Տարադրամի գինը շարունակում է ընկնել

Հայաստանի արժութային շուկայում տարադրամի գինը շարունակում է ընկնել։ Բոլոր հիմնական արժույթների փոխարժեքները նվազում են։ Դրամը ամրապնդվում է՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ։

Դոլարի գինը նվազել է 400 դրամից։ Ամերիկյան արժույթը փոխանակման կետերում գնվում է հիմնականում՝ 392, վաճառվում՝ 396 դրամով։

Վերջին մի քանի օրերին դոլարի փոխաժեքը ոչ շատ, բայց էլի նվազել է։ Թեև նվազումը նոր չէ, որ սկսվել է։ Անցած տարվա այս շրջանում ամերիկյան արժույթի փոխարժեքը 485-490 դրամի սահմաններում էր։ Մեկ տարվա ընթացքում դոլարի փոխարժեքը 94-95 կետով իջել է։ Արժեզրկումը հասնում է 19 տոկոսի։

Չնայած դրան, արժեզրկման պրոցեսը շարունակվում է։ Եվ ոչ միայն դոլարի պարագայում։

Կարդացեք նաև

Վերջին օրերին նկատվում է նաև եվրոյի գնի անկում։ Մի պահ, իհարկե, եվրոպական արժույթի փոխարժեքը Հայաստանի արժութային շուկայում ավելի ցածր էր։ Այն գրեթե հավասարվել էր դոլարի գնին։ Այնուհանդերձ նախորդ տարվա վերջին և այս տարվա սկզբին եվրոն կարողացավ որոշ չափով հաղթահարել դոլարի նկատմամբ դիմակայությունը։

Երբ դոլարի փոխարժեքը 405 դրամի սահմաններում էր, եվրոպական արժույթի գինը մի պահ հասավ 435-ի։ Սակայն վերջին մի քանի օրերին կրկին սկսեց իջնել և հիմա արդեն տատանվում է 418-424 դրամի միջակայքում։ Նվազումը պայմանավորված է ոչ այնքան արտաքին ֆինանսական շուկայում եվրոյի թուլացմամբ, որքան դրամի ամրապնդմամբ։

Դրամի ամրապնդումը, որը մի պահ կարծես կանգ էր առել, կրկին վերսկսվել է։

Դա նկատելի է նաև ռուսական ռուբլու պարագայում։ Թեև այս դեպքում, ներքինից բացի, ազդել են նաև արտաքին գործոնները։ Մասնավորապես՝ Ռուսաստանում ռուբլու դիրքերի թուլացումը։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո ռուբլու կտրուկ արժեզրկմանը հաջորդեց նույնքան կտրուկ ամրապնդումը։ Չնայած կիրառված համատարած ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներին, ռուբլին կարողացավ շատ արագ հաղթահարել անկայունությունը և ամերիկյան ու եվրոպական արժույթների նկատմամբ հաստատվել շատ ավելի ցածր դիրքում, քան մինչև հակամարտությունը։

Անցած տարվա միջնամասում Ռուսաստանում դոլարի գինը 55-56 ռուբլու սահմաններում էր, երբեմն՝ նույնիսկ ավելի ցածր։ Եվրոյի գինն էլ տատանվում էր 62-63 ռուբլու միջակայքում։

Ամերիկյան և եվրոպական արժույթների գները ոչ մեծ տատանումներով հիմնականում այդ սահմաններում մնացին մինչև տարեվերջ։ Բայց տարեվերջին ճնշումը ռուբլու նկատմամբ մեծացավ, ինչի հետևանքով այն սկսեց արժեզրկվել։

Այդ երևույթը նկատվեց անցած տարվա դեկտեմբերից, որը խորացավ նաև այս տարվա սկզբին։

Հիմա արդեն ռուսական շուկայում դոլարի գինն անցնել է 74 ռուբլուց։

Ավելացել է նաև եվրոյի գինը։ Վերջին տվյալներով, այն 79-80 ռուբլու միջակայքում է։

Ռուսաստանի ֆինանսական շուկայի այս դրսևորումներն իրենց արտահայտությունն են գտել նաև Հայաստանում։ Ռուբլու փոխարժեքը ընկել է նաև դրամի նկատմամբ։ Այդ երևույթը նկատվում է նաև վերջին օրերին։

Ռուբլին Հայաստանի արժութային շուկայում փոխանակվում է 5,15-5,28 դրամով։ Հաշված օրեր առաջ 5,50-560 դրամ էր։ Նվազումը պայմանավորված է մի կողմից՝ ռուսական շուկայում ռուբլու դիրքերի թուլացմամբ, մյուս կողմից՝ դրամի ամրապնդմամբ։ Դրամն ամրապնդվում է շուկայի բոլոր հիմնական արժույթների նկատմամբ։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ տարադրամային ճնշումը տարեսկզբին շարունակում է զգացնել տալ։

Դրսից այս տարվա ֆինանսական հոսքերի վերաբերյալ տվյալները դեռևս չեն հրապարակվել, ուստի դժվար է ասել, թե դա ինչքանով է պայմանավորված արտաքին ֆինանսական ճնշման ուժեղացմամբ։

Չի բացառվում, որ արտաքինից բացի, վերջին օրերին դրամի նկատվող ամրապնդումն ուղղակի կապված լինի նաև այն օրենսդրական նախաձեռնության հետ, որով առաջարկվում է արգելել տարադրամային հիպոթեքային վարկերի տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին։ Դա կարող էր դրդել բանկերին կուտակած տարադրամային միջոցների մի մասը վերածել դրամի։

Անկախ նրանից, թե ինչի հետևանք է ազգային արժույթի շարունակվող ամրապնդումը, դրա հետևանքով ներքին տնտեսության խնդիրները գնալով ավելի են սրվում։ Որքան էլ համարենք, որ տարադրամի էժանացումը զսպում է դրսից ներմուծվող գնաճը, դա մյուս կողմից՝ լուրջ տնտեսական խնդիրներ է ստեղծում տեղական արտադրանքի համար՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկայում։ Ներքին շուկայում ևս թուլանում է տեղական արտադրանքի մրցունակությունը ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Արտաքին շուկաների մասին էլ չենք խոսում, որտեղ մեր արտադրանքի պաշտպանվածության աստիճանը, բնականաբար, ավելի ցածր է։

Եթե մինչև վերջերս դեռ լավ էր, որ ազգային արժույթի ամրապնդման հետևանքով մեծ խնդիրներ չկային ռուսական շուկայում, հիմա այստեղ ևս սկսել են խնդիրներ առաջանալ՝ կապված ռուբլու թուլացման հետ։

Ռուբլու թուլացման հետևանքով հայկական ապրանք արտահանողները ֆինանսական կորուստներ են կրում։ Խոսքը ռուբլով կնքված պայմանագրերին է վերաբերում։ Եթե 2-3 ամիս առաջ ռուբլին կարողանում էին փոխանակել ընդհուպ մինչև 6,7-6,8 դրամով, հիմա ռուբլու փոխանակման գինը 5,15 դրամ է։

Մի քանի ամսվա ընթացքում ռուբլու փոխարժեքը Հայաստանի արժութային շուկայում իջել է առնվազն 22 տոկոսով, ինչը լուրջ կորուստ է այս շուկայում իրենց ապրանքներն իրացնող հայաստանյան արտադրողների համար։

Հիշեցնենք, որ անցած տարվա տվյալներով, Հայաստանից արտահանման 45 տոկոսը գնացել է ռուսական շուկա։

Դա, իհարկե, ամբողջությամբ մեր տնտեսության բաժինը չէ, բայց նաև փոքր մասը չէ։ Ուստի, արտահանման այս շուկայում գործող տնտեսվարողները չեն կարող անմասն մնալ ռուսական ֆինանսական շուկայում տեղի ունեցող նման տեղաշարժերի բացասական հետևանքներից։

Բայց դա միայն ռուբլու շուկային չի վերաբերում։ Դրամը վերջին մեկ տարում էապես ամրապնդվել է ու դեռ շարունակում է ամրապնդվել նաև դոլարի ու եվրոյի նկատմամբ՝ թուլացնելով այդ արժույթների շուկաներում հայկական ապրանքների մրցունակությունը։ Տնտեսության արտահանելի հատվածը դրանից լուրջ ֆինանսական վնասներ է կրում։

Չնայած դրան, իշխանությունները չեն պատրաստվում ինչ-որ կերպ մեղմել տնտեսության կորուստները։ Անցած տարի պետական բյուջեից 25 մլն դոլար տվեցին ՏՏ ոլորտին՝ որպես աջակցություն, իսկ մյուսներին անտեսեցին։ Թեև ՏՏ-ն, կարելի է ասել, դրամի արժևորումից տուժած՝ աջակցության ամենաքիչ կարիքն ունեցող ոլորտներից մեկն էր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս