Եվրոպացի պաշտոնյան ինձ ասաց՝ պարոն Մամիջանյան, Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ. Հայկ Մամիջանյան
«Եթե պարոն Աշոտյանը աղբյուրը չի նշել, բնականաբար, ես նույնպես չեմ նշի, բայց ես կպատմեմ մեկ այլ պատմություն, որի մասին Արմեն Աշոտյանն իր լայվի ընթացքում ակնարկել է, բայց ես մի փոքր փակագծերը կբացեմ»,- անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած, «խաղաղության պայմանագրի» տարրերին ու մեխանիզմներին վերաբերող սկանդալային փաստաթղթին` խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա` բավականին բարձրաստիճան եվրոպական պաշտոնյա, որի անունը Հայկ Մամիջանյանը չտվեց, բայց խոստացավ հերքումների դեպքում անուններ հնչեցնել, Եվրանեսթում Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին և հայկական երկու պետությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող անվտանգային մի շարք այլ կետերի վերաբերող իր ելույթից հետո ուղիղ տեքստով, նայելով իր աչքերի մեջ՝ ասել է հետևյալը.
«Պարոն Մամիջանյան, մենք Ձեր դիրքորոշումները գիտենք, բայց դրանք այս պարագայում ռելևենատ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի վարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ, և բանակցային տրամաբանությունն ամբողջապես հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի հետագա ապագային: Դուք հիմա ինչի՞ մասին եք ինձ հարց տալիս»:
Հայկ Մամիջանյանը պնդեց՝ դա իրեն ասել է եվրոպացի բավականին բարձրաստիճան պաշտոնյա, ով որոշակի ազդեցություններ ունի գործընթացների վրա:
«Հանդիպմանը ներկա էին նաև այլ պատգամավորներ: Նա հստակ ինձ ասաց՝ Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ: Ով ինչ ուզում է, թող ասի: Ես իմ խոսքերի համար պատասխանատվություն կրում եմ, Հայաստանի դատական համակարգն էլ իրենց նվեր. թող դատի տան: Սա է իրողությունը: Ու տարբեր տրամաչափի անվտանգային երևույթներ (նկատի ունեմ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին), որոնք փորձում են շատ անտաղանդ կերպով հերքել Արմեն Աշոտյանի ներկայացրած, այս պահին բանակցային տրամաբանությունը հանդիսացող փաստաթուղթը, թող գնան ու հիմա փորձեն սա հերքել»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ շեշտելով՝ սա հերքել հնարավոր չէ, որովհետև հանդիպմանը ներկա են եղել նաև այլ մարդիկ:
Հայկ Մամիջանյանը նկատեց՝ ինքը խորհրդարանական մի քանի ֆորմատների մասնակից է, բայց չի հիշում մի դեպք, երբ իշխող խմբակցության պատգամավորներից որևէ մեկի շուրթերից լսած լինի «ինքնորոշման իրավունք» բառակապակցությունը:
««Արցախահայության իրավունքներ, անվտանգություն» կարգի բոլոր եզրույթները լղոզոցի են: Կներեք խոսակցական բառի համար: Արցախի անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես ինքնորոշման իրավունքի իրացումը և կարգավիճակի ապահովումը: Ցանկացած այլ բան ասող մարդիկ փորձում են խաբել մեր երկու պետությունների ժողովուրդներին: Սրա մասին կարող է փաստել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի միջակ գիտելիքներով ուսանողը»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորը նշեց՝ Եվրանեսթի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում, աշնանը.
«Ես այս պահից սկսած՝ հայտարարում եմ՝ Բաքու մեկնելու՝ իմ հնարավորության պարագայում ես կանեմ ամեն ինչ, ինչ հնարավոր է, որպեսզի իմ՝ մեկ տարի առաջ Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին ուղարկված իմ նամակը՝ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին հանդիպելու պահանջով, իրականություն դառնա»:
Պատասխանելով այն հարցին՝ ի՞նչ է նշանակում միջազգային տեսանելի մեխանիզմներ, որի շրջանակում պետք է Բաքուն և Ստեփանակերտը երկխոսեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց՝ վերջին շրջանում Ադրբեջանում իրականացվող օրենսդրական փոփոխությունները մի նպատակ ունեն՝ նվազեցնել բոլոր ինքնավար միավորների ավտոնոմիան:
«Սա վերաբերում է նույնիսկ Նախիջևանին: Թե ինչ են արել Արցախի վերաբեյալ իրենց «վարչատարածքային բաժանման» տրամաբանության մեջ, բոլորս գիտենք՝ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի վերացում: Այս պահի դրությամբ ընթացող բանակցությունները ղարաբաղյան կողմը մեկնաբանում է՝ որպես այս պահին առկա հումանիտար լրջագույն խնդիրների լուծմանը միտված բանակցություններ: Ադրբեջանական կողմը դա մեկնաբանում է՝ որպես էթնիկ միավորի հետ շփում: Այ դա է մեծագույն պրոբլեմը: Եվ այն տրամաբանությունը, որով այս պահին ընթանում է ընդհանուր բանակցային ճարտարապետությունը, հենց դրան է բերելու»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Վերջինս հիշեցրեց, որ միջազգային բոլոր զեկույցները փաստում են՝ Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների՝ թալիշների, լեզգինների և այլոց իրավունքները ոտնահարվում են ամեն օր:
«Այսինքն՝ հույս ունենալ, որ այս պահին Ադրբեջանում առկա քաղաքացիների իրավունքների ոտնահարման պարագայում ինչ-որ մեխանիզմ հնարավոր է մշակել, քաղաքական միամտություն է»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Ըստ նրա՝ երբ հրապարակվի «խաղաղության պայմանագրի» տեքստը, այնտեղ ամեն ինչ արված է լինելու Փաշինյանի դեմքը փրկելու համար: Մամիջանյանը լրագրողներին խնդրեց չտրվել դրան:
Նրա խոսքով` ինքը մոտ 10 ձևակերպում կներկայացնի, որոնցով ՔՊ-ականները փորձելու են հերքել անհերքելին։
«Դա պարզապես խաբեություն է լինելու, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմում չպիտի հայտնվի, և ցանկացած ձևակերպում, որը միջնորդ կողմը փորձելու է գրել այդ փաստաթղթում Փաշինյանի դեմքը փրկելու համար, աշխարհաքաղաքական «մուտիտ» է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանի խոսքով՝ այդ պարագայում արցախահայերի համար մի անվտանգային մեխանիզմ կա՝ Արցախում ապրող յուրաքանչյուր հայի կողքին մեկ զինված խաղաղապահի տեղակայում:
Խոսելով Լաչինի միջանցում տեղադրվելիք սարքերի մասին՝ Հայկ Մամիջանյանն ասաց՝ մինչ այժմ Ադրբեջանի և Արցախի իշխանություններն Ադրբեջանի բոլոր հակահայկական պահանջները կատարել են:
«Ինչ վերաբերում է տեսահսկող սարքերին, ես չեմ ուզում ավել բան ասել, քան Արցախի իշխանությունները, բայց դա շատ վտանգավոր գործընթաց է, որովհետև Ադրբեջանն այն փորձելու է ներկայացնել այնպես, որպեսզի դա հետագայում հիմք հանդիսանա որոշակի այլ փոփոխությունների համար: Ինձ համար անընկալելի են Հայաստանի մոտեցումներն այս հարցին: Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, միջազգային կառույցներում ունի ավելի լուրջ լծակներ, և այս պարագայում թողնել, ասել՝ թող Արցախն ու Բաքուն բանակցեն, ուղղակի կռվից և պատասխանատվությունից փախչել է նշանակում»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ձեռք բերված գերթանկարժեք բնակարանին և այն հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են դրա ծագումը պարզելու վերաբերյալ հաղորդում ներկայացնել, Հայկ Մամիջանյանն ասաց՝ հաղորդում ներկայացնել մի քաղաքական թիմի կողմից ղեկավարվող իրավապահ կառույցներին, որի պատգամավորները ԱԺ-ում խոսում են սեփականաշնորհվող զորամասերից, երբ իրենք նախորդ տարի 70-ից ավելի զորամասեր են օտարել, անիմաստ է:
«Մեկը կար, որ մի երկու տարի առաջ ասում էր՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Բայց բոլորովին վերջերս կոռուպցիայի ընկալման համաշխարհային ինդեքսը հրապարակվեց, որտեղ Հայաստանը խայտառակ աճ էր արձանագրել: Ես ուզում եմ հասկանալ՝ էդ ո՞նց ՔՊ-ի պաշտոնյաների բարեկամները դարձան «թույն» բիզնեսմեններ, երբ առաջ «նիսյայով» գարեջուր էին խմում, հիմա հանկարծ դարձան բազմամիլիոնանոց տենդերներ հաղթողներ: Ես ուզում եմ դիմել ՔՊ-ական պատգամավորներին՝ այ սա է ձեր հավաքական կերպարը՝ արտոնյալ պայմաններով կես միլիոն դոլարանոց վարկեր ստանալը օդից, 16 000 դոլարով Ձորաղբյուրում և Ջրվեժում առանձնատները»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև վերջերս շատ քննարկված «օնլայն դիվանագիտություն» եզրույթին:
«Ադրբեջանի ԱԳ նախարարն այդ եզրույթը որակեց որպես հետընթաց, բայց ոչ թե դա է էականը, այլ այն, որ առաջարկների փոխանակման փուլին հասնում են հիմնական կետերը քննարկելուց հետո:
Այսինքն՝ սա կրկին հաստատում է մեր հրապարակած փաստաթղթերի իսկությունը»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը: