«Շատ տնտեսվարողների համար բացասական գործընթաց է տեղի ունենում». տնտեսագետ
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ դրսի շուկաների հետ աշխատող հայաստանյան տնտեսվարողների համար փոխարժեքի փոփոխության հետևանքով կորուստները տարեկան կտրվածքով կազմում են 25-30 տոկոս:
«Խոսքը հիմնականում արտահանողների մասին է: Ստացվում է, որ եթե մենք մի կողմից տեսնում ենք տնտեսական աճ, ապա մյուս կողմից՝ շատ տնտեսվարողների համար տեղի է ունենում բացասական գործընթաց, ինչը, իհարկե, մակրոմակարդակով չի երևում, սակայն երևալու է հետո ու միանգամից»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետը:
Նկատենք՝ դոլարի փոխարժեքը շարունակում է անկումը. բանկերում դոլարը գնվում էր 385-387 դրամով, վաճառվում էր 391.50-397 դրամով, իջնում է նաև եվրոյի փոխարժեքը. առքը՝ միջինում 404.33 դրամ է, վաճառքը՝ 420.42 դրամ:
Թե որքա՞ն կպահպանվի տարադրամի առկա կուրսը՝ հարցի պատասխանը Հրանտ Միքայելյանը չունի:
«Եթե ՀՆԱ-ի աճի մեջ ՌԴ ներգաղթը բավականին մեծ դեր է կատարում, ապա փոխարժեքի փոփոխության մեջ՝ բացարձակ դեր, այսինքն՝ միայն դա է որպես գործոն: Սա էլ նշանակում է, որ դեռ ամեն ինչ կախված է դրսի գործոններից՝ օրինակ, թե որքան է շարունակվելու ՌԴ-Ուկրաինա պատերազմը, ինչքան են շարունակվելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, ինչքանո՞վ է Հայաստանը լինելու միջնորդ, որի միջոցով որոշակի գործարքներ են տեղի ունենալու և այլն: Այս հարցերի պատասխանները, հաստատ, ոչ տնտեսական դաշտում են»,- պարզաբանեց նա՝ հավելելով, սակայն, որ դրամի փոխարժեքի աճը տնտեսության մեջ ստեղծում է ռիսկեր, անկայունություններ:
Ի դեպ, տնտեսագետը նկատեց, որ արտաքին գործոնների ազդեցությունը կա նաև 2022 թվականի ՀՆԱ ցուցանիշի վրա:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ ցուցանիշը 8 տրլն 496 մլրդ 777 միլիոն դրամ է: Նախորդ տարվա համեմատ՝ ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու կապը, ինչպես նաև՝ փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը:
«ՀՆԱ-ի 12.6 տոկոս աճի մեջ, ՌԴ-ից ներգաղթի և շրջանառության ազդեցությունը, իմ գնահատմամբ, կազմել է 5.5 տոկոս: Դրանից բացի՝ ևս մի քանի գործոններ են աշխատել, որոնք նպաստել են տնտեսական բարձր աճին` oրինակ, ցածր բազայի էֆեկտը (այսինքն՝ տնտեսական անկումը 2020 թվականին մեծ է եղել, իսկ 2021 թվականին ադեկվատ վերականգնում տեղի չի ունեցել և այդ վերականգնումը մասնակիորեն տեղի ունեցավ 2022 թվականին)»,- նշեց Հրանտ Միքայելյանը: