«Ճանապարհներ կփակենք, Նիկոլն ու իր թիմը միայն այդ լեզուն են հասկանում. իրենց ավելի բեթար ձևով կմերժենք». Պն նախկին շենքի բնակիչները, 10 օր է, փողոցում են գիշերում
«Արդեն 10 օր է, ինչ մեր անչափահաս երեխեքի հետ հայտնվել ենք փողոցում, բայց իշխանության որևէ ներկայացուցչի մտքով չի անցնում մեր խնդրին լուծում տալ»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասացին Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները:
Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ ՊՆ նախկին շենքի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններն իրենց տեղեկացրել են, որ փետրվարի 26-ին՝ վաղը, պետք է իրենց իրերը դուրս բերեն շենքից, հակառակ դեպքում դա պետությունն է իրականացնելու:
«Քանի որ մեր մի մասն աշխատում է, որոշեցինք ավելի շուտ մտնել իրերը հավաքելու, որպեսզի պատրաստ լինի, կիրակի միանգամից բարձեն մեքենաները ու հանեն տարածքից: Ոստիկաններին խնդրեցինք՝ թույլ տան մտնենք մեր բնակարաններ, ասացին՝ խնդիր չկա, բայց միայն մեր ուղեկցությամբ: Իրենց հետ մտանք մեր տները, ու ի՞նչ: Ամբողջ տունը խուզարկած, իրերը այս ու այն կողմ թափած… Իրենք մեր տներում են գիշերում՝ մեր անկողիններում, սեղանին սուրճի բաժակներ էին դրված, վառված մոմեր, ամուսնուս մարտական երկու մեդալները չկային, դանակներ, տղայիս հին հեռախոսները, որ տուփերի մեջ դարակում էր, վերցրել էին, իսկ տուփերը շպրտել էին հատակին: Մի խոսքով՝ եկել են՝ իբր տարածքը պահպանելու, բայց գողությունով են զբաղված, դուրս եկանք, իրենց ղեկավարին ասեցինք, որ նման բաներ են արել, ասաց՝ կպարզենք, կպատժենք…»,- պատմեց բնակիչներից մի կին:
Փողոցում հայտնված մեկ ուրիշ բնակիչ էլ ասաց, որ անընդհատ շշուկներ են իրենց հասնում, որ իշխանության ներկայացուցիչ է գնալու իրենց հետ հանդիպման, 10 օր է՝ սպասում են, բայց իշխանության ներկայացուցիչն այդպես էլ տեղ չի հասնում.
«Նիկոլը թող լավ իմանա, մենք ենք իրենց բերել իշխանության, մենք էլ կարող ենք հեռացնել, բոլոր ձևերը լավ գիտենք, եթե կարծում է՝ իրեն չենք մերժի, սխալվում է, ավելի բեթար ձևով կմերժենք: Եթե ինքը չի բարեհաճում գա մեզ մոտ ու մեր խնդրին լուծում տա, ապա մենք կգնանք իր մոտ»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ պատրաստվում եք ակցիան տեղափոխել Կառավարության շենքի մո՞տ, քաղաքացին պատասխանեց.
«Այո՛, եթե պետք լինի՝ վրաններ էլ կտեղադրենք, ճանապարհներ կփակենք, Նիկոլն ու իր թիմը միայն այդ լեզուն են հասկանում…»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել նախարարությանը: Այնտեղ երկար տարիներ տեղավորվել և ընտանիքներով ապրում էին պատերազմի մասնակիցներ, զոհված զինծառայողների հարազատներ, որոնք տուն չունեն:
Փետրվարի 16-ի վաղ առավոտյան մի քանի ավտոբուսով ոստիկանները գնացել էին ՊՆ նախկին շենք և ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այնտեղ ապրող մարդկանց դուրս հանել։
Հիշեցնենք նաև, որ 1 տարի առաջ էր Կառավարությունը որոշել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող շենքն ամրացնել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որպեսզի արդեն 2027թ.-ին այստեղ տեղակայվեն կոմիտեի բոլոր ստորաբաժանումները: Գործադիրը հիմնավորել էր, որ պետությանը պատկանող և անտարբերության մատնված կառույցը քայքայվում է: