Բաժիններ՝

Օտարերկրյա ներդրումներն ամենացածր կետին հասել են 2020 թվականին. Տնտեսագետ

Օրերս ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր՝ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով:

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակել և շուտով Կառավարության հաստատմանը կներկայացնի Ներդրումային քաղաքականության ռազմավարությունը:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը  նախարարի մատնանշած աճն իբրև հաջողություն ներկայացնելը ճիշտ չի համարում. 168.amի հետ զրույցում նա պարզաբանեց՝ օտարերկրյա ուղիղ ներդրումները ՀՀ-ում վերջին տարիներին շատ ցածր են, այսինքն՝ մեկ ներդրումն արդեն կարող է պատկեր փոխել, սակայն չարտացոլել երկրի կոնկրետ միտումները:

«Այստեղ կարևոր է ՀՆԱ-ի հետ համադրությունը, այլ ոչ թե, օրինակ, աճը նախորդ տարվա նկատմամբ, որովհետև այժմ ՀՀ-ում  այնքան ցածր է օտարերկրյա  ներդրումների ներքհոսքը, որ 20 տոկոսով և նույնիսկ 2 անգամ աճը ոչինչ չի փոխում,- շեշտեց տնտեսագետը՝ հավելելով,- Օտարերկրյա ներդրումները մոտ տասը տարվա ընթացքում նվազում են և ամենացածր կետին հասել են 2020 թվականին, երբ մաքուր ներհոսքը բացասական էր, կամ զրոյին մոտ:

Դրանից հետո սկսվեց աճը, իսկ 0-ից աճելը շատ հեշտ է, բայց 20 տոկոսով ներդրումների աճը չպետք է հաջողություն ներկայացվի (էլ չասած, որ նույն դոլարի գնաճը եղել է շուրջ 9 տոկոս, և այստեղ էլ մաքուր աճը շատ ավելի ցածր է)»:

Կարդացեք նաև

Ներդրումների նվազման պատճառներին անդրադառնալով՝ մեր զրուցակիցը դա պայմանավորեց ինչպես ցածր եկամտաբերությամբ՝ ենթակառուցվածքային կամ հանքահումքային ոլորտներում՝ արվող ներդրումների քաղաքականությամբ, այնպես էլ՝ լոգիստիկ խնդիրներով:

«Բացի այդ՝ իհարկե, վստահության խնդիրներ կան և նաև՝ մարդիկ, մանավանդ պատերազմից հետո, չեն ուզում ՀՀ-ում ներդրումներ անել՝ վախենալով, որ գուցե Հայաստանը նոր հարվածի զոհ դառնալ, և իրենց ներդրումները կամ գին կկորցնեն, կամ կոչնչացվեն:

Այդպիսով, այդ մտավախությունները բացասաբար են ազդում ներդրումային ակնկալիքների և ծրագրերի վրա»:

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Վահան Քերոբյանի մատնանշած հեռանկարը, թե  տարեկան ներդրումների ծավալը պետք է հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին, Հրանտ Միքայելյանը պատասխանեց. «Եթե մենք խոսում ենք բոլոր ներդրումների, այդ թվում՝ ներքին ներդրումների մասին (իսկ ներքին ներդրումները ՀՀ-ում ներդրումների շուրջ 90 տոկոսն են կազմում), ապա դա ցանկալի արդյունք է, սակայն չէի ասի՝ մոտակա տարիների ընթացքում խիստ հավանական է»:

Տեսանյութեր

Լրահոս