Կառավարությունը մերժել է ընդդիմության առաջարկները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը շարունակում է պրակտիկան, երբ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների առաջարկները չեն ընդունվում եւ մնում են թղթի վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական այս փոփոխության արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը: Ասել է թե՝ տեղական ինքնակառավարում ասվածը հօդս է ցնդելու:
Եվ, ահա, այս նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացրած է եղել 10-ից ավել առաջարկ, որոնք բոլորն էլ չեն ընդունվել, այնինչ կառավարության բոլոր առաջարկներն ընդունվել են, եւ համապատասխան փոփոխություններ են կատարվել: Յուրաքանչյուր անգամ առաջարկը չընդունելու տարբեր պատճառաբանություններ են բերվել, սակայն փաստն այն է, որ ընդդիմադիրների հետ չհամագործակցելու պրակտիկան ԱԺ-ում շարունակվում է»: