Այս իշխանությունն իր գլխավոր խնդիրը՝ անվտանգության ապահովումը, ձախողել է, հետևապես՝ մնացածն առոչինչ է․ Մարինե Պետրոսյան

Այսօր իրավիճակը շատ բարդ է, աշխարհում կատարվող շատ բան պարզ չէ, խորքային, գլոբալ, կարևոր, հիմնային փոփոխություններ են տեղի ունենում՝ նման ԽՍՀՄ փլուզմանը։ Փաստն այն է, որ այն մի փոփոխությունից մենք շահած դուրս եկանք, արցախյան հաղթանակով վերականգնեցինք մեր պետականությունը։ Հիմա դարձյալ փոփոխության շեմին ենք։ Բայց եթե այն ժամանակ Հայաստանում կար ազգային գաղափար, մարդիկ պատմավեպեր էին կարդում, և արցախյան շարժումը մարմնավորվեց այդ գաղափարներով, այսօր ազգային գաղափարը նահանջել է, Փաշինյանի մնալն անհավատալի է։ Ազգայինի փոխարեն՝ մեկ ուրիշ գաղափար է առաջ եկել, որն աննկատ և փափուկ է ներդրվել, դրա տեղը լրացրել է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը:

«Մենք ներսում ենք պարտվել, ինքներս մեզ, ոչ թե թուրքերին։ Պետք է հասկանալ՝ ինչի դեմ պայքարել։ Փաշինյանին ասում էին «թուրք», բայց դա թույլ փաստարկ է, քանի որ եթե նա գար որպես թուրք, չէր հաղթի։ Ինքն ու թիմը եկել են փափուկ, գրավիչ գաղափարներով, այստեղ նաև գլոբալ ուժեր կան։ Ամբողջ վտանգն այն է, որ Փաշինյանը, նրա թիմն ու քարոզչությունը վտանգավոր ձևով ամեն օր մի նոր ու հակասական բան են ասում, դա տակտիկա է։ Մտքի դաշտը քանդված է Հայաստանում, նա ինչ ասես՝ կարող է ասել։ Ծանր է Փաշինյանի ելույթներին հետևելը։ Նրա հիմնական քարոզչական սյուներից մեկն այն է, որ ազգայինը հակադրում է պետականին, իսկ դա շատ վտանգավոր է և հիմքից քանդում է հայոց պետությունը։ Ի վերջո, Հայաստանն ազգային պետություն է։ Չարենցի ժամանակ դա կարելի էր անել, քանի որ ԽՍՀՄ-ում պետականն ու ազգայինը տարբեր էին, բայց ոչ այսօր»,- ասաց արվեստագետը:

«Խորհրդային տարիներին ազգայինն ավելի նեղ գաղափար էր և հակադրվում էր պետականին։ Հայաստանում դա հնարավոր չէ, իսկ ասենք՝ ԱՄՆ-ում հնարավոր է։ Ակնհայտ է, որ Հայաստանը քաղաքականապես հեռանում է Ռուսաստանից և թեքվում է դեպի Արևմուտք։ Ռուս-ուկրաինական պատերազմը մեծ հաշվով ռուս-ամերիկյան պատերազմ է։ Մի կողմից՝ ԱՄՆ-ն է, որը կորցնում է իր գերիշխանությունը, մյուս կողմից՝ ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը, և մեզ համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Հայաստանում մտավոր խավն ուզում է ազատություն և մարդու իրավունքներ, բայց դրա ջատագով ԱՄՆ-ը մեր կողմից չէ, ոչ էլ ակնհայտ մեր դեմ է, և մարդկանց դժվար է կողմնորոշվել։ Քաղաքական դաշտը հայտնվել է թակարդի մեջ, և ելքը կարող է գտնվել մտավոր դաշտում, որ Հայաստանը ոտնատակ չգնա»,- նշեց Մարինե Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Մտավորականի կարծիքով՝ պետք է գնալ ոչ թե ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի, այլ սեփական շահի հետևից. «Համարվում է, որ պետության գլխավոր խնդիրը բարեկեցություն ապահովելն է, բայց Հայաստանի դեպքում դա ամենագլխավորը չէ։ Հայկական պետությունը պարզապես բարեկեցություն ապահովող չէ։ Վտանգավոր է, որ մարդկանց գիտակցության մեջ դրանք հակադրվել են, բայց դա գալիս է անկախության առաջին տարիներից։ Մեր անկախությունը, արցախյան պատերազմը համընկան ԽՍՀՄ փլուզման և կապիտալիզմի հետ, և շատերն աղքատությունը դրան վերագրեցին։ Շատ մարդիկ չեն գիտակցում, որ մեր այսօրվա խնդիրը ոչ թե բարեկեցությունն է, այլ անվտանգությունը։ Մենք ոչ թե գոյաբանական, այլ պետության պահպանման խնդրի առաջ ենք, քանի որ եթե պետությունը վերանա, հայ ժողովուրդը դարձյալ կդառնա անպետություն ազգ։ Եթե գլխավոր խնդիրը ձախողել են, մնացած ամեն ինչը դառնում է առոչինչ»:

«Միջին մարդու գիտակցության մեջ պարտադիր չէ, որ լինի պետության գաղափար, դրա համար կան էլիտաներ։ Սովորական մարդիկ պարտավոր չեն մշտապես մտածել պետության մասին, նրանք պարզապես ապրում են։ Հայ ազգը մի բան էլ շատ է մտածում պետության մասին, բայց իշխանությունը պետությունը հանգեցնում է բարեկեցությանը և հակադրում է Արցախին։ Մենք կորցրինք արցախյան հաղթանակը, քանի որ Հայաստան պետությունը չկարողացանք կառուցել այդ հաղթանակի վրա, դա Տեր-Պետրոսյանի սխալն էր։ Պետք էր կառուցել սոցիալական Հայաստան, որ պատերազմի մասնակիցների համար բարեկեցություն ապահովվեր կամ գոնե նրանց վատ ապրելը բարոյապես գնահատվեր։ Մենք կրկնօրինակում ենք ամերիկյան կապիտալիզմը՝ առանց սոցիալական ապահովության»,- ամփոփեց Մարինե Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս