«Արցախի ժողովուրդն այդ հարվածը փաստացի իր վրա ընդունում  և պայքարում է. Հաագայի դատարանի որոշումը պետք է կապիտալիզացնենք». Արամ Հարությունյան

Արդեն 82-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Արցախի միակ ճանապարհն ապաշրջափակելու վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի ներկայացրած հայցը մասնակի բավարարելով՝ որոշում էր ընդունել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին իր ստանձնած պարտականությունների շրջանակներում ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սակայն Ադրբեջանը չի շտապում կատարել միջազգային դատարանի որոշումը։ Միջազգային իրավական համագործակցության հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն օրերս ասուլիսի ընթացքում ասել էր՝ չնայած որոշման կատարման վերաբերյալ ժամկետ նշված չէ, ինչը նշանակում է, որ այն պետք է կատարվի որոշման ընդունումից անմիջապես հետո։

Ի՞նչ անել Հաագայի դատարանի որոշումից հետո, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում այն կատարել, դիվանագիտական ու քաղաքական ի՞նչ մեխանիզմներով պետք է Ադրբեջանին ստիպեն այս որոշումը կատարել։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը մեր հարցերին պատասխանելուց առաջ նախ շնորհակալություն հայտնեց այն թիմին, որն աշխատել է և հայցով դիմել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին։

«Այս ամենը մեկ օրվա աշխատանք չէ, այլ բավականին երկարատև գործընթաց է։ Այն ժամանակավոր միջոցները, որոնք դատարանը կիրառել է, սա մեզ համար նաև փոքր դիվանագիտական հաղթանակ է։ Խնդիրն այն է, որ մենք մեր այս փոքր հաղթանակը պետք   է կապտալիզացնենք։

Կարդացեք նաև

Բնական է, որ Ադրբեջանն ի սկզբանե այնպես է դիրքավորվել, որ չի կատարելու դատարանի այս պահանջը, քանի որ նրանց արտաքին գերատեսչությունը նախ անդրադարձ կատարեց իրենց հայցին, որը մերժվել է, թռուցիկ անդրադարձավ այն որոշմանը, ըստ որի՝ իրենք պարտավորություններ ունեն, այսինքն՝ պարտավոր են ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Կրկնում եմ՝ այս փաստաթուղթը մեզ տարբեր բլոկներում հաղթանակը կապիտալիզացնելու հնարավորություններ է տալիս»,- նշեց Արամ Հարությունյանը։

Ըստ նրա, եթե մինչ այդ կար մեկ իրավական փաստաթուղթ, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, և որտեղ ամրագրված էր Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղի վարչական միավոր ձևակերպումները, ապա այս որոշումից հետո կա արդեն  երկրորդ փաստաթուղթը։

«Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այսպես ասած, միևնույն է, ամբողջ աշխարհի կողմից ընդունվում է, բայց ստորագրված է երեք երկրների միջև, ապա այդ փաստաթուղթը նաև Արևմտյան երկրներում է էլ ավելի ընկալելի։ Այսինքն՝ այս փաստաթուղթը երկրորդ բևեռից հաստատում է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք, որտեղ Ադրբեջանն ունի  այս-այս պարտավորությունները։ Մեր դիվանագիտական կորպուսը լրացուցիչ հնարավորություններ ստացավ այս առումով աշխատելու համար»,- հավելեց պատգամավորը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս ամենին զուգահեռ՝ կան իրավական գործընթացներ, որոնք կարող են օգտագործել, այսինքն՝ անհրաժեշտության դեպքում կարող են ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդին ներկայացնել, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի կայացրած որոշումը, որը պարտադիր է կատարման։

«Ադրբեջանը բոլոր տեղերում ցույց է տալիս, թե  իրենից ինչ կախված է՝  անում է, բայց սա կեղծիք է, քանի որ մենք գիտենք, որ Լաչինի միջանցքի փակելը ոչ թե քաղհասարակության նախաձեռնությունն է, այլ Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդվող ակցիաներ են։ Սրա մասին նաև պարբերաբար Ադրբեջանի նախագահը իր հրապարակային ելույթներում խոստովանել է, և մեր դիվանագիտական բլոկը նաև սա պետք է օգտագործի, որովհետև Ալիևը հայտարարում է, որ ճանապարհը միակողմանի բաց է, և ովքեր չեն ընդունում իրենց քաղաքացիությունը, կարող են գնալ, և այլն։ Այսինքն, ինքն իր ելույթներում բազմիցս ասել է, որ վերահսկողություն ունի այդ ակցիաների նկատմամբ և համակարգում է, հայտարարելով նաև, որ ակցիաները կլինեն այնքան ժամանակ, մինչև չկատարվեն իրենց պահանջները։ Սա ինքնախոստովանություն է, որը պետք է համադրել արդյունքների հետ, այսինքն՝ չկատարման հետ։ Սա ևս հեշտ աշխատանք չէ, բայց պետք է աշխատենք, որովհետև Արցախի ժողովուրդն այդ հարվածը փաստացի իր վրա ընդունում  և պայքարում է, ուստի գործիքակազմ ունեցող բոլոր մարմինները պետք է աշխատեն, որպեսզի շուտափույթ  կապիտալիզացնենք այս փաստաթուղթը»,- եզրափակեց Արամ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս