Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան- Ադրբեջան կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ՝ այս առումով կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր հարթակներում պարբերական շփումների դերը։

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ոլորտային ուղղություններով երկկողմ օրակարգի հարցեր՝ անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:

Ընդգծվել է խորհրդարանական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև միջազգային բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։

Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման ուղղությամբ հնարավոր մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը:

Հանդիպումից հետո Սուբրամանյամ Ջայշանկարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում՝ նշելով․ «Ուրախ եմ ողջունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Քննարկել ենք մեր երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը։ Քննարկել ենք համագործակցության օրակարգի լայն շրջանակ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031