«Կգտնվի՞ մարդ, որ չի զզվի էդ տեսարանից. մարդկանց 90%-ը հոգնել է Փաշինյանից». Մարինե Պետրոսյան

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանն այն կարծիքին է, որ չարժե կենտրոնանալ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի պահվածքի վրա՝ «առաջին անգամը չէ»:

«Ես նայեցի և ընդամենը մի քիչ ուրախացա, որովհետև լրիվ չափն անցավ, և արդեն չգիտեմ՝ կգտնվի՞ մարդ, որ չի զզվի էդ տեսարանից: Մի երկու հոգի երևի կգտնվեն: Ակնհայտ է, որ Փաշինյանն իջել է արդեն այդ մակարդակի: Դա մի կողմից՝ լավ է, որովհետև ուրիշ տարբերակ չի մնացել նրա մոտ, դա է մնացել: Բայց իր մոտ պարբերաբար լինում է դա: Փողոցում ինձ անծանոթ մարդիկ բարևում, խոսում են, ես ժողովրդի տրամադրությունները գիտեմ, և գիտեմ, որ լրիվ մեծամասնությունը, 90 տոկոսն իրենից հոգնած է: Բայց ցավոք դա չի նշանակում, որ ընտրություններում հաղթելու շանս նա չունի: Մարդիկ հասկացել են՝ Նիկոլ Փաշինյանն ով է, բայց մյուս կողմից էլ՝ այդ այլընտրանքը չի ձևավորվում, և անհավատալի է, բայց նախկիններ-նախկիններ որ ասում են՝ դեռ աշխատում է: Դա սարսափելի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Բանաստեղծի դիտարկմամբ՝ մարդկանց մեջ 30 տարի կուտակվել է սոցիալական ատելություն, որը շահարկվել է համարյա բոլոր ընդդիմադիրների կողմից. «Ցավոք, Փաշինյանը դրա ամենամեծ վարպետն էր: Բայց մյուս կողմից՝ մարդկանց մեջ հարց կա՝ Փաշինյանից հետո ինչ է լինելու, որովհետև այդ պատերազմի վախը, որ ինքը ներարկում է, մարդկանց մեջ կա: Այդ բանը կա, որ ընդդիմադիրները ռևանշիստներ են, հես է՝ կռիվ է լինելու: Շշշմելու բան է դա: Մարդկանց գիտակցությունը հեշտ կառավարվող է, եթե ձևերը գիտես, և իսկապես մարդկանց մեջ վախ կա:

Ժամանակը քիչ է, բայց պետք է մտային դաշտում ձևակերպենք այդ այլընտրանքը՝ ի՞նչ ենք ուզում: Ես խնդիրն այսպես եմ տեսնում՝ մենք վերականգնենք մեր ազգային պետությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանն ազգային պահերը քանդել է, ողնաշարը քանդել է և ուզում է կառուցել լավ ապրելու պետություն: Եթե ինքը դա անի, հնարավոր է՝ ինչպես ինքն է ասում, կադաստրով դեռ մնանք՝ որպես ֆորմալ հանրապետություն, բայց մենք կվերանանք, կդառնանք Թուրքիայի մարզ: Փաշինյանն այսօր որպես մարզպան է աշխատում»:

Կարդացեք նաև

Մարինե Պետրոսյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրը մարդկանց մոտ առկա հուսահատությունը հաղթահարելն ու ազգային զարթոնք ստեղծելը պետք է լինի:

«Եթե դու զգում ես վտանգ, ուժերդ հավաքում ես. տեսակի վերածնունդ էլ է լինում: Հայերիս դա է պետք: Հայտնի բան է, որ երբ վտանգ ես զգում, ուժերդ բազմապատկվում են, դու կարող է սովորական ժամանակ ընկնես, բայց երբ վտանգ կա, հավաքում ես ուժերդ, ցատկ ես կատարում և թռնում ես անդունդի վրայով: Ես ուզում եմ, որ մտավոր դաշտում մենք ստեղծենք այդ վերելքը:

Մենք Արցախում պարտվել ենք, որովհետև 30 տարում չենք կարողացել մեր ազգային ուժեղ պետությունը կառուցել: Իհարկե, չեմ համեմատում, նախկին երեք նախագահները հաղթանակը պահել էին, բայց մեկ է, սխալներ այնտեղ էլ կային: Սխալներ բոլորն էլ գործել են, պայմանական ասած՝ ամենասխալը ես էի, և եկեք հիմա ոչ թե սխալների վրա կենտրոնանանք, այլ հասկանանք՝ ինչ ենք անում: Տեսեք՝ նոր ուժեր չկան, բոլորս նախկին ենք: Եթե ասենք, որ սխալներ ենք արել, բայց հիմա ուժեղ պետություն ենք կառուցում, մի պետություն, որտեղ բոլորը պետք է ապահով լինեն, հայերը գան Հայաստան»,- ընդգծեց նա՝ շեշտելով՝ անկախ լինելը կադաստրի թուղթը չէ, այլ այն, որ դու ես որոշում՝ ինչ անես, ոչ թե ուրիշը:

«Հայոց անկախությունը արցախյան պայքարի վրա էր ձևավորվել, և հիմա մենք մեր անկախությունը կորցրել ենք: Ինչպես ասացի՝ մենք ունենք մարզպան: Նիկոլ Փաշինյանը մարզպան է, մենք անկախությունը կորցրել ենք, բայց ոչ՝ վերջնական»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս