«Էս մեր հաշվապահը ո՞նց ա դատավոր աշխատելու», կամ՝ ուսումնասիրելով Վարչական դատարանի ապագա 14 դատավորների կենսագրությունը
Հունվարի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ավետեց 14 ապագա դատավորներով վարչական դատարանի դատավորների շարքերը համալրելու լուրը:
Նշել էին, որ դատավոր դառնալու համար դիմած 30 հավակնորդներից միայն 14-ին է հաջողվել հաղթահարել երկու փուլերն էլ:
«Նրանք մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո՝ կընդգրկվեն վարչական դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում, որից հետո, ըստ թափուր հաստիքների, կնշանակվեն դատավորի պաշտոնում»,- նշված էր ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ։
Հրապարակել էին նաև 14 ապագա դատավորների լուսանկարները: Սա երևի թե լրահոսի հերթական լուրը կլիներ, եթե 168.am-ի խմբագրություն զանգահարած մեր ընթերցողներից մեկը, անդրադառնալով ԲԴԽ-ի հրապարակած հաղորդագրությանը, հռետորական հարց չհնչեցներ՝ բա մեր հաշվապահը դատավոր ո՞նց է աշխատելու:
Որոշեցինք ուսումնասիրել 30 հավակնորդներից մրցույթի երկու փուլերը հաղթահարած Վարչական դատարանի 14 ապագա դատավորների կենսագրությունները՝ տեղադրված հենց ԲԴԽ պաշտոնական կայքում, և շատ տխուր արձանագրումներ կատարեցինք:
Ապագա դատավորների գերակշիռ մասն այնքան աղքատիկ կենսագրություն ուներ, որ դժվար է պատկերացնել՝ գործդ երբևէ նրանցից որևէ մեկի մոտ քննվելուց հետո ինչ արդյունք կարող ես ունենալ: Իսկ Վարչական դատարանում քննվում են վարչական վեճեր, այդ թվում՝ աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող բողոքներ, տույժ-տուգանքների հարցեր: Եվ առհասարակ այդ դատարանում քննության առարկա կարող է դառնալ ցանկացած վարչական ակտ:
Եվ այսպես՝ ներկայացնենք զուտ վիճակագրական վերլուծություն:
14 ապագա դատավորներից 8-ը չունի բազային իրավաբանական կրթություն: Նրանց մեջ կան բազային կրթությամբ միջազգայնագետներ, պատմաբաններ, անգլերեն լեզվի մասնագետ, անգամ՝ տնտեսագետ:
Հետաքրքիր զուգադիպությամբ գրեթե բոլորը հետագայում իրավաբանի մասնագիտություն ստացել են Հյուսիսային համալսարանում 2-3 տարի իրավաբանություն ուսումնասիրելով:
14-ից երկուսը բազային իրավաբանական կրթություն ստացել է մասնավոր բուհ-երում:
Գրեթե բոլորը դատավորների օգնականներ են: Մեծ մասի աշխատանքային կարիերան աճ է գրանցել 2018թ.-ից հետո:
Ուշագրավ է, որ իրենց իսկ ներկայացրած ու ԲԴԽ-ի կողմից ընդունված ինքնակենսագրությունների մեջ տեղ է գտել, օրինակ, տարբեր միջոցառումների, սեմինարների, քննարկումների, կոնֆերանսների մասնակցած լինելու վերաբերյալ փաստը: Զավեշտալի է կարդալ, որ ապագա դատավորը որպես իր կենսագրության նշանակալից փաստ հենց դա է արձանագրել:
Տղաների դեպքում, օրինակ, հատուկ նշվել է ոչ միայն ծառայած լինելու հանգամանքը, այլև օրինակ այն, որ նա մասնակցել է մարտական հերթապահության:
Կան, ինչպես մեզ զանգահարած քաղաքացին էր պնդում, հաշվապահ աշխատած, ներկայումս մասնավոր բիզնեսում աշխատող, նախկինում՝ փականագործ ապագա դատավորներ, ԲԴԽ-ում ու Արդարադատության նախարարությունում, իհարկե, 2018թ.-ից հետո աշխատանքային արագացված առաջխաղացում ապահոված, յուրաքանչյուր հաստիքում մի քանի ամիս աշխատելուց հետո նոր բարձունքներ նվաճած անձինք: Մեծ մասն ունի փաստաբանի արտոնագիր, որոշներինը՝ արդեն իսկ կասեցված:
Ինչևէ, այս մարդիկ կդառնան դատավորներ: Որևէ մեկի մասնագիտական կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները կասկածի տակ չենք ուզում դնել: Կրկնում ենք, ներկայացրել ենք զուտ վիճակագրություն:
Ինչպես ասում են, կաշխատեն, կտեսնենք: Մենք միայն արձանագրել ենք փաստը: