Ինչո՞վ են զբաղված ԶՈՒ թիկունքի պետն ու ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունը

Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի` Գոռ Աղեկյանի նկատմամբ: Այո, այս դեպքում նա պատասխանատվության իր բաժինն ունի, սակայն սա տեղային խնդիր չէ, եթե հաշվի առնենք, որ Ազատ գյուղի «զորանոցը» միակը չէր:

Ըստ այդմ՝ պատասխանատվության մեծ բաժին ունի ՀՀ ԶՈՒ թիկունքային ծառայությունը՝ ի դեմս ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ գնդապետ Արամ Պողոսյանի, որը, ի դեպ, այս պաշտոնին նշանակվել է 2022 թվականի փետրվարի 18-ին՝ փոխարինելով գեներալ֊մայոր Ռոմիկ Մարգարյանին, ով ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության խնդիրներն են.

1. ՀՀ զինված ուժերի (այսուհետ՝ ՀՀ ԶՈՒ) թիկունքային ապահովման պլանավորումն ու կազմակերպումը,

Կարդացեք նաև

2. ՀՀ ԶՈՒ թիկունքի մշտական մարտական և զորահավաքային պատրաստականության ապահովումը,

3. ՀՀ ԶՈՒ թիկունքի օպերատիվ թիկունքային, մարտական և հատուկ պատրաստության կազմակերպումը,

4. ՀՀ ԶՈՒ թիկունքի ենթակա զորամասերի դաստիարակչական աշխատանքի, զինվորական կարգապահության պահպանման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական ծառայության անվտանգության ապահովումը,

5. ՀՀ ԶՈՒ թիկունքի ենթակա զորամասերում և կազմակերպություններում սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանման կազմակերպումը:

Արդյո՞ք ԶՈՒ թիկունքի վարչությունը ստուգումներ իրականացրել է ոչ տիպային զորանոցների կամ տուն-զորանոցներում ստեղծված պայմանների, ներկայացրե՞լ է համապատասխան զեկուցագիր իր վերադասին:

Ողբերգական վերջին դեպքից հետո զինվորների ծնողները լրատվամիջոցներին պատմել են, որ Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի կացարանում իրենք են լուծել ջրի, հոսանքի խնդիրները:

ՊՆ երկրորդ կարևոր կառույցն այս առումով, որ պիտի թիրախում պահի նման խնդիրները, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունն է:

Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրումից և նրա՝ ծառայության պետի լիազորությունների կասեցումից հետո, այս պարտականությունը ժամանակավոր կատարում է ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Կարեն Շաքարյանը:

Նշենք, որ ժամանակին գոյություն ուներ ՀՀ նախագահին կից ռազմական տեսչություն, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով վերացվեց, և այդ մարմնի գործառույթը տեղափոխվեց ՀՀ պաշտպանության նախարարություն:

Ժամանակին կառուցվածքային այս փոփոխությանն անդրադառնալով՝ 168.am-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը նշել էր. 

«Նոր Սահմանադրության համաձայն` տվյալ գործառույթը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն, և ՊՆ-ն` նախարարի գլխավորությամբ` որպես քաղաքացիական և ոչ քաղաքացիական վերահսկողության ինստիտուտ զինված ուժերի նկատմամբ, պետք է ունենար նաև նման ծառայություն, որի միջոցով ռազմական, մարտական պատրաստության և ռազմական բաղադրիչով կարողանար լիարժեք վերահսկել զինված ուժերի մարտունակությունը»:

Թե որքանով է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունը կատարում իր գործառույթը, կարելի է նաև վերջին ողբերգական դեպքից որոշ ենթադրություններ անել:

Գլոբալ առումով, իհարկե, բանակում նման դեպքերի գլխավոր պատասխանատուն պաշտպանության նախարարն է, ԳՇ պետը, երկրի ղեկավարը՝ գերագույն հրամանատարը: Եթե անգամ ինչ-ինչ զինվորականներ ինչ-ինչ պատասխանատվություն էլ կրեն՝ անգամ արդարացի, իրավիճակը չի փոխվի, եթե չկա քաղաքական պատասխանատվություն կրելու ցանկություն:

Ի դեպ, 168.am-ը հարցումներ է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու տուն-զորանոցների մոտավոր թիվը, և, թե ինչ է արվում դրանք բացառելու համար:

Ցավոք, նախարարությունը դեռ հնարավորություն չի ստեղծել անձամբ խոսելու պատասխանատուների հետ, մասնավորապես, վերևում նշված ծառայությունների ղեկավարների, ավելին, լրագրողները չեն կարողացել անձամբ ծանոթանալ նման տուն-զորանոցներին՝ նախքան այս ողբերգական դեպքը: Պաշտպանության նախարարի նման վերաբերմունքը ևս շատ բանի մասին է խոսում:

Տեսանյութեր

Լրահոս