Հակոբ Արշակյանը Գանայի տեղեկատվության նախարարին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Հաշվի առնելով, որ Գանայի Հանրապետությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ երկիր է, նշել եմ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և փակել Լաչինի միջանցքը` Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ներկայացրել եմ նաև ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի վճիռը կապված Լաչինի միջանցքի հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հակոբ Արշակյանը։
Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանի շուրջ նշելով, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։
«Գանայի Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահը կարևորել է միջազգային հարթակներում հարցի քննարկումը նշելով, որ Գանան, հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հետևողականություն կդրսեւորի բարձրաձայնված հարցերի հասցեագրման կապակցությամբ։
Անդրադարձանք նաև Գանայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Քննարկվել է կիբերանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղիները: Ընդգծվել է նաև գործարար կապերի շփումների խթանումն ու խորացումը»,- հայտնել է Արշակյանը։