«Արցախահայության միակ մտահոգությունն է՝ պետական մակարդակում իրենց զրկանքներից հետո զիջումների չգնան՝ չլինեն ճակատագրական ելքեր». Սոֆյա Հովսեփյան
Արդեն 38-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Ադրբեջանական, այսպես կոչված, «բնապահպանները», իսկ իրականում՝ թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որի արդյունքում 120 հազար հայեր հայտնվել են շրջափակման մեջ։
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ նույնպես շրջափակված Արցախում է, խոսելով արցախահայության տրամադրությունների և առհասարակ ստեղծված իրավիճակի մասին, նշեց՝ արցախահայերը բավականին «պինդ» են տրամադրված, այսինքն՝ համառորեն, չեն ընկրկելու ու պայքարող են։
«Պայքարելն առաջին հերթին հենց ելքեր գտնելն է։ Արցախահայության միակ մտահոգությունն այն է, որ պետական մակարդակում իրենց այսքան զրկանքներից հետո զիջումների չգնան, և Արցախի հարցում չլինեն ճակատագրական ելքեր։
Իրականում այնպես չէ, որ ամեն ինչ հեշտ է, շատ բարդ է, որովհետև մարդիկ ժամերով օրվա հացի հերթեր են կանգնում, այստեղից այնտեղից օրվա համար մի բան հայթայթում։ Մի շարք խնդիրներ կան, այդ թվում՝ բանջարեղենի, որը դրսից է բերվում։ Բայց եթե Արցախում չկա ինչ-որ բան, ապա այն փոխարինում են այլ բանով՝ ելքը գտնում են, և այդ ամենին զուգահեռ՝ պայքարն է, որպեսզի տնտեսությունը, կրթությունը և այլն չտուժեն»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է արցախահայության այս պայքարին զուգահեռ՝ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների ոչ հայամետ, այլ ադրբեջանամետ հայտարարություններին, օրինակ, ինչպես ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն էր ասել, թե «Արցախի հարցը լուծված է», Սոֆյա Հովսեփյանը նկատեց՝ այդ խոսակցություններն առհասարակ արցախահայությանը չեն ընկճում, որովհետև գիտեն, թե ով է Գուրգեն Արսենյանը և ինչ արմատներ ունի։
«Նման մանրապճեղ կենդանիների խոսքն առհասարակ այստեղ չի էլ քննարկվում, և որևէ մեկը չի կարող որոշել արցախցու ճակատագիրը, ավելին ասեմ՝ ցավոք, պատերազմի ելքով չլուծվեց Արցախի կարգավիճակի հարցը, այդ հարցը չլուծվեց նաև 1994 թվականին, որի կնքահայրը Գուրգեն Արսենյանի առաջնորդներից է։ Արցախի հարցը պատերազմի ելքով չի լուծվել, հետևաբար՝ իրենց անզորությունն ու անկարողությունը բավական է փաթաթեն արցախցիների վզին ու ասեն՝ ապրեք, որովհետև անկարող ենք ու ոչինչ անել չենք կարող»,- հավելեց Սոֆյա Հովսեփյանը։
Ըստ նրա, միակ բանը, որ ՀՀ իշխանություններից պահանջվում է, լռելն է և ուղղակի անհետանալն է մարդկանց աչքից։
Միևնույն ժամանակ Սոֆյա Հովսեփյանն ընդգծեց՝ ստեղծված իրավիճակում միակ ճանապարհը պայքարելն է թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Իսկ ՀՀ-ում սովորական քաղաքացիների մի մասի անտարբերությունը տարօրինակ չի համարում, քանի որ այն, ինչ ցանվել է, այն էլ հնձում են։ Անորոշությունն ու անտարբերությունը մարդկանց բերել է տոտալ լռության, և մարդիկ կա՛մ համացանցում են կռվում, կա՛մ ովքեր գիտակցում են՝ ինչ է կատարվում՝ իրենց պահանջները ներկայացնում են դեսպանատների մոտ, մինչդեռ պահանջն առաջին հերթին պետք է լիներ Հայաստանի կառավարությունից։ Մարդկանց մի մասն էլ առհասարակ չի հետաքրքրվում, թե ինչ է կատարվում Արցախում և արցախահայության հետ։ Այդուհանդերձ, այստեղ խնդիրը ոչ թե Արցախն է, այլ այն, որ նույն վիճակը կլիներ, եթե այս խնդիրը ստեղծվեր Տավուշում, Սյունիքում կամ այլ վայրում։
«Մենք պետք է հասկանանք, որ այս մարդկանց կենսակերպի, մտածելակերպի, արժեքների հետ մի բան այն չէ, որը տարիների քարոզչության հետևանք է»,- նշեց նա։
Խոսելով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի վերաբերյալ խոսակցությունների մասին, Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այս պահին հրաժարականի մասին պնդումներ այլևս չկան՝ երեկ երեկոյան արդեն նման թեմայով քննարկում չկար։
«Տարբեր միջավայրերում եմ եղել և որևէ կերպ նման քննարկումների չեմ առնչվել, և այստեղ հոգսերն այնքան շատ են, որ քաղաքական գզվռտոցների մեջ մարդիկ չեն ուզում մտնել կամ չեն ուզում լսել։ Ցավալի է, որ Հայաստանում նույնպես օրակարգն Արցախը չէ, արցախցիների օրակարգն իրենց հազարավոր խնդիրներն են։ Բոլորդ գիտեք, թե ինչ տհաճ միջադեպ է տեղի ունեցել, երբ Հայաստանից Արցախ են վերադարձել արցախցի մի խումբ պատանիներ, օրվա ընթացքում Արցախը մի քանի անգամ հոսանքազրկվում է, դադարեցվում է գազամատակարարումը, այսինքն, նման խնդիրներն այնքան շատ են, որ որևէ բանի արցախցիները չեն հասցնում ուշադրություն դարձնել, օրակարգը շատ արագ է փոխվում»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։