«Կանայք, խաղաղություն և անվտանգություն». ի՞նչ են քարոզում բանակում և ինչո՞ւ

Պարզվում է՝ խաղաղության թրենդային օրակարգերն իշխանությունների թեթև ձեռքով ներմուծվում են ոչ միայն դպրոցներ, այլ նաև՝ բանակ:

Այդ «վեհ առաքելությունն» իր ուսերին է վերցրել «Դեմոկրատիան այսօր» h/կ-ն: Կազմակերպության պաշտոնական կայքէջից, որը բացառապես անգլալեզու է, տեղեկանում ենք նրանց նպատակների մասին՝ աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, բարձրացնել կանանց դերը և ներդրումներ կատարել գենդերային զգայուն, ներառական հասարակության կառուցման գործում, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանություն:

Ի դեպ, «Դեմոկրատիան այսօր»-ում ժամանակին իրավախորհրդատվություն է իրականացրել Առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ի դեպ, հենց այս հ/կ-ն է 2016 թվականին հիմնադրել Հարավային Կովկասի խաղաղության մրցանակը, որի շրջանակներում սերտ համագործակցություն է ձևավորել Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ:

Կարդացեք նաև

Հետաքրքիր զուգադիպությամբ, նաև հենց այս հ/կ-ն երկու տարի շարունակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից դրամաշնորհ է ստացել թրաֆիքինգի ենթարկված անձանց վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Պետգնումների armeps.am համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականին «Դեմոկրատիան այսօր» հ/կ-ին տրամադրված դրամաշնորհի չափը կազմել է շուրջ 36 միլիոն 104 հազար դրամ, 2023 թվականին՝ 35 միլիոն 534 հազար դրամ:

Սա դեռ ամենը չէ: Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով, սոցապնախարարությունից բացի՝ այս հ/կ-ի հետ համագործակցում է Պաշտպանության նախարարությունը. «Դեմոկրատիան այսօր» հ/կ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հ/կ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանը ՄԱԿ ԱԽ Թիվ 1325՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի թեմաներով դասախոսություն է կարդացել ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՊՆ խաղաղապահ զորքերի բրիգադի զինծառայողների համար:

Դասախոսության թեմայի ընտրությունը թերևս կարելի է պայմանավորել ոչ միայն 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ հաստատված՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» Թիվ 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրով, այլև այսօր ինտենսիվ շրջանառվող «խաղաղության դարաշրջան»-ի օրակարգով»:

Վերջինի մասին նաև վկայում է Գյուլնարա Շահինյանի հարցազրույցներից մեկը, որում նա իշխանությունների հանգույն՝ հավատում է և մեծ ճիգ գործադրելով հավատացնում է Ադրբեջանի հետ խաղաղ համակեցության հնարավորությանը: Իսկ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Արցախը, պատանդ պահել հայ գերիներին ու մանկապարտեզից սկսած՝ հայատյացություն քարոզել:

Տեսանյութեր

Լրահոս