Բաժիններ՝

Վարորդը հարցին չպատասխանեց, ասաց՝ տեսախցիկը նկարում է, պատասխան եմ պահանջել Քաղաքապետարանից, ի՞նչ ֆինանսական տույժի մասին է խոսքը. Իզաբելլա Աբգարյան

Օրերս համացանցում ձայնագրություն էր տարածվել, որտեղ ենթադրյալ ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմը հրահանգում է վարորդներին՝ քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում ավտոբուսն ուղղակի չվարել։ Խոսքը 150 դրամ չվճարողների մասին է։

Երևանի ավագանում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը վստահեցնում է՝ 150 դրամների բոկոտը շատ քաղաքացիների համար դարձել է սովորական կենսակերպ, մարդիկ պարզապես չեն վճարում, և այդ բոյկոտը շարունակվում է։

«Ինքս հանրային տրանսպորտով անընդհատ երթևեկող մարդ եմ, իմ դիտարկմամբ կարող եմ ասել, որ 150 դրամ բոյկոտող մարդկանց թիվը չի պակասել։ Մենք միայն խնդիր ունենք մետրոյում, այնտեղից էլ մարդիկ սկսել են քիչ օգտվել։ Մարդիկ, որոնք օգտվում էին մետրոյից, սակայն 150 դրամը բոյկոտելու հնարավորություն չկա, նրանք սկսել են երթևել ավտոբուսներով։ 8800 դրամ փաթեթն ակցիայի տակ էր գործում, երբ հաջորդ ամիս այս ակցիան դադարի գործել, մենք ավելի տխուր պատկեր կունենանք։

Մարդիկ, որոնք բոյկոտի առաջին օրվանից որոշում են կայացրել չվճարել 150 դրամ, շարունակում են չվճարել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Իզաբելլա Աբգարյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է տարածված հայտնի ձայնագրությանը, Իզաբելլա Աբգարյանը նկատեց՝ այն, ինչ լսել է, պարզապես խայտառակություն է։

«Այն, ինչ լսեցիք այդ ձայնագրությունում, տեսնում ենք նաև մեր աչքերով, որովհետև տեսնում էինք, որ ավտոբուսները հետևի դուռը փակում էին մարդկանց վրա։ Ինքս երբ նստեցի 74 համարի երթուղին, վարորդը հրաժարվեց շարժվել, մինչև ես չվճարեմ։ Ստիպված եղա ցույց տալ ավագանու իմ վկայականը և բացատրություն պահանջել վարորդից, թե ի՞նչ իրավունքով է կանգնել ու չի շարժվում։ Վարորդն ինձ պատասխանեց, որ այս գործողություների հետևանքով ինքը տուժում է, երբ հետաքրքրվեցի, թե ինչպես է տուժում, պատասխանեց՝ ամեն ձևով։

Ես շարունակեցի հետաքրքրվել, թե արդյո՞ք ֆինանսապես է տուժում, նա ինձ դրական պատասխան տվեց։

Հարցրեցի նաև, թե ի՞նչ մեխանիզմ է կիրառվում, սակայն վարորդը պատասխանեց, որ տեսախցիկը նկարում է, ոչինչ ասել չի կարող։

Ինքս գրությամբ Քաղաքապետարանից պահանջել եմ տրամադրել հենց տեսախցիկի արձանագրությունը, նաև պատասխան, թե ի՞նչ ֆինանսական տույժի մասին է խոսքը։ Տվյալ պարագայում պետք է զբաղվեն նաև իրավապահները։ Միաժամանակ ապշած եմ, թե ինչպես է այս ամենին անտարբեր մնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը»,- հավելեց ավագանու անդամը։

Մեր զրուցակիցը նաև հույս հայտնեց, որ մարտի 11-ին կայալիք ավագանու նիստում կլինեն պարզաբանումներ՝ միաժամանակ շեշտելով, որ այսօր հանրային տրանսպորտում իր դիտարկումները ցույց են տվել, որ վարորդների կողմից կա որոշակի մեղմ վերաբերմունք 150 դրամ չվճարող քաղաքացիների նկատմամբ։

«Ինքս 150 դրամները վճարողներից տեխնիկական բնույթի բողոքներ եմ լսում, որ իրենց գումարը երկու անգամ են քաշում։ Ես չգիտեմ, ինձ մնում է այս մարդկանց բացատրել, որ համակարգը, ցանցը թերի է, ու եթե իրենք որոշել են այդ թերություներով հանդերձ վճարել, ապա հարց է առաջանում՝ որպես քաղաքացի՝ որքանո՞վ են հետաքրքրված, որպեսզի համայնքն իրենց որակյալ ծառայություն մատուցի։

Սա նույնն է, որ վճարողներն ասեն՝ այո, համաձայն ենք, որ թերի որոշումներով թերի ծառայություններ մեզ մատուցեն»,- ընդգծեց Իզաբելլա Աբգարյանը։

Տեսանյութեր

Լրահոս