Կրկին հաղթելու համար անհրաժեշտ է ունենալ ուժեղ կամքով ղեկավար. հիմա նոր վերազարթոնք է սկսվում, հարկավոր է լինել միասնական. Աշոտ Հարությունյան
1992 թվականի մայիսի 8-9-ը Արցախի Հանրապետությունում «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության արդյունքում ադրբեջանական օկուպացիայից ազատագրվեց Շուշին։ Արդեն 4-րդ տարին է՝ Շուշին կրկին օկուպացված է Ադրբեջանի կողմից։
168.am-ի հետ զրույցում Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարությունյանը վստահեցնում է՝ Շուշին ու հայկական հողերը կվերաազատագրվեն, եթե ունենանք ուժեղ և ազգասեր իշխանություն։
«Մայիսի 9-ը մեզ համար շարունակում է մնալ Շուշիի ազատագրման օրը, հուսանք, կրկին նույնը օրը կազատագրենք։ Իսկ դա անելու համար անհրաժեշտ է ունենալ ուժեղ կամքով ղեկավար, ով իր ողջ կամային հատկություններով կկարողանա համախմբել ողջ արաբական, հնդկական ու իրանական աշխարհը։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև այդ ուժերն այսօր խնդիր ունեն Թուրքիայի հետ, իսկ մենք կանգնած ենք թուրքական վիլայեթ դառնալու խնդրի առաջ։
Բնականաբար, այսօր ՀՀ իշխանությունը հայ ժողովրդին բացահայտ չի ասում, թե ուր է տանում երկիրը, կամ, որ Թուրքիայից ֆինանսավորվում են, բայց նրանց ամբողջ ծրագիրը դա է՝ դարձնել այս երկիրը թուրքական վիլայեթ։ Թուրքիան բացահայտ աջակցում է այս իշխանություններին, արդյունքում՝ ունենք խամաճիկային իշխանություն»,- նշեց Աշոտ Հարությունյանը։
Պատմաբանի խոսքով՝ այսօր հայ ազգը՝ որպես ազգ, պետք է մի կողմ դնի ամեն ինչ և միանա այն շարժմանը, որը սկսել է Բագրատ սրբազանը։
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ ծիծաղելի է Բագրատ սրբազանին սևացնելու համար իշխանությունների բռնած դիրքն ու աշխատացվող քարոզչամեքենան։
«Իշխանությունը, փաստորեն, իր այս քայլերով հարվածի տակ է դնում Սուրբ Էջմիածինը, որը մեր սուրբ սրբոցն է։ Հարվածում են մեր հավատին, քրիստոնեությանը։ Ես էլ իշխանություններին կարող եմ ասել, որ այդքան արտոնություն են տվել աղանդավորներին։ Բագրատ սրբազանն իր պայքարը պետք է շարունակի՝ ուշադրություն չդարձնելով այս ամենին, հիմա պատկերացրեք՝ փիղն անցնում է, շունը հաֆ-հաֆ է անում։ Դե, շունը նրա համար է, որ հաչա, իսկ փիղն էլ նրա համար է, որ լուռ ու մունջ անցնի ու անի իր գործը։
Եթե նույնիսկ պետք է, պիտի գնանք իրանական ուղիով, այսինքն՝ թող լինի կրոնական պետություն, բայց ունենանք հայրենիք, պետականություն։ Թե չէ սա ի՞նչ է, եվրոպական կեղծ արժեքներ, կործանում, կորուստ և այլն»,- նշեց Աշոտ Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ այսօր Երևանում միանալու են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը, ավելին՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին չեն ասել՝ միացեք շարժմանը, բայց նրանք իրենց ցանկությամբ լինելու են հրապարակում։
«Մենք ասել ենք՝ յուրաքանչյուրդ նայեք ձեր խղճին ու որոշում կայացրեք։ Կարծում եմ՝ հիմա նոր վերազարթոնք է սկսվում ու այդ պայմաններում հարկավոր է, որ լինենք միասնական և մի կողմ թողնենք մեր անձնական ամբիցիաները։ Ինձ համար կարևոր է Բագրատ սրբազանի կողմից Արցախի նկատմամբ ջերմ վերաբերմունքը, դա անձամբ տեսել եմ 2020 թվականին Շուշիիում։
Ուղղակի այսօր արցախցիներն այնքան սոցիալական խնդիրներ ունեն, որ առավոտյան արթնանալուն պես մտածում են՝ ինչպես մի տեղից օգնություն ստանան իրենց այդ հարցերը լուծելու համար։ Այսինքն՝ հիմա մարդկանց տարել են սոցիալական խնդիրների մեջ, թողնելով ազգայինը, արժեքները։
Ժողովուրդը պետք է գիտակցի՝ Սրբազանը վեր է կացել, որպեսզի թույլ չտա Հայաստանին միակողմանի գնալ զիջումների։ Կամ ո՞վ է Նիկոլին թույլ տվել փակելու Արցախի հարցը, արցախցին նրան չի ընտրել, նման բան անելու համար իրավունք չունի։ Նա իրավունք չունի ժողովրդի անունից հանդես գալ, փաստացի բոլորին ասում է, որ ժողովուրդն է գնում այդ զիջումներին, ոչ թե ինքը»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը։