«Ոչ մի օրինական պահանջ չի եղել. շատ բիրտ ու կեղտոտ ձևով բերման ենթարկեցին»․ Բագրատ Ուզունյան
«Սեպտեմբերի 21-ին ես և ինձ նման շատ-շատ ծնողներ գնացինք մեր երեխեքի տուն՝ Եռաբլուր, բայց շատ բիրտ ձևով, առանց զգուշացման՝ ոստիկանները եկան ու մեզ բերման ենթարկեցին»,- այսօր Վարչական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը։
Բագրատ Ուզունյանը մեկն է այն տասնյակ ծնողներից, որի դեմ ոստիկանությունը հայց է ներկայացրել դատարան, և այսօր դատական նիստ էր նշանակված։
Զոհվածի հայրն ասաց՝ մինչև այսօր էլ իր համար պարզ չէ, թե ինքն ի՞նչ օրենք է խախտել, որի համար իրեն բերման են ենթարկել, ապա հավելեց․
«Այդ օրը Եռաբլուր էր ուզում գալ այն մարդը, ով մեղավոր է այդքան զոհերի համար։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, մեղավորներն իրավունք չունեն մտնել Եռաբլուր․․․ Այդ օրն ինձ ոստիկանի կողմից ոչ մի պահանջ չի եղել, ինչի հիման վրա ինձ և մնացած ծնողներին բերման ենթարկեցին, իրենց բառերով, բայց դա արեցին շատ բիրտ ու կեղտոտ ձևով․․․»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Ուշագրավ է, որ ոստիկանության բարձրաստիճան սպան Քննչական կոմիտում ծնողների հետ առերեսման ժամանակ հերքել է տեղեկությունը, թե ծնողներին «Եռաբլուրը» ազատելու հրաման է եղել, մինչդեռ տասնյակ ծնողներ վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանը ծնողներին տարածքն ազատելու պահանջ է ներկայացրել սեփական նախաձեռնությա՞մբ, առանց վերադասի հրաման ունենալու՞:
Դավիթ Ուզունյանը ծնվել էր 2001 թվականի հունվարի 1-ին, նա 21-րդ դարում ՀՀ-ում ծնված առաջին հայն էր․․․
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում