ տրամադրվածությունները մեղմելու տեսանկյունից։ Մյուս կարևոր հանգամանքը, որը նպաստում է երկկողմ հարաբերություններին, դա, անշուշտ, Ադրբեջանի աշխարհագրական դիրքն է՝ պայմանավորված Իրանի հարևանությամբ գտնվելու իրողությամբ և, իհարկե, Իրան-Ադրբեջան հարաբերություններում եղած խորքային խնդիրներով։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ համակողմանի համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի համար։ Հատկապես հակաիրանական քաղաքականության տիրույթում Ադրբեջանն անգնահատելի գործընկեր է Իսրայելի համար։
Նաև որպես Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության աշխարհագրական արեալ, մշտապես Իսրայելի կողմից դիտարկվել է Ադրբեջանի տարածքի հնարավորությունը նման գործողություն իրականացնելու համար»,- շեշտեց Արմեն Պետրոսյանը։
Ըստ նրա, մինչև այժմ Ադրբեջանի տարածքից Իսրայելի կողմից լուրջ հակաիրանական ռազմական գործողություն տեղի չի ունեցել։ Սակայն հայտնի է, որ բավականաչափ լուրջ հետախուզական գործողություններ են իրականացվել Ադրբեջանի տարածքում, դրա օրինակները կան՝ ընդհուպ Իրանի տարածքում խոցվել է Ադրբեջանից արձակված անօդաչու թռչող սարք։ Իսրայելը կարողացել է Ադրբեջանի տարածքով դուրս բերել իրանական միջուկային օբյեկտների վերաբերյալ հսկայական ծավալի փաստաթղթեր։ Իսկ այժմ Իրան-Ադրբեջան սահմանին բավականաչափ սերտ համագործակցություն է իրականացվում իսրայելաադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ Իրանի տարածքում հետախուզական գործունեություն ծավալելու համար։
«Այս տեսանկյունից միշտ բարձր է գնահատվել Ադրբեջանի գործոնը հակաիրանական քաղաքականության համատեքստում։
Ինչ վերաբերում է բուն ռազմական գործողության հնարավորությանը, ապա դա անշուշտ կարող է լինել, եթե լինի իրական և ժամանակային առումով շահերի հստակ համադրում։ Այսինքն՝ տվյալ պարագայում կարող է Իրանի դեմ նախաձեռնվի գործողություն միաժամանակ մի քանի դերակատարների մասնակցությամբ, և Ադրբեջանն էլ ունենա հստակ ու չափելի ձեռքբերումներ այդ գործողություններից։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի հետաքրքրությունները հատկապես Իրանի հյուսիսարևմտյան թուրքախոսներով բնակեցված շրջաններին են վերաբերում։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը գնահատի, որ Իրանի դեմ լուրջ գործողություններ են իրականացվելու, ապա ինքը դրան կմասնակցի՝ իր պահանջներն ու ակնկալիքները դնելով։ Միաժամանակ պետք է ասեմ, որ Ադրբեջանը միայնակ նման արկածախնդրության չի գնա Իրանի դեմ, քանի որ դա կհրահրի Իրան-Ադրբեջան բավականաչափ լուրջ հակամարտություն, որին որքան էլ վերջին տարիներին Ադրբեջանը լավագույնս զինվել է և նախապատրաստվել տարաբնույթ պատերազմների, այդուհանդերձ Իրանն ու Ադրբեջանը ո՛չ համադրելի, ու ո՛չ էլ հավասար են, Ադրբեջանը միայնակ չի կարողանա դիմակայել Իրանի պատասխան գործողություններին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ճշտող հարցին՝ եթե իսկապես մի քանի դերակատարների մասնակցությամբ հարձակում տեղի ունենա, Իրանը ի վիճակի՞ է դիմակայելու, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ եթե լոկալ գործողություն լինի որևէ դերակատարի կողմից, անշուշտ, կկարողանա դիմակայել։
«Իրանն իր հարևաններից յուրաքանչյուրին առանձին դիմակայելու ընդունակ է, սակայն, եթե այդ գործողությունը տեղի ունենա լայն կոալիցիայի դեպքում, անշուշտ, Իրանի հնարավորությունները սահմանափակ կլինեին։ Իսկ նման կոալիցիա փաստացի առկա է, դրանում ներգրավված են Իսրայելը, Միացյալ Նահանգները, Պարսից ծոցի մի քանի արաբական երկիր և, իհարկե, Թուրքիա-Ադրբեջան դաշինքը։ Կա կոալիցիա և կան հստակ հաշվարկներ Իրանի դեմ լայնամասշտաբ հնարավոր գործողությունների, պարզապես դրա համար պետք է լինի պատեհ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ռազմակաքաղաքական իրավիճակ։ Ներկայում երևի դեռ նման իրավիճակ չի հասունացել, այդուհանդերձ նման գործողությունների դեպքում Ադրբեջանի տարածքը մշտապես կծառայի Իսրայելին»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։