«Պարոն Խուդինյանը չպատասխանեց, թե ով է ծնողներին Եռաբլուրից բերման ենթարկելու հրաման տվել»․ փաստաբան

«Քննչական կոմիտեի քննչական գործողությունների թիրախն ուրիշ է, առերեսումները չպետք է կատարվեն մեզ հետ, առերեսումները պետք է կատարվեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների միջև, քանի որ այն, ինչ մենք տեսնում ենք իրենց կողմից հայտնած ցուցմունքներում, հակասություններն իրար մեջ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ Քննչական կոմիտեում Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ գնդապետ Արթուր Խուդինյանի և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնության ենթարկված ծնողներից մեկի՝ Գայանե Հակոբյանի հետ շուրջ 4 ժամ տևած առերեսման ավարտից հետո։

Փաստաբանը հայտնեց, որ ավելի քան 4 ժամ գտնվել են ՔԿ շենքում, բայց առերեսումը տևել է 3 ժամ 55 րոպե, այսինքն՝ առերեսման համար սահմանված 4 ժամը պահպանվել է։

«Բազմաթիվ ցուցմունքներ կան, որտեղ կարմիր բերետավորներն ասում են, որ ծնողներին բերման ենթարկելու հրաման իրենց Արթուր Խուդինյանն է տվել, բայց այսօր իմ ուղիղ հարցին, թե ո՞վ է բերման ենթարկելու հրամանը տվել, պարոն Խուդինյանը չի պատասխանել, և իմ կողմից արձանագրում կատարվեց, որ ուղղակի հարցին պատասխան չհնչեց,- ասաց փաստաբանը, ապա հավելեց,- Պարոն Խուդինյանն ընդունեց, որ բերման ենթարկելու միջոցը համաչափ չի եղել, և ինքն ամբողջ ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից, նա նաև խնդրեց դա ընդունել՝ որպես ոստիկանության պաշտոնական հայտարարություն, դիրքորոշում, իրավական գնահատականները թողնելով քննչական մարմնին։

Ի վերջո, ևս մեկ անգամ փաստվեց այն հանգամանքը, որ ոստիկանության կողմից կիրառվող այդ միջոցները, վարչական ձերբակալումը, հարկադրաբար ներկայացնելու գործողությունն օրենքով չի կատարվել, կիրառվել է անհամաչափ ուժ, որի համար ոստիկանները և հրաման տվողները ենթակա են քրեական պատասխանատվության»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեն։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ պատճառելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Ծնողները մի քանի անգամ արդեն ակցիաներ են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի մոտ, պահանջել, որպեսզի իրենց նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն։

Նրանց խոսքով՝ 2023 թվականի հունվարի 20-ի դրությամբ ընդամենը 4 ոստիկան է առերեսվել, նրանք ընդունել են իրենց մեղքը, սակայն մինչ այս պահը  պատասխանատվության չեն ենթարկվել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս