Սյունիքը գեոպոլիտիկ մեծ խաղացողների ուշադրության առանցքում է. Շիրազ Խաչատրյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողները՝ Ֆինլանդիայից Կիմմո Կիլյունենը և Շվեդիայից Բորիանա Օբերգը, Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ իրավիճակը գնահատելու համար փետրվարի 17-19-ը կատարած այցից հետո հայտարարություն էին տարածել, որտեղ ողջունելով սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը և նշելով նախորդ առաքելության զգալի շոշափելի ազդեցությունը լարվածության նվազեցման գործում, կոչ էին արել Հայաստանին և Ադրբեջանին՝ առաջ մղել սահմանների սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ:

Ինչպե՞ս է սա հնարավոր, երբ Ադրբեջանը 2021-2022 թվականներին օկուպացրել է ՀՀ-ից ավելի քան 140 քկմ տարածք և ամրացել այդ տեղերում: Մյուս կողմից, 2022 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, թե Երասխից հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկ են արել Ադրբեջանին և սպասում են նրանց արձագանքին:

«Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել էր Փաշինյանը:

Այս կամ այլ ուղղությամբ հայելային ետքաշման շուրջ և՝ ոչ միայն, 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

Կարդացեք նաև

– Նախ վստահություն չկա, որ ադրբեջանական կողմը կարող է պայմանները կատարել, դրա վառ ապացույցը Արցախի Փառուխում ստեղծված իրավիճակն էր, երբ Փաշինյանի առաջարկած զորքերի հայելային ետքաշման գաղափարի պարագայում ադրբեջանցիները միանգամից գրավեցին Քարագլուխը և հարակից տարածքները։ Երկրորդ, ադրբեջանական զորքերը օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքից ավելի քան 140 քկմ, ո՞րն է սահմանը, ի՞նչ է նշանակում սահմանից հայելային ետքաշում։ Լավ, ենթադրենք՝ ներկայիս շփման գիծն է համարվում սահման, դրանից էլ ավելի ետքաշումը կատարվելու է դարձյալ մեր տարածքների, հողերի հաշվին։

Եթե երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի պատկերացնում սահմանագիծը, բնակավայրերի ու սահմանամերձ համայնքներին պատկանող տարածքների առանձնահատկությունները, ավելի լավ է չխոսի դրա մասին ու նմանատիպ առաջարկներ ոչ միայն չբարձրաձայնի, այլև չփոխանցի եվրապացի գործընկերներին։

Հայելային ետքաշման պարագայում տասնյակ-հազարավոր հեկտար հողատարածքներ մնում են, այսպես կոչված՝ չեզոք գոտում, որոնք օգտագործվում են՝ որպես արոտավայրեր, ցանքատարածություններ, էլ չեմ խոսում տարբեր ենթակառուցվածքների մասին։ Կամ ո՞նց եք պատկերացնում, ինչպե՞ս են զորքերի հայելային ետքաշում իրականացնելու, օրինակ, Արավուս գյուղում, Խնածախում, նույն Երասխում, կամ Ներքին Հանդում ու Կապանում։ Մտնելու են բնակավայրե՞ր, զո՞րքն են դուրս բերելու, ի՞նչ են առաջարկում, ես չեմ հասկանում։

Եվրոպացի գործընկերների պատճառաբանությունն այն է, որ հայելային ետքաշումը վստահության ամրապնդման քայլ է, բայց ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական շփման գծի այդ հատվածներում հենց դրա համար է, որ մոնիտորինգ արվի սահմանային այդ հատվածները, նաև սահմանամերձ բնակիչների ֆիզիկական, առողջական անվտանգությունը ապահովեն։ Բայց մինչև հիմա պարզ չէ՝ ինչ լիազորություններ ունեն, ինչ տեխնիկական միջոցներով են զինվելու առաքելության անդամները, ինչպես են այդքան քիչ ռեսուրսներով դիտորդները պարեկություն անելու Հայաստանի ողջ տարածքում:

– Ի դեպ, ժամանակին, երբ խոսք էր լինում նախիջևանյան թևում լարվածության, մարտական գործողությունների մասին, առաջ էր գալիս ռուսական, թուրքական գործոնի պահը, ռուս-թուրքական հարաբերությունների, ռուսական դիմադրության և այլն՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն է պահում հայ-թուրքական սահմանը: Այսօրվա իրավիճակում, աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում Երասխից զորքի հնարավոր հայելային ետքաշման դեպքում կարո՞ղ ենք նույն հարցերն առաջ քաշել:

Տեսեք, երբ փետրվարի 20-ին ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվեց Հայաստանում, ՌԴ ԱԳՆ-ն միանգամից արձագանքեց դրան՝ հայտարարելով, որ ՌԴ-ն Հայաստանում այդ առաքելության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական աստառ։

Եվ իրականում այդպես է։ Գեոպոլիտիկ վերադասավորումներ են տեղի ունենում, և այդ առաքելության տեղակայումը Հայաստանում ուղղակի կարևոր նշանակություն ունի ԵՄ-ՌԴ դիմակայության պայմաններում։ Եվրոպան փորձում է նմանատիպ միջոցներով, նաև տնտեսական ներդրումներով դեռևս ամրապնդվել Հարավային Կովկասում, հետագայում ՌԴ-ին այստեղ թուլացնելու և տարիներ անց դուրս մղելու նպատակով։ Այսօր՝ դիտորդական առաքելությունը, վաղը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը, մյուս օրը՝ նոր կոմունիկացիաների կառուցումը, և կամաց-կամաց եվրոպացիները կամրապնդվեն նաև Հայաստանում։ Լավ է թե վատ, տնտեսական կամ քաղաքական ինչ օգուտ կամ վնաս կստանանք, դա չեմ քննարկում։

Պարզապես Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետերից մեկը։ Հետաքրքրական է, որ Փաշինյանը Գերմանիայում Շոլցի հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ ստեղծելու մասին։ Թե սա իր մեջ ինչ ռիսկեր է պարունակում, ենթադրել կարելի է։ Չեմ ուզում գուշակություններով զբաղվել, բայց հնարավոր ֆորսմաժորային իրավիճակի պայմաններում կարող է նաև քաղաքացիական դիտորդներին միանալ, օրինակ, ինչ-որ թվով առաքելության ռազմական կոնտինգենտ։ Էլ չեմ խոսում ՀՀ տարածքում առաքելության կողմից պարեկություն անելու և մինչև վերջ չպարզված իրենց լիազորությունների մասին։ Չպետք է ռիսկային քաղաքականություն վարել, հետևանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի համար։ Մեկ անգամ նման աղետալի պատմության դառը փորձ ունենք, երբ այս իշխանությունների անհեռատես ու անողնաշար քաղաքականության արդյունքում կանգնեցինք պատերազմի առջև։ Նոր խառնաշփոթ պետք չէ սարքել։

– Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպում-բանակցություններից ի՞նչ սպասել։ Ի դեպ, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ պետք է ոչ միայն վերահսկեն բեռնափոխադրումը Լաչինի միջանցքով, այլ կարևոր պայման պետք է լինի տեղափոխվող մարդկանց նկատմամբ վերահսկողությունը, և ստուգվեն նրանց գործողությունները, վերաբերմունքը ադրբեջանական օրենսդրության համաձայն ու նկատմամբ: Ըստ այդմ՝ որոշել նրանց ադրբեջանական սև ցուցակում հայտնվել-չհայտնվելու հարցը: Իրականությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարարն արտահայտում է Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը, կամ հետևում են նրա խորհրդին:

– Այստեղ խնդիրն այն է, որ ինչքան էլ հայաստանյան իշխանությունները, նաև Արցախի իշխանությունը մեզ համոզում են, որ այդ հանդիպումներով նրանք հումանիտար, նաև ընթացիկ հարցերը կարգավորելու խնդիր են լուծում, ակնհայտ է, որ գործում են ադրբեջանական ցանկությունների, պայմանների շրջանակներում։ Ցավոք սրտի, ադրբեջանցիների հետ համագործակցության դաշտ է բացվել, արդեն պայմանավորվածություններ կան Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանցիների կողմից ստուգումներ անցկացնելու վերաբերյալ, հետագայում այդպիսի մոնիտորինգային խմբեր կարող են նաև այլ ոլորտներում ներգրավվել:

Այսինքն, ադրբեջանցիներն ինչ ուզում են, ինչ օրակարգ առաջ քաշում են, այդ ուղությամբ շարժվում են երկու կողմերն էլ։ Ադրբեջանցիների քայլերն արդեն ակնհայտ են շատերի համար, պլան մաքսիմում են դնում իրենց առջև, պլան մինիմումին հասնում են և ընթացքում շարունակական ձևով ավելացնում պահանջները։ Եթե հիմա էլ ուզում են պայման դնել, որ ոչ միայն բեռները և մեքենաները պիտի ստուգել, այլ նաև մարդկանց ելումուտը վերահսկել, ուրեմն կհավաքվեն, այսպես կոչված, Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները, իբր կոնսենսուսի կգան, մարդիկ ժամանակավոր առանց ելումուտի կգնան-կգան, ադրբեջանցիները միջանցքում ռենտգեն սարքի տեղակայման հարցը կլուծեն, դրանից հետո այլ պահանջներ կառաջադրեն։ Ցավոք սրտի, մենք էլ շարժվում ենք ադրբեջանական խաղի կանոններով և այսպիսի գործելաոճով անընդհատ զիջելու ենք։

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը խոսում է Արցախի սեփական պաշտպանությունն ունենալու անհրաժեշտության մասին, դա որքանո՞վ է հնարավոր այսօրվա պայմաններում, երբ ՊԲ-ին այս տեմպերով լավ ճակատագիր չի սպասվում, կամ՝ առնվազն հայտնի չէ՝ ինչ է սպասվում:

– Մեկ-մեկ տպավորություն եմ ստանում, որ վերջին պատերազմի ժամանակ մենք հաղթանակած կողմ ենք եղել և կրկին պայմաններ ենք թելադրում։ Կամ թեկուզ պարտվածի կարգավիճակով, բայց մեր «հնարամտությամբ» մոլորեցնում ենք ադրբեջանցիներին։ Ադրբեջանական պայմաններից մեկը ՊԲ ամբողջական կազմալուծման հարցն է, նրանք ետ չեն կանգնել իրենց պայմաններից։ Ու զավեշտն այն է, որ հիշյալ անձը մի կողմից Ադրբեջանի հետ համագործակցության առաջարկ է անում՝ ապահովելով ադրբեջանական քաղաքականության իրականացումն Արցախում, մյուս կողմից՝ պոպուլիզմի մեծ դոզա ներարկում դեռևս իրեն հավատացողների շրջանակներում։ Իսկ իրականում ՀՀ իշխանությունների գիտությամբ, Արցախում դերակատարներ են հայտնվել, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով Արցախը տանում են ադրբեջանացման ճանապարհով։ Իսկ ադրբեջանցիների պատկերացումներում և պահանջների մեջ չկա Պաշտպանության բանակ, արցախցիներին պաշտպանող զինված ուժեր։

– Իսկ ՀՀ ԶՈւ-երում և դրա շուրջ ի՞նչ զարգացումներ սպասել՝ ռազմական, քաղաքական և այլն։

– Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում մեծ տերությունների հակադրություններն ավելի են սրվում, չկա գեոպոլիտիկ խաղացողների կոնսենսուս, իրավիճակը գնալով բարդանալու է, և այս տարածաշրջանում խաղաղության մասին անիմաստ է դեռևս խոսելը։ Չեմ ասում, որ վաղը պատերազմ է լինելու, սակայն աշխարհաքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում, գուցե միառժամանակ երերուն և խաղաղ դադար է այստեղ, այդ ժամանակը պետք է օգտագործել զինված ուժերում իրական բարեփոխումներ իրականացնելու, այն մարտունակ դարձնելու և խնդիրներ լուծելու համար։ Այդ ուղղությամբ հսկայական անելիքներ կան, իսկ ժամանակ, ցավոք սրտի, քիչ: Ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ընթացքով պայմանավորված՝ ցանկացած պահի այստեղ կարող է իրավիճակ փոխվել, և ցանկացած իրավիճակի պետք է պատրաստ լինել։

– Ենթադրենք, ՀՀ-ում իշխանություն է փոխվում, ռազմական, դիրքային տեսանկյունից ի՞նչ առավելություն կա, որը կարող ենք օգտագործել, եթե կա:

– Շատ բան է փոխվելու։ Այս մարդիկ եկած օրվանից պառակտում են հասարակությունը, պարտություն են քարոզում, իրենց համար նվաստ լինելը, պարտված լինելը հոգեվիճակ է։ Իրենք մտել են մի գործընթացի մեջ ու չեն պատկերացնում թուրք-ադրբեջանական սպառնալիքի ողբերգական բնույթը, որևէ բանով չեն հակազդում, որովհետև կամք ու գիտակցում չունեն դրա համար։ Եթե վախենաս, պայքարից անընդհատ փախչես, միշտ բավարարես թշնամու ախորժակը, ապա անընդհատ զիջելու ես։ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանում ու Արցախում պետք է տեսնեն ուժ, վճռականություն, իսկ դա հնարավոր է այլ իշխանություն ունենալու պարագայում։ Այդ ժամանակ զինված ուժերում և՛ նորմալ կադրային փոփոխություններ կլինեն, և՛ իրական բարեփոխումներ, և՛ ըստ նպատակի զենք-զինամթերք-սպառազինություն ձեռք կբերվի, և՛ սահմանի կահավորվածությանն ու ենթակառուցվածքների ավելացմանը մեծ ուշադրություն կդարձվի, ու այդպես շարունակ։ Չեմ պատկերացնում, որ սրանցից ավելի վատ իշխանություն կարող է լինել, որ շանսերը չօգտագործեն, ու մնանք կոտրված տաշտակի առաջ։

Ադրբեջանի բանակն այսօր ի՞նչ խնդիրներ ունի, եթե վերցնենք միայն Ադրբեջանի զինուժը։

– Տեսեք, 44-օրյա պատերազմից հետո մեր զինված ուժերը ահռելի կորուստներ ունեցավ, բայց նույնը նաև թշնամու մասին կարելի է ասել։ Ճիշտ է՝ մեր կորուստները շատ ցավալի էին, ամենամարտունակ շատ ստորաբաժանումների անձնակազմեր դեռևս մարտի մեջ չմտած՝ հիմնականում անօդաչուների հարվածներից զոհվեցին, մնացյալ մասով էլ չեմ ուզում խոսել, թե մարտական գործողությունների ընթացքում ինչ տեղի ունեցավ, նույն պատկերն էր նաև ադրբեջանական զինված ուժերում։ Իրենց տարբեր ստորաբաժանումները, այդ թվում՝ հատուկ ստորաբաժանումները, հսկայական կորուստներ կրեցին, չհաշված տեխնիկայի և սպառազինության կորուստները։ Թե պատերազմից հետո կողմերից յուրաքանչյուրը ինչ չափով է վերականգնվում, դա արդեն այլ հարց է։ Ի տարբերություն մեզ, ադրբեջանական կողմը ձգտում է հնարավորինս արագ վերականգնվել, Թուրքիայի և այլ երկրների հետ կնքվում են տասնյակ ռազմական նոր պայմանագրեր, ադրբեջանական բանակում «թուրքական մոդելի» ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները շատ արագ ընթացք են ստացել և հաստիքային կառուցվածքով, համակարգումով, կառավարման ձևերով, բոլորը փոխվել են։ Պատերազմից հետո ոչ միայն արագ ձևով կառուցվում են տասնյակ ենթակառուցվածքներ, զորամասեր, նաև առանձին «Կոմանդո զորամասեր» են բացվում, որի անձնակազմը վերջին սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցավ։

Ադրբեջանցիներն իրենց զինծառայողներին մշտապես ուղարկում են Թուրքիա և այլ երկրներ դասընթացների, պատերազմից հետո կազմակերպել և իրականացրել են տասնյակ զորավարժություններ, աշխատում են իրենց ռազմական կարողությունների, մարտունակության բարձրացման ուղղությամբ։

44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ-ն փաստացի ղեկավարած թուրք գեներալը՝ Բախտիար Էրսայը, Զաքիր Հասանովի խորհրդականն է, և այլն։

Տեխնիկապես ևս վերազինվում են, այնպես չէ, որ կարգապահությունը տեղում է, միայն բաց աղբյուրներից պարզ է դառնում, որ իրենց զինված ուժերում բազմաթիվ ոչ կանոնադրային դեպքեր կան, ինքնասպանություններ և այլն։ Այնտեղ ևս կաշառակերության համար կան բազմաթիվ ձերբակալություններ, կոռուպցիայի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, բայց դա ամեն պետության զինված ուժերում էլ կա։

Սակայն փաստ է՝ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում հարցերի լուծման ճանապարհը տեսնել ուժային տարբերակով, դրա համար էլ նրանք ինտենսիվ վերականգնման և վերազինման փուլում են։

44-օրյա պատերազմի մասին խոսեցինք, տպավորություն է, որ 2020 թվականի պատերազմի թեման իշխանությունները նորից ցանկանում են ակտիվացնել, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն օրերս հրավիրվել է հանձնաժողով։ Ի դեպ, պատերազմի ժամանակ նա պատասխանատու էր օպերատիվ կառավարման համար։ Բացի այս, մամուլում տեղեկություններ կան, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամները կգնան «ԿԳԲ-ի պադվալ»՝ լսելու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, իհարկե, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին լսելուց հետո: Այս համատեքստում ի՞նչ սպասել։

– Եվ թեման որքա՞ն պետք է ակտիվացնեն։ Ո՞ւր կամ ո՞ւմ պետք է հասնեն։ 44-օրյայի պարտության պատճառներն իրականում հասնում են մինչև գերագույն գլխավոր հրամանատար, այսինքն՝ մինչև Փաշինյան։ Հաստատ առաջին մարդը չեմ, ով կասի, որ հանձնաժողովը չի կարող օբյեկտիվորեն քննել 44-օրյա պատերազմի հանգամանքները։

Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրողները հիմնականում այն մարդիկ են, որոնք նաև ղեկավարել են Ապրիլյան քննիչ հանձնաժողովը, և, օրինակ, հանձնաժողովով քառօրյայի ընթացքում զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Արտակ Դավթյանին մի շարք դրվագներով հանրայնորեն մեղադրել են, հետո նշանակել են ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, նույնը՝ Արշակ Կարապետյանի մասով, և այլն։

Եթե նույն սկզբունքներով պետք է նաև այս քննիչ հանձնաժողովն աշխատի, այսինքն՝ ինքնանպատակ ձևով, ցածր ու միջին օղակի բազմաթիվ զինվորական և սպայական անձնակազմից մարդկանց մեղադրեն, նաև՝ շղթան ավելի բարձրացնեն այս առումով, բայց քաղաքական պաշտոնյաների չհասնեն, գլխավոր պատասխանատուները չպատժվեն, ապա ուղղակի անիմաստ է խոսել դրա մասին ընդհանրապես։ Հնարավոր է՝ լինեն իրավիճակներ, երբ հատկապես արտաքին քաղաքական բարդ իրավիճակներով պայմանավորված՝ թեման շեղելու, այլ օրակարգ թելադրելու համար, բարձր սպայական օղակի ինչ-որ զինվորականի մեղադրանք առաջադրեն (Դավիթ Տոնոյանի «անպիտան հրթիռների» գործն էլ պատերազմի կառավարման հետ կապ չունի), բայց քանի դեռ գործը մինչև Փաշինյան չի հասել, ոչինչ սպասել պետք չէ։ Պետք են այլ իշխանություններ, որպեսզի այդ աղետալի պատերազմի գլխավոր պատասխանատուներին քրեական գործերով անցկացնեն ու պատժի ենթարկեն։

– 44-օրյա պատերազմը կարո՞ղ էինք հաղթել։

– Այսպես ասեմ՝ չէինք պարտվի, եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղում լիներ։ Դիվանագիտական ձախողումները, նախքան 44-օրյա պատերազմը կատարված կադրային փոփոխությունները զինված ուժերում, Արցախի ՊԲ-ում, սխալ զենք-զինամթերք, սպառազինություն ձեռք բերելը և բազմաթիվ նման գործոններ, միանշանակ, ազդեցին պատերազմի ելքի վրա։

Երբ նախապատերազմական շրջանում ՊԲ գրեթե բոլոր զորամասերի հրամանատարներին փոխում ես, այն էլ մի քանի անգամ, որոնք պետք է ահագին ժամանակ հատկացնեին իրենց ենթակայության տակ գտնվող պաշտպանական շրջանների դիրքերին, ճանապարհներին, տեղանքների նյուանսներին ծանոթանալու համար, երբ շտաբներում նշանակվում են իրավիճակին նոր ծանոթացող մարդիկ, երբ 4 տարվա մեջ 4 ՊԲ հրամանատար է փոխվում, հրամանատարի տեղակալներ են փոխվում, նույն անողնաշար մոտեցմամբ նաև այդ «փոփոխությունները» կատարվում են ՀՀ ԶՈՒ-ում, երբ սխալ ռազմատեխնիկա ես գնում, լավ գիտենալով, թե հնարավոր պատերազմը ինչ սցենարներով է ընթանալու, դրան հակազդելու համար իրականում ինչ է քեզ պետք, ապա միանշանակ, հաղթելուդ հավանականությունները նվազում են։

Իսկ թե ինչ անկարգապահ ու քաոսային վիճակի մեջ հայտնվեց մեր բանակն այդ պատերազմի ընթացքում, ոչ մեկի համար գաղտնիք չէ, և այդ պատկերի միակ պատասխանատուն այն ժամանակվա ու ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունն է եղել։

– Պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության, օգնեց Փաշինյանին մնալ իշխանության, այս մասին Ադրբեջանն էլ է ասել, իսկ Թուրքիան շատ արագ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը՝ այն դիտարկելով՝ որպես ռազմական հեղաշրջման փորձ: Հիմա Թուրքիայում ընտրությունների համատեքստում ՀՀ-ին առնչվող ի՞նչ բնույթի քաղաքական ռազմական գործողությունների սպասել:

– Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներն իրենց մեջ պարունակում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչ, ինչն էլ իր ազդեցությունն է ունենալու նաև իր արտաքին քաղաքական կուրսի վրա։ Սպասվող ընտրություններին ընդառաջ, Էրդողանի նկատմամբ կան լուրջ դժգոհություններ, և դրանք գնալով ավելի սուր բնույթ կարող են ստանալ։ Բայց ներքաղաքական բարդ իրավիճակին զուգահեռ, երբ այդ պետությունն իր սեփական ռազմավարությունն ու շահերն ունի, երբ ռիսկեր կան նաև այս կամ այն տարածաշրջանում իր դիրքերի թուլացման տեսանկյունից, իրեն հիշեցնելու համար կարող է տարբեր ավանտյուրաների դիմել։ Սակայն չպետք է մոռանալ նաև գեոպոլիտիկ լուրջ խաղացողներին, որոնք այս փուլում Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ուժեղացնելու խնդիր են լուծում, և հետևելով իրադարձությունների զարգացմանը, այստեղ դեռևս ռազմական բախման թեժ կետի վերածելու ռազմավարություն չունեն։ Այնպես որ՝ տարածաշրջանում իրավիճակը հակասական է, և պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքով, փոփոխություններն այս կամ այն ձևով ուղիղ ազդեցություն են ունենալու նաև Հայաստանի վրա։

– Տարածքային առումով ո՞ր ուղղությամբ է հետաքրքրված Ադրբեջանը, և ո՞ ր ուղղությամբ՝ Թուրքիան, եթե առանձին-առանձին դիտարկենք նրանց ռազմական, ռազմաքաղաքական և քաղաքական խնդիրները։

– Թուրքիան ու Ադրբեջանը գործում են շատ ներդաշնակ, ադրբեջանա-թուրքական պահանջների, վերջնագրերի կատարումը բերելու է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վերջնական անկմանը։ Իսկ այսօր թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր խնդիրը ոչ թե Արցախն է, այլ Հայաստանի հարավը, մասնավորապես Սյունիքը՝ Թուրքիան Նախիջևանով Ադրբեջանի հետ ուղիղ ելք ունենալու ռազմաքաղաքական մեծ պլանի տրամաբանության մեջ:

Սյունիքը գեոպոլիտիկ մեծ խաղացողների ուշադրության առանցքում է, այն ոչ միայն Հայաստանի ողնաշարն է, այլ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական երազանքի գլխավոր ուղղություններից մեկը։ Սյունիքը, ընդհանրապես Հայաստանը, ըստ էության, մի նեղ միջանցք է հիշեցնում՝ Չինաստանից Իրան, Իրանից Հայաստանով դեպի Սև ծով և հյուսիս դուրս գալու համար։

Կլինի Սյունիքը, մեծ խաղացողներն իրենց շահերից ելնելով՝ դեռևս հաշվի կնստեն «մեծ միջանցք» հանդիսացող Հայաստանի հետ, չի լինի Սյունիքը, տարածաշրջանային նոր անվտանգային համակարգ կստեղծվի, որտեղ չի լինի Հայաստանը, և պետության գոյությունն անիմաստ կդառնա, ու տարածաշրջանային խաղացողներն ընդմիշտ կմոռանան Հայաստան կոչվող պետության մասին։

Տեսանյութեր

Լրահոս