«Թուրքիայի 8 երկրների մասնակցությամբ զորավարժությունը հիմնականում ուղղված է Իրանի դեմ». Կարեն Հովհաննիսյան

Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան 8 երկրների մասնակցությամբ անցկացնում է ձմեռային զորավարժություններ՝ «Ձմեռ-2023»։ Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները՝ զորավարժության մասնակից երկրների ներկայացուցիչներն արդեն ժամանել են Կարս։

Նշենք, որ Կարսում նախորդ տարիներին մի քանի անգամ համատեղ զորավարժություններ են իրականացրել նաև Թուրքիան ու Ադրբեջանը։

Որքանո՞վ են այս զորավարժություններն ուղղված Հայաստանի դեմ, և ի՞նչ սպառնալիքներ կարելի է սպասել։

168.am հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով այս հարցերին, նախ պատասխանեց, որ իրականում այդ զորավարժությունները նորություն չեն, պարզապես այս անգամ մի փոքր այլ է, և այս անգամ ավելի շատ պետություններ են ընդգրկված այդ զորավարժություններում։

Կարդացեք նաև

«Մեծ հաշվով, Կարսում զորավարժություններ անցկացնելը նորություն չէ, երբ Թուրքիան անցկացնում է ձմեռային զորավարժություններ, հիմնականում համատեղ զորավարժություններ, անցկացնում է հենց Կարսում։ Իրականում Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններն ունեն որոշակի քաղաքականություն. դրանք ուղղված են որևէ երկրի կամ ռազմական ալյանսի դեմ։ Տվյալ դեպքում դժվարանում եմ ասել, թե 8 երկրների հետ համատեղ այս զորավարժությունն ում դեմ է ուղղված, այն տվյալ պարագայում Հայաստանի դեմ չէ ուղղված։ Կարծում եմ՝ այս զորավարժությունը պատասխան է Իրանի զորավարժություններին, քանի որ Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները բավականին լարված են։ Թուրքիայում լավ չէին արտահայտվել Իրանում անցկացված զորավարժությունների վերաբերյալ, երբ Իրանն ինքնուրույն էր զորավարժություն անցկացնում։ Հետևաբար, Թուրքիայի համատեղ զորավարժությունը հիմնականում ուղղված է Իրանի, քան որևէ ռազմական այլանսի դեմ»,- շեշտեց Կարեն Հովհաննիսյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է այդ զորավարժությունների ընթացքում Թուրքիան Ադրբեջանի ձեռամբ ապակայունացնի իրավիճակը ՀՀ սահմանին, ռազմական փորձագետը պատասխանեց՝ նորություն չէ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հովանավորչությամբ, որոշակի սադրանքներ է իրականացնում, բայց այս փուլում հաշվի առնելով հանգամանքը, որ Թուրքիան մտնում է  ակտիվ նախընտրական փուլ, այսինքն՝ Էրդողանը զբաղված է լինելու իր վերընտրվելու գործողություններով, քիչ հավանական է, որ նրա հովանավորությամբ որևէ բան տեղի ունենա։

«Այդուհանդերձ չի բացառվում, որ Բաքվի բռնապետն իր սեփական նախաձեռնողականությամբ կարող է ՀՀ սահմանին որոշակի սադրանքներ իրականացնել, որովհետև նա արդեն հավատում է, որ հաղթել է պատերազմում, այլ ոչ թե Թուրքիա-Իսրայել տանդեմը։ Այս առումով նման գործընթացներ հնարավոր են, սակայն այս փուլում Թուրքիայի աջակցությունը ստանալը բացեիբաց՝ քիչ հավանական եմ համարում»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս