Եթե Հայաստանը շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել երկրում. ԵՄ առաքելության հայտնվելը սահմանին կարող է աշխարհաքաղաքական առճակատման բերել. ՌԴ ԱԳՆ

Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին՝ երկու տարի ժամկետով։ ԵՄ ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն առաջիկայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի հավակնոտ է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք, հայ-ադրբեջանական սահմանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողության արդյունքում, որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցներ իր առաքելության աշխատանքի պայմանները:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը ևս չպետք է մոլորեցնող լինի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Եվրամիության՝ Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու փորձերը, կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ՌԴ սահմանապահները: Նրանք ԵՄ դիտորդների պահվածքին կարձագանքեն՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը։

Մենք ֆիքսում ենք, որ Երևանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շահագրգռված են օգտագործել ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում։

Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է. պայմանավորվածությունները վերաբերում են այդ թվում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացմանը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան», – ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս