«Ո՞նց կարող է անզեն մարդուց երկրի գերագույն հրամանատարը վախենա. դիպուկահար էին բերել». զոհվածի հայր

«Այս գործը, ըստ իս, ջուր է»,- այսօր Վարչական դատարանի բակում լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը՝ անդրադառնալով ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված ծնողների դատական գործին:

Նա հիշեց օրեր առաջ Քննչական կոմիտեում ծնողների և ոստիկանության բարձրաստիճան սպայի առերեսումը, որի ժամանակ ոստիկանության գնդապետն ասել է, թե ծնողներին բերման ենթարկելու հրաման չի եղել․

«Պարզվեց, որ ամենաբարձրաստիճան սպան, որ սեպտեմբերի 21-ին ղեկավարում էր Եռաբլուրում գտնվող ոստիկաններին և ամբողջ պրոցեսը, ասաց, որ ոստիկանի ոչ մի օրինական պահանջ չի եղել։ Իսկ մեզ մեղադրում են, որ ոստիկանության օրինական պահանջին չենք ենթարկվել։

Որևէ ոստիկան այդ օրը մեզ օրինական պահանջ չի ներկայացրել, բոլորդ տեսաք, որ ոստիկանները ծառերի, թփերի տակ պախկված, միանգամից հարձակվեցին ծնողների վրա, սկզբում՝ հայրերի, հետո՝ մամաների վրա,  և առևանգեցին, ես միշտ ասել եմ՝ նրանք առևանգել են։

Կարդացեք նաև

Եթե ոստիկաններն այդքան դուխ ունեն, այդքան համարձակ են, թող գնան հակառակ կողմից 10 զինվոր առևանգեն, բերեն՝ մեր 10 հայ զինվորի հետ փոխանակեն, ոչ թե գան որդեկորույս ծնողներին առևանգեն»։

2 օր առաջ՝ հունվարի 28-ին, Բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի օրը Փաշինյանը վաղ առավոտյան նորից  «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր գնացել, նորից փակել էին շարքային քաղաքացիների, զոհված զինվորների ծնողների համար պանթեոնի մուտքը:  Ու այդ օրն էլ ծնողները կեսգիշերից հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան Փաշինյանին ու նրա շքախմբին՝ մտնեն պանթեոն: Հերոսի հայրը լրագրողներին պատմեց,  որ ինքն էլ էր շտապել պանթեոն, որպեսզի թույլ չտար, որ Փաշինյանը կամ նրա թիմակիցներից որևէ մեկը անգամ 10 մետր մոտենա իր որդու շիրիմին․

«Գիշերը մենք «Եռաբլուրում» քաղաքացիական հագուստով դիպուկահարների հանդիպեցինք, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը ո՞նց կարող է անզեն մարդուց վախենա․ քաղաքացիական հագուստով դիպուկահարներ, մոտ 6-7 հոգի։ Երևի ծառերի տակ պախկվել էին, որ մեզնից մեկը հանկարծ մոտենար այդ մարդուն, մեզ վերացնեին․․․»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ վարչական վարույթ էր հարուցվել 2022 թվականի սեպտեմբերի 21-ի միջադեպից հետո: Ծնողները սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Ուշագրավ է, որ ոստիկանության բարձրաստիճան սպան Քննչական կոմիտում ծնողների հետ առերեսման ժամանակ հերքել է տեղեկությունը, թե ծնողներին «Եռաբլուրը» ազատելու հրաման է եղել, մինչդեռ տասնյակ ծնողներ վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանը ծնողներին տարածքը ազատելու պահանջ է ներկայացրել սեփական նախաձեռնությա՞մբ, առանց վերադասի հրաման ունենալու՞:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս