Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի` Գոռ Աղեկյանի նկատմամբ: Այո, այս դեպքում նա պատասխանատվության իր բաժինն ունի, սակայն սա տեղային խնդիր չէ, եթե հաշվի առնենք, որ Ազատ գյուղի «զորանոցը» միակը չէր:
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Չդադարող բացասական իրադարձությունների, նեգատիվ մթնոլորտի ընդհանրական հետևանքն այն է, որ մենք սովորել ենք ապրել նաև, այսպես կոչված, տեղային, հատվածական ցասման ռեժիմում․ տեղի է ունենում որևէ զարհուրելի իրադարձություն, մամուլում, սոցիալական ցանցերում արտահայտվում է ցասում, բողոք, անհամաձայնություն, բայց դա տևում է հաշված օրեր, լավագույն դեպքում՝ շաբաթներ, որից հետո հանրային ուշադրությունը տեղափոխվում է մեկ այլ զարհուրելի իրադարձության, դրա շուրջ արձագանքի հարթություն, ու այդպես՝ մինչև հաջորդ ողբերգություն։