Նիկոլ Փաշինյանը դատում է, որ չդատվի. փոքր մարդկանց մեծ բարդույթները

Ցանկացած իշխանություն, ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա իր գործունեության ընթացքում ունենում է սխալներ, բացթողումներ, կանխամտածված կամ ոչ՝ խախտում է օրենքներ։ Դա օբյեկտիվ իրականություն է, որից զերծ չէ որևէ իշխանություն, անգամ ամենաիրավական ու կայացած պետությունում։ Բայց յուրաքանչյուր իշխանության գործունեության հավաքական գնահատականը, ի վերջո, այն համընդհանուր արդյունքներն են, որոնք արձանագրվում են դրա պաշտոնավարման շրջանում։ Հասկանալի է, որ այդ արդյունքները չեն կարող լինել ոչ միանշանակ դրական, ոչ էլ միանշանակ բացասական, որովհետև պետությունների կյանքում միարժեք երևույթներ չեն լինում։ Ահա այդ առումով որևէ իշխանության գնահատման համար պատմական հեռանկարի տեսանկյունից քննարկվում են այն գլոբալ արդյունքները, որոնք կարևոր են եղել պետության համար։

Հասկանալի է, որ ցանկացած հաջորդ իշխանության համար մեծ է գայթակղությունը՝ փորփրելու իր նախորդների գործունեությունը՝ հանցավոր պատմություններ բացահայտելու կամ հնարելու նպատակով, եթե այդ իշխանությունն առաջնորդվում է ոչ թե պետության, այլ իշխանության պահպանման շահերով։ Հենց այդպիսին է Հայաստանի  այսօրվա իշխանությունը։ Խնդիրն այն չէ, որ նախորդ իշխանությունները չեն գործել սխալներ, բացթողումներ կամ հանցանքներ։ Ավելի կարևոր է, թե նախորդ իշխանությունների, ընդհանուր առմամբ անցյալի գնահատման ժամանակ ինչ չափանիշներ են առաջադրվում և ինչն է համարվում առաջնային։

Հենց դա է հնարավորություն տալիս գնահատել՝ ինչպիսի վերաբերմունք ունի գործող իշխանությունն այն ամենին, ինչն անվանում են ինստիտուցիոնալ հիշողություն։ Նիկոլ Փաշինյանին նախորդած երեք իշխանությունները՝ յուրաքանչյուրն իր սխալներով, բոլորը՝ իրենց արատներով հանդերձ, ժառանգություն են թողել ազատագրված Արցախ, արցախյան հակամարտության լուծման արժեքավոր բանակցային ժառանգություն, անվտանգ Հայաստան՝ ավելի կամ պակաս չափով կենսունակ համակարգերով, այդ թվում՝ բանակով, և այդպես շարունակ։

Այս երեք իշխանությունների թողած հավաքական ինստիտուցիոնալ հիշողությունը, կրկին, բոլոր թերություններով հանդերձ, հաղթական հիշողություն էր, որը պարունակում էր ազգային արժանապատվություն և հպարտություն։ Բոլոր թերություններով հանդերձ։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ ինստիտուցիոնալ հիշողությունից ջնջեց հաղթականությունը, արժանապատվությունն ու հպարտությունը փոխարինեց ազգային նվաստացմամբ, պարտություններով, հազարավոր զոհերով, կորուստներով ու ամոթով։

Բայց միայն դրանով նա չի բավարարվել և ամենատարբեր քրեական գործերով հիմա դատում է բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել արցախյան պատերազմում տարած հաղթանակներում՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, մինչև Սեյրան Օհանյան ու Յուրի Խաչատուրով։ Ցանկը շատ երկար է։ Բայց ավելի կարևոր է ոչ այնքան առանձին անհատների պատմությունը, որքան այս գործընթացի հավաքական նշանակությունը։ Իսկ դա հանգում է նրան, որ նորանկախ Հայաստանի պատմությունից ջնջելով հաղթականությունը, Նիկոլ Փաշինյանը, իր պատկերացմամբ, պատժում է բոլոր նրանց, ովքեր նպաստել են այդ հաղթանակին։ Նա առաջնորդվում է՝ «չկա հաղթանակ, չպետք է լինեն նաև հաղթանակն ապահովածներ» սկզբունքով։

Եվ կրկին՝ խնդիրն այն չէ, որ անցյալում գործած պաշտոնյաների գործունեությունն իդեալական է եղել, և ցանկության դեպքում հնարավոր չէ հանցանքի հիմքեր գտնել, ամենևին ոչ։ Խնդիրն այն է, որ բոլոր թերություններով հանդերձ, այդ անցյալն ապահովել է այնպիսի արդյունքներ, որոնց համատեքստում որևէ զորամասի օտարման կամ նյութական այս կամ այն գործարքի վերհանումը նշանակում է նսեմացնել անցյալի արդյունքները։

Հնարավոր է՝ պեդանտության, իրավական ֆորմալիզմի տեսանկյունից անհրաժեշտ է հատ-հատ քննարկել անցած երեսուն տարվա պատմության բոլոր դրվագները։ Բայց պեդանտությամբ պետություն չեն կառուցում, ֆորմալիզմով ավելի հեշտ է քանդել պետությունը, ինչով էլ հիմա ըստ էության զբաղված է Նիկոլ Փաշինյանը։

Ընդ որում, բացի իրավական նրբերանգներից, իսկ իրականում՝ դրանցից ավելի, այս գործընթացն ունի քաղաքական ու հոգեբանական ասպեկտներ։ Պատերազմի ողբերգական ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն ապրում է պարտվածի բարդույթով և նրա համար անձնական թշնամիներ են բոլոր նրանք, ովքեր կարողացել են չպարտվել և ովքեր հաղթել են։ Նիկոլ Փաշինյանը, ահա, պարտվել է նրանց, ում և ում նախորդներին հաղթել են Հայաստանի նախկին երեք իշխանությունները, և նրա մոտ ավելի մեծ բարդույթ է առաջացել ոչ այնքան՝ բուն Ադրբեջանից, այլ՝ բոլոր նրանցից, ովքեր, ի տարբերություն իրեն, չեն պարտվել Ալիևներին։

Ժողովուրդների պատմությունը ցույց է տալիս, որ չնչին բացառություններով, դատում են պատերազմում պարտվողներին։ Հայաստանում, ինչպես հանրային ու պետական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, այս սկզբունքը նույնպես գործում է հակառակ տրամաբանությամբ։ Իսկ դա նշանակում է, որ ի հեճուկս հաղթողներին չդատելու մասին պատմական օրինաչափության, Հայաստանում դատում են հենց հաղթողներին։ Եվ, ճակատագրի ողբերգականությամբ, դա անում են պարտվողները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս