Հայաստանը համաձայնել է մասնակցել Միշելի միջնորդությանն առանց Մակրոնի. Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում

Չի բացառվում, որ առաջիկայում Բրյուսելում վերականգնվի Փաշինյան-Միշել-Ալիև բանակցային ձևաչափը: Այս մասին նախօրեի ճեպազրույցում ակնարկել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:

Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել բանակցություններում վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Փոխանցելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքը, ով Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում շաբաթ օրը նախաձեռնել էր երկու երկրների ղեկավարների բանակցությունները, Փրայսն ասել է, որ սա կողմերի ներգրավվածության արդյունքն է:

«Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ ներգրավվածության, Միացյալ Նահանգների հետ եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել է իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում»,- ասել է Փրայսը:

«Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։ Մենք չափից դուրս լավատես չենք, բայց ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը՝ համապարփակ լուծման հասնելու համար»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

Մյունխենում կայացած Անվտանգության 59-րդ համաժողովի շրջանակում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ոչ պաշտոնական հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և պաշտոնական հանդիպում՝ Իլհամ Ալիևի հետ:

ՀՀ Կառավարության փոխանցմամբ, Փաշինյան-Ալիև հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Մյունխենում կայացած բանակցություններում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

«Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և Բրյուսելի խաղաղ գործընթացի շուրջ»,- ասվում էր ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Ալիևը նշել էր, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների բրյուսելյան ձևաչափին։ Շառլ Միշելն իր հերթին՝ ընդգծել էր, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելության գործունեության վերաբերյալ»,- ասված էր հաղորդագրությունում:

Մի փոքր նախապատմություն, թե որտեղ ու երբ կանգ առավ բրյուսելյան գործընթացը: Նոյեմբերի վերջին Ադրբեջանի նախագահը Բաքվում ընթացող միջազգային համաժողովին հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով՝ շեշտելով, թե «Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ»։

Մինչ այդ հոկտեմբերի 6-ին հանդիպում էր կայացել Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև ձևաչափով:

ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:

«Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն»,- նշել էր Վահան Հունանյանը:

Ադրբեջանական կողմը, դատելով Իլհամ Ալիևի հռետորաբանությունից, մերժում է Մակրոնի միջնորդությունն այս գործընթացին, և եթե Հայաստանը իսկապես պատրաստվում է մեկնել Բրյուսել Միշելի միջնորդությամբ բանակցությունների, հարց է առաջանում, թե ինչու էր դեռևս նոյեմբերին հայկական կողմը Մակրոնի մասնակցության պատճառաբանությամբ մերժում բրյուսելյան հարթակը և կամ ինչու է ներկայումս համաձայնել մասնակցել, եթե Մակրոնը չկա այդ ձևաչափում Պրահայի քառակողմ ձևաչափի նմանությամբ: Եվ ընդհանրապես այլևս վաղուց հասկանալի չէ, թե հայկական կողմն ինչ պատճառաբանություններով է մերժում կամ ընդունում միջնորդների՝ հայ-ադրբեջանական հանդիպումներ անցկացնելու հրավերը: Նույնկերպ հայկական կողմը մերժեց դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվող Միրզոյան-Լավրով-Բայրամով բանակցությունները Լաչինի միջանցքի փակման պատճառով:

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, սակայն հայկական կողմն ընդունում է Բլինքենի հրավերը և կարծես համաձայնում աշխատել բրյուսելյան բանակցային հարթակում:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այս ամենին չկա ավելի խորը բացատրություն, քան այն, որ հարավկովկասյան հակամարտությունները դարձել են աշխարհաքաղաքական առճակատման և քաշքշուկի առարկա:

Ըստ նրա, կողմերն էլ գործընթացի բարդության պատճառով փորձում են կա՛մ օգտվել ստեղծված իրավիճակից, կա՛մ չգրգռել աշխարհաքաղաքական կենտրոններին՝ անընդհատ փոխելով իրենց մոտեցումները՝ դրանով իսկ անսկզբունքայնություն դրսևորելով:

«Երբ կար ԵԱՀԿ Մինսկի խումբը, իրավիճակը չափազանց պարզ ու հասկանալի էր բոլորի համար, սակայն բոլոր ձևաչափերի փլուզման պարագայում տրամաբանական է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:

Արևմուտքը կողմերի հետ Խաղաղության համաձայնագիր է նախապատրաստում, զուգահեռաբար ակնկալիքներ ունի Մոսկվան ու անընդհատ առաջարկներով է հանդես գալիս, և եթե կողմերից մեկին այլևս Բրյուսելի առաջարկը չբավարարի, բնականաբար, այս ամենում Մոսկվայի առաջարկը կդառնա ակտուալ, և այսպես շարունակ:

Չեմ կարծում, թե առաջիկայում այստեղ մեծ նորություններ ու համաձայնություններ կլինեն, թեև Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում, առաջ մղում գործընթացը, ինչը տեսանելի է»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս