Տուրօպերատորներն ու զբոսավարները փորձում են կիսել նոր հարկային բեռը
Հարկային փոփոխությունները Հայաստանի զբոսաշրջության ոլորտում նոր իրարարանցում են առաջացրել
Հարկային բեռը կիսելու հարցը տարաձայնություններ է առաջացրել տուրօպերատորների ու զբոսավարների միջև: Պատճառը Հարկային օրենսգրքի նոյեմբերի փոփոխություններն են, որոնցով սահմանվում է. միկրոբիզնեսից ապրանք կամ ծառայություն գնելով՝ մեկ այլ ձեռնարկություն չի կարող հանել այդ ծախսը եկամտահարկի իր բազայից: Խոշոր բիզնեսի համար նման գործարքները հարկվելու են 18 տոկոսով։
Եթե միկրոձեռնարկատեր համարվող զբոսավարները, որոնց տարեկան շրջանառությունը 2019 թվականին մինչև 24 միլիոն դրամ է և 2019 թվականից ազատված են գրեթե բոլոր հարկերից, փոխեն իրենց գործունեության տեսակը, և մտնեն շրջանառության հարկով հարկման դաշտ, ապա իրենք կհարկվեն 5 տոկոսով:
Զբոսաշրջության ոլորտում սա առաջին բացասական հետևանքն է ունեցել, քանի որ խոշոր տուրիստական ընկերությունները, որպես կանոն, զբոսավարների հետ կնքում են ծառայությունների մատուցման պայմանագրեր և նրանց վճարված գումարները ներառում ծախսերի մեջ, իսկ այս փոփոխություններից հետո նշում են՝ ավելի ձեռնտու է աշխատել այն միկրոձեռնարկատերերի հետ, որոնք կանցնեն շրջհարկի:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, սակայն, որ զբոսավարներն ունեն ընտրության հնարավորություն, իսկ առաջացած հակամարտություն-դիսկուրսը համարեց հարկային փոփոխության ոչ ճիշտ ընկալման հետևանք:
«Մինչև նման փոփոխությունները՝ կարելի էր քննարկումներ անցկացնել, իրազեկել, որ «հակամարտության» նման բան չառաջանար,- հավելեց Մեխակ Ապրեսյանը, ապա անդրադառնալով զբոսավարների պահանջներին՝ մանրամասնեց,- Մի քանի զբոսավարներ նշում են, թե զբոսաշրջային օպերատորները նրանց ստիպում են փոխել հարկման դաշտը, դառնալ շրջհարկ վճարող, որ իրենք չվճարեն: Այնինչ դա այդպես չէ. տուրօպերատորները նրանց չեն ստիպում, պարզապես ասում են՝ եթե դուք միկրոձեռնարկատիրության սուբեկտ եք, և ես չեմ կարողանում ձեր տված հարկային հաշվով նախատեսված այդ գումարն ինձ մոտ ծախս ճանաչել, իսկ դա ինձ համար ծախս է, ապա ես իմ չստացած եկամուտների համար հարկվելու եմ ձեր փոխարեն և այդ դեպքում ես չեմ կարող մրցունակ լինել»:
OST Travel Armenia խմբի ղեկավար, պատմաբան և զբոսավար Բագրատ Մովսեսյանն էլ հիշեցրեց. «Ընդամենը երկու տարի առաջ շատ տուրիստական գործակալությունները չէին ընդունում աշխատողներին, գիդերին՝ նրանց պարտադրելով բացել ԱՁ-ներ, որպեսզի հարկային որևէ պատասխանատվություն չընկնի իրենց վրա»:
Հարկային փոփոխությունները՝ ոլորտի թանկացումների առի՞թ
Ի դեպ, Բագրատ Մովեսյանը հավելեց, որ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ հարկային այս փոփոխություններն օգտագործում են թանկացումների հիմք ստեղծելու համար:
«Օգտվելով առիթից, որ շրջհարկը բարձրացվելու է, իբրև զբոսավարների իրավունքների պաշտպանության համար, որպեսզի նրանք չտուժեն, տուրիստականները որոշեցին բարձրացնել նաև իրենց ծառայությունների գները:
Իսկ եթե մենք համեմատում ենք տուրիստական ծառայությունների գները մեկ տարվա կտրվածքով, մինչև փետրվար արդեն իսկ նշմարելի էր գնագոյացման 20 տոկոս աճ,- պարզաբանեց նա՝ նկատելով, որ ոչ վաղ անցյալում թանկացման նմանատիպ պատճառ էր բերվում նաև դիզվառելիքի գինը,- Այսինքն՝ իբր վարորդների պատճառով, բայց երբ գներն ընկան, ոլորտի գները չիջան: Մանավանդ այն պարագայում, երբ մեծ հոսք եղավ տուրիստների, նրանք շարունակում էին բարձրացնել գները:
Ի՞նչ է ստացվում. մի կողմից՝ այո՛, ՀՀ-ն ունի իր գրավչությունը տուրիզմի ոլորտում, բայց մյուս կողմից՝ ծառայությունների թանկ գները չեն համապատասխանում Հայաստանի ստանդարտներին, գների այդքան բարձր շեմն արդարացված չէ: Իսկ գնագոյացումն ընդհանրապես չի վերահսկվում»:
Զբոսավարը ոլորտին առնչվող մեկ այլ խնդիր է համարում գիդերի լիցենզավորման գործընթացը.
«Փորձում են մտցնել գիդերի լիցենզավորում, ինչը խորքում ճիշտ գաղափար է (քանի որ դաշտում հայտնվել են մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեն ոլորտի հետ, և պետք է ֆիլտրացիա), բայց թե ում կողմից և ինչպես է լինելու այդ ֆիլտրացիան՝ պարզ չէ:
Նախագծում թերություններ կան. հարց է առաջանում՝ պատմաբանը, Տուրիզմի քոլեջ կամ ինստիտուտ ավարտածը պե՞տք է վերալիցենզավորվի, թե՞ ոչ, եթե այո, ապա՝ ո՞ւմ կողմից»,- նկատեց Բագրատ Մովսեսյանը:
Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ Զբոսաշրջության ոլորտում որոշ գործունեության տեսակների լիցենզավորումն անհրաժեշտություն է:
«Ծանուցման ենթակա գործունեության տեսակներ սահմանելն այսօր անհրաժեշտ է և՛ մրցակցային, ներդրումային գործարար միջավայրը բարելավելու առումով, որովհետև դա մեզ մոտ ցանկալի վիճակում չէ հիմա, և՛ ոլորտում ծառայությունների կայուն որակ ապահովելու տեսանկյունից, և՛, ընդհանրապես, համաշխարհային շուկայում ՀՀ իմիջի տեսանկյունից»,- մանրամասնեց նա:
Տուրիզմի ֆեդերացիայի նախագահը նշեց, որ լիցենզավորումն իրականացնելու է պետությունը՝ ի դեմս Զբոսաշրջության կոմիտեի, իսկ հանձնաժողովումներում, ըստ նրա, պետք է ներկա լինեն շահագրգիռ կողմերը՝ գործող ինստիտուցիոնալ կառույցները, ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
«Օրենքի նախագիծն այժմ շրջանառության մեջ է, կարծում եմ՝ շուտով կներկայացվի կառավարությանը: Օրենքով հիմնական պահանջներ նախատեսվում են, բայց ավելի մանրամասն՝ պայմանները, լիցենզավորման կարգերը կսահմանվեն կառավարության որոշմամբ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ պայմանների մշակման գործընթացը լինի մասնակցային, որ բոլորիս կարծիքը հաշվի առնվի»,- ամփոփեց նա: