Հերիք է՝ ամբողջ պատասխանատվությունը դնեն վարորդների ուսերին. Վարորդները պահանջում են վերահսկել գազաբալոնների տեղադրման շուկան
«ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը 2022թ. օգոստոսի 1-ից սկսել է խիստ վերահսկողություն իրականացնել։ Դիտարկվել է շուրջ 1000 գազալցակայան և բենզալցակայան, որտեղ արձանագրվել է շուրջ 730 իրավախախտում: Բոլոր իրավախախտումների համար կիրառվել են համապատասխան պատասխանատվության միջոցներ»,- 168.am-ի հարցին, թե Հայաստանում օգոստոսի 1-ից չպետք է լիցքավորվեին տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չէին լինի լիցենզավորված կազմակերպության կողմից, այս առումով Տեսչական մարմինն ի՞նչ է արձանագրել. արդյո՞ք բոլոր գազալցակայաններն են հետևել օրենքին, թե՞ եղել են խախտողներ, պատասխանեց տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է իրավախախտման արդյունքում տուգանքի չափին, մեր զրուցակիցը նշեց, որ առաջին անգամ իրավախախտում հայտնաբերելու դեպքում տուգանք է նշանակվում 200.000 դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում իրավախախտումը կրկնելու դեպքում՝ 400.000 դրամի չափով:
«Տնտեսվարողների մեծ մասը տեսչական մարմնի արձանագրած խախտման հիման վրա ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, փորձում են վերացնել արձանագրված խախտումները: Եվ տնտեսվարողների մյուս հատվածը, ուղղակի չհամաձայնելով տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումներին՝ փորձում է կարգադրագրերը բողոքարկել դատական կարգով: Կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում նաև դրա կատարումը, եթե առկա չէ դատարանի միջանկյալ որոշում՝ կարգադրագրի կատարումը կասեցնելու մասին»,- հավելեց Գարեգին Խաչատրյանը:
«Մենք՝ հայերս, սիրում ենք ամեն ինչ ուշացած անել, բայց հազիվ առիթ է, մեծ մասը ստուգում է բալոնները: Օրինակ, ես 10 տարի չէի ստուգել»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
Մյուսն էլ կարևորեց ապահովել անվտանգ գազաբալոնների վաճառքը:
«Եթե գազի բալոն տեղադրողներն ու վաճառողները հստակ տիրապետեն գործին, կեղծիքներ չանեն, ապա շահագործումը կլինի անվտանգ, և բալոնների ստուգման բեռը դուրս կգա հասարակ քաղաքացու ուսերից: Թող վերահսկեն այդ շուկան: Հերիք է ամբողջ պատասխանատվությունը դնեն վարորդների ուսերին»,- նշեց մեկ այլ վարորդ:
Վարորդները տեղեկացրեցին նաև, որ կան գազալցակայաններ, որ առանց վկայագրման լցնում են, կան, որ մերժում են:
Հիշեցնենք, որ Հայաստանում ավտոմեքենաների գազաբալոնների ստուգումը պարտադիր է դարձել 2022-ի օգոստոսի 1-ից։ Դա արվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում 𝟐𝟎𝟐𝟐 թ. փետրվարի 𝟏𝟖-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն, ըստ որի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։
Հիշեցնենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին՝ շարունակաբար հետևողական է լինելու, որպեսզի վկայագրման գործընթացն իրականացվի բացառապես օրենքով սահմանված կարգով՝ թույլ չտալով առանց համապատասխան ծառայությունների մատուցման վկայագրերի տրամադրումը։