«Իրավիճակը կարող է կտրուկ փոխվել համար մեկ բանակցողին՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու դեպքում». Արշակ Աբրահամյան

Արդեն 53-րդ օրն է՝ ադրբեջանական կեղծ բնապահպանները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ 120 հազար արցախահայերի թողնելով շրջափակման մեջ։

Ստեղծված իրավիճակում Արցախն իր հույսը դրել է իր ունեցած ռեսուրսների և հայ ժողովրդի վրա՝ փնտրելով իրավիճակից դուրս գալու ելքեր։

168.am-ի հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի ու ձեռնարկվելիք քայլերի մասին, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը նկատեց՝ ճանապարհային քարտեզը բնականաբար մշակվում է, ելքեր էլ միշտ փնտրվում են, սակայն այդ ամենը չպետք է գաղտնազերծել։

«Այդուհանդերձ ես կարող եմ մի քանի ուղենիշ նշել, որը պետք է նկատի ունենան Արցախի ու Հայաստանի բոլոր ազգային ուժերը և առաջնորդվեն այդ կարգախոսներով։ Մենք բոլորս այսօր հասկանում ենք, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել համար մեկ բանակցողին՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու դեպքում։ Այսինքն՝ պետք է գործիքակազմ մշակվի, որոնք նրան հեռացնելու համար ավելի կենսական են։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը մեզ հնարավորություն կտա գոնե խուսափել նրա կողմից ձեռք բերված բանավոր համաձայնություններից, որի հետևանքը մենք արդեն տեսնում ենք և՛ Արցախում, և՛ Հայաստանում։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Արցախի բնակչությանը, ապա այստեղ կա կոնսենսուս, համախմբված պայքարում են հանուն Արցախի հայկական մնալու։ Կարծում ենք, նույնը տեղի կունենա նաև ՀՀ բնակչության շրջանում, քանի որ մենք տեսնում ենք, որ բոլորը դեմ են Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Արշակ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ցանկանում են, որպեսզի Արցախի համախմբվածությունը տեղափոխվի նաև Հայաստան, քանի որ, եթե Արցախում հանրահավաքին մասնակցում է 120 հազար մարդուց, օրինակ, 72 հազարը և ավելին, ապա  Հայաստանում հանրահավաքներին մասնակցում են քիչ թվով մարդիկ։

«Վստահ եմ՝ ՀՀ իշխանությունը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ողջ Հայաստանը չէ, սա մենք Արցախում շատ լավ գիտակցում ենք, սակայն ցանկալի է, որ Հայաստանում ազգային ուժերը մշակեն նոր ու առավել կենսունակ գործողությունների ճանապարհային քարտեզ՝ ժողովրդի կամքը չարտահայտող իշխանություններին հեռացնելու համար»,- հավելեց Արշակ Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է Արցախի Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականին, որի վերաբերյալ որոշ ժամանակ առաջ խոսակցություններ էին շրջանառվում, մեր զրուցակիցն ասաց, որ անձամբ իրենք ի սկզբանե ասել են, որ ողջունում են ցանկացած անձի՝ Արցախ տեղափոխվելու և ապրելու գաղափարը։

«Ռուբեն Վարդանյանը՝ միջազգային կառույցների հետ կապեր ունենալու առումով, բավականին շատ ռեսուրսներ ունի, այսինքն՝ նա կարողանում է լայն գործիքակազմ օգտագործել հօգուտ Արցախի։ Մենք տեսնում ենք, որ միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նա մեկ մակարդակ բարձրացրել է Արցախի հիմնահարցի հնչեղությունը։ Արցախահայության մոտեցումը պետնախարարի հանդեպ դրական է, նա հաճախ է հանդիպում մարդկանց հետ, զրուցում։ Չնայած որոշ ուժեր թիրախավորում են Ռուբեն Վարդանյանին, բայց ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե այդ ուժերին ովքեր են ուղղորդում։

Այդ ուժերի գլխավոր խնդիրն այն է, որ Արցախում մտցնեն ներքին լարվածություն ու պառակտում, այդ ամենը հասկանում ենք և փորձում կասեցնել»,- եզրափակեց Արշակ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։

Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս