ՀՀ-ն այս պրոցեսում ցանկանում է մինիմալ ներգրավվածություն ունենալ. Սուրեն Սարգսյան

Միացյալ Նահանգներից հերթական մեսիջներն են հնչել տարածաշրջանային հարցերի առնչությամբ. ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցներին և հույս հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն։

Պատասխանելով հարցին, թե արդյոք պետքարտուղարը հստակ պատկերացում ունի՞ այս բանակցային գործընթացում առկա վիճակի մասին, խոսնակը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին և ունի տարբեր մտահոգություններ, որոնցից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակը։

Ի դեպ, նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

168.am Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս հայտարարություններին կհաջորդե՞ն գործնական քայլեր:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ միջազգայնագետը նկատեց. «Կարծում եմ` գործնական քայլեր ասելիս՝ չպետք է նկատի ունենալ, որ այդ քայլերը լինելու են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների տեսքով, այլ պետք է հաշվի առնել, որ կարող են լինել տարվող դիվանագիտական աշխատանքների տեսքով, ինչը գուցե մեզ համար տեսանելի չլինի: Այսինքն՝ ճնշումների կիրառումը նույնպես գործուն քայլ է, որը գուցե հանրային դաշտում չարվի, այլ արվի կուլիսային դիվանագիտության մեջ»:

Անդրադառնալով այս հարցում ՀՀ-ի անելիքների ու հնարավորությունների մասին մեր հարցադրումներին՝ միջազգայնագետն արձանագրեց, որ ՀՀ-ն այս պրոցեսում ցանկանում է մինիմալ ներգրավվածություն ունենալ:

«ՀՀ-ն խնդիրն ամբողջությամբ և հաջողությամբ բարդել է ռուսների վրա և ընդհանրապես չի ցանկանում զբաղվել Բերձորի խնդրով: Իսկ իրականում՝ իշխանությունները շատ լուրջ քայլեր կարող էին ձեռնարկել և շատ լուրջ աշխատանք կարող էին տանել միջազգային հանրության հետ՝ դիվանագիտական խողովակներով, պառլամենտական դիվանագիտության գործունեության ընթացքում: Բայց, ցավոք սրտի, ականատես եղանք նրան, որ իշխանությունները նման ցանկություն չունեցան և գործուն քայլերի էլ, ըստ էության, չդիմեցին»,- մանրամասնեց նա:

Հայաստանի բացակա դիվանագիտությունը, ըստ Սուրեն Սարգսյանի, փորձել է լրացնել հայկական սփյուռքը՝ հարյուրավոր բողոքի ակցիաներով, նամակներով, հրապարակումներով հիշեցնելով Արցախյան խնդրի մասին:

Ինչ վերաբերում է դեսպանատների կողմից տարվող աշխատանքներին, միջազգայնագետն այս հարցում հորդորում է լուրջ ակնկալիքներ չունենալ՝ նկատելով. «Մեր դեսպանները նույնիսկ խուսափում են մասնակցել Լեռնային Ղարաբաղին, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված միջոցառումներին»:

Հիշեցնենք՝ 168.am-ը հունվարի 18-ին տեղեկացրել էր՝ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

«Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:

Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- փոխանցել էին կառավարությունից:

Տեսանյութեր

Լրահոս