«Մեր տղաներին հայրենիք ենք պարտք և վրեժ. չենք ուզում Եռաբլուրն էլ կորցնել». Գարիկ Գալեյան
«Հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1990-ական թվականներից առ այսօր մոտավորապես 7000-8000 շիրիմ կա, ինչքան շիրիմ կա, այդքան ոստիկան էին բերել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
«Եթե սեպտեմբերի 21-ին դիպուկահարները 3-ն էին, հունվարի 28-ին դարձել էին 6-ը։ Դիպուկահարները երևի պատրաստ են ընդհուպ հրահանգ ստանալու, որ կրակեն ծնողներին, եթե որևէ ծնող որևէ գործողություն կատարի․․․ Այս անգամ որևէ ոստիկան չմոտեցավ, չքաշքշեց մեզ, բայց ասեմ, որ այս անգամ կին ոստիկան էին բերել, որպեսզի, եթե խնդիր լիներ՝ մամաներին կին ոստիկանները բերման ենթարկեին, իրենք այս անգամ բավականին պատրաստված էին եկել։
Այս իշխանությունը վախ է զգում, վտանգը զգում է իրենց դավաճանական արարքների, վերջը իրենց մեջ կան մարդիկ, որ գիտակցում են՝ իրենք գնում են դավաճանական քայլերի։ Մեզ՝ ծնողներիս, դիտավորյալ փորձում են հունից հանել, սարքել մարդասպան: Հերիք չի, որ իրենք իրենց դավաճանության հետևանքով մեր տղաներին տարել սպանել են, այն տղաներին, որոնք մեր հայրենիքի սահման են պահելուց եղել․ կարծում եմ՝ իրենց համար խնդիր չի մեզ էլ սպանելը»,- ասաց զոհվածի հայրը։
Գալեյանը վստահեցրեց, որ անկախ դժվարություններից՝ իրենց պայքարը չի դադարելու, մինչև վերջ գնալու են, որպեսզի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն․
«Հարգելի՛ լրագրողներ, հարգելի; քաղաքացիներ, սիրելի՛ հայ ժողովուրդ, այս պայքարը չի դադարելու, մենք դուրս ենք եկել պայքարի, որպեսզի դավաճանները պատասխան տան։ Վերջը պետք է ազգը հասկանա, որ այս 5000 տղաները ու շարունակական զոհերը բանակում, ամեն օր նահանջելը, ամեն օր դիրք կորցնելը բերում է մեր երկրի կործանման․․․ Մենք չենք ուզում Եռաբլուրը կորցնենք, այ դրա համար մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Մենք մեր տղաներին հայրենիք ենք պարտք և վրե՛ժ․․․»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Ուշագրավ է, որ ոստիկանության բարձրաստիճան սպան Քննչական կոմիտեում ծնողների հետ առերեսման ժամանակ հերքել է տեղեկությունը, թե ծնողներին «Եռաբլուրը» ազատելու հրաման է եղել, մինչդեռ տասնյակ ծնողներ վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանը ծնողներին տարածքը ազատելու պահանջ է ներկայացրել սեփական նախաձեռնությա՞մբ, առանց վերադասի հրաման ունենալո՞ւ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում