Նիկոլ Փաշինյանի կրեդոն՝ «Մաշնես ու ես»
Նիկոլ Փաշինյանի իշխանության բազմաթիվ առանձնահատկություններից մեկը Հայաստանի ապասուբյեկտայնացմանը զուգահեռ՝ սեփական անձի գերսուբյեկտայնացումն է։
Նրա իշխանության անցած շուրջ 5 տարիների ընթացքում Հայաստանը՝ որպես պետական կազմավորում, բովանդակորեն գրեթե ամբողջությամբ կորցրել է իր սուբյեկտայնությունը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ու առավել ևս՝ միջազգային քաղաքականության ասպարեզում։
Հայաստանի ողջ արտաքին քաղաքականությունը վերածվել է «սուվերենի փնտրտուք» հիշեցնող անարժանապատիվ մրցության։
Հայաստանի իշխանությունը՝ սեփական անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու համակարգ կառուցելու փոխարեն (ինչն ինքնիշխանության առանցքային տարր է), արդեն հինգ տարի զբաղված է «անվտանգության երաշխավորի» փնտրտուքով, իրականում, թեկուզև ոչ արդյունավետ ու թերություններով, սակայն գոյություն ունեցողի վարկաբեկմամբ, ու պատրանքային ավելի կատարյալի գովաբանությամբ, որը, սակայն, այդպես էլ միս ու արյուն չի ստանում։
Ահա այս ողջ գործընթացն անդառնալիորեն նվազեցրել է Հայաստանի սուբյեկտայնությունը, որովհետև սուվերեն որոնողի հետ որևէ իրեն հարգող պետություն չի խոսում, ավելի արդյունավետ է խոսել սուվերենի թեկնածուների հետ, ինչպես և վարվում են Հայաստանում ու Հայաստանի շուրջ հետաքրքրություն ունեցողները։
Հայաստանի ապասուբյեկտայնացման այս գործընթացը հանգեցրել է Նիկոլ Փաշինյանի անձի գերսուբյեկտայնացմանը։ Նա է Հայաստանում իշխանության կենտրոնը, բոլոր որոշումները կայացնողը, հպատակներին խրախուսողն ու ընդվզողներին պատժողը։ Գռեհկության բոլոր սահմաններն անցնող նրա հրապարակային հայտնությունները՝ տասնյակ թիկնապահների ու հարյուրավոր ոստիկանների տեսարաններով, ահա սեփական գերսուբյեկտայնության ցուցադրությունն են նաև։
Այս երկու զուգահեռ գործընթացները՝ Հայաստանի ապասուբյեկտայնացումը և Նիկոլ Փաշինյանի գերսուբյեկտայնացումը, հակադարձ համեմատական են, այսինքն՝ որքան թուլանում է Հայաստանը՝ որպես սուբյեկտ, այնքան ավելի է ամրապնդվում Փաշինյանը՝ որպես իշխանություն կրող սուբյեկտ։ Այսինքն՝ տեղի է ունենում անձնիշխանության ձևի գերհզորացում՝ ի հաշիվ պետության քաղաքական բովանդակության։
Ընդ որում, ձևականորեն ուժեղացող իշխանությունն ըստ էության դատարկ է բովանդակորեն, քանի որ սուբյեկտայնությունից զուրկ պետության մեջ իշխանություն ունենալը նման է ուրիշին պատկանող ավտոմեքենա վարելուն։ Խնդիրն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության ձևի ու պետության բովանդակության այս այլասերումները որևէ նշանակություն չունեն, քանի որ նրան հուզում է հենց այդ ձևը և ոչ երբեք՝ բովանդակությունը։
Ավելին, գուցե նա անգամ չի գիտակցում սեփական իշխանության կոմիզմը, հնարավոր է՝ նա լուրջ է ընդունում զգաստ կանգնող նախարարների ու պատիվ տվող գեներալների պատկերը և դա համարում է՝ որպես իրական իշխանության արտահայտություն։
Իսկ գուցե նա լավ էլ հասկանում է սեփական իշխանության դատարկությունը և երջանիկ է հատկապես նրանով, որ դա ապահովում է մի կողմից՝ վայելքներ, մյուս կողմից՝ անսահմանափակ ռեսուրսներ, որոնք կարելի է վայելել նաև իշխանությունից հետո։
«Երբ ձեզ համար կազմակերպում են դիվանագիտական ընդունելություններ, և երբ դուք հնարավորություն եք ստանում յուրացնել ներքին ռեսուրսները, այլևս կարևոր չէ, թե իրականում որքան դատարկ է ձեր իշխանությունը»,- այսպես է բնորոշում ձախողված պետությունների ձևական ղեկավարներին Տարոն Աճեմօղլուն, ով երևի հենց այդ պատճառով էլ հրաժարվեց ընդունել Հայաստանի համար աշխատելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը։
Հարություն Ավետիսյան