Երևանի ապագա խանը՝ զրահապատ մեքենայով

«Սիրո և համերաշխության» կարգախոսով 2018 թ․ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն անցած շուրջ հինգ տարիներին կարողացավ երկրում արմատավորել ատելության և անհանդուրժողականության այնպիսի չափաբաժին, որպիսին չէր եղել նորանկախ Հայաստանի պատմության ավելի քան քսանհինգ տարիների ընթացքում։

Չնայած կարգախոսի գեղեցկությանը, նրա՝ նախ իշխանության գալու, ապա՝ իշխանությունն ամրապնդելու ճանապարհը հիմնված էր առավելագույն չափի հակադրության և ատելության սերմանման սկզբունքի վրա։

Նիկոլ Փաշինյանը հանրության մեջ ներդրեց անկարելի բաժանարար գծեր՝ նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ, ազնիվներ-թալանչիներ։

Բոլոր այդ տարանջատումների շարքում, սակայն, կար մեկը, որն առանցքային նշանակություն էր ունեցել Նիկոլ Փաշինյանի ողջ ընդդիմադիր գործունեության ընթացքում, հետևաբար՝ նա չէր կարող դրանից հրաժարվել նաև արդեն իշխանության գալուց հետո։

Կարդացեք նաև

Խոսքը վերաբերում է հայաստանցի-ղարաբաղցի հակադրությանը, որի մասին Նիկոլ Փաշինյանը գոնե իր դեմքով, իհարկե, նախընտրեց չխոսել, սակայն քարոզչական միջոցներով, իրեն սերտաճած զանազան միավորների կողմից ամրապնդեց այդ տարանջատումն այնքան ու այնպես, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև հակասությունն այլևս տեղափոխվել է հրապարակային դաշտ։

Այլ կերպ ասած, հակաարցախականությունը Նիկոլ Փաշինյանն արդեն դարձրել է պետական քաղաքականության բաղադրիչ և այլևս չի թաքցնում դա։
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի գործողությունների դրդապատճառները գրեթե անհնար է հասկանալ զուտ քաղաքական, գործնական չափումներով, մեծ է հավանականությունը, որ տեղ ունեն նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ հոգեբանական գործոններն ու բարդույթները։

Գնահատելու համար, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հրաժարվել Արցախից, կարևոր է հասկանալ, թե որոնք են նրա առաջնահերթությունները կամ գերակայությունները՝ որպես անհատ և որպես քաղաքական գործիչ։

Եթե ավելի պարզեցնենք՝ ի՞նչն է նրա համար առաջնային՝ պետությո՞ւնը, թե՞ իշխանությունը։

Այս հարցի պատասխանը, ըստ էության, տալիս է մնացյալ բոլոր հարցերի պատասխանները ևս։

Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր օրինակներով ապացուցել է, որ իր համար բազմապատիկ ավելի կարևոր է սեփական իշխանության պահպանումը, քան պետությունն ու պետականությունը։

Հակառակ դեպքում, առնվազն հրաժարական կներկայացներ՝ Արցախին գոնե տեսական շանս տալով փրկվելու այն կործանումից, որին անշեղորեն մոտենում է իր իսկ իրականացրած քաղաքականության պատճառով։ Բայց Նիկոլ Փաշինյանը դա չի արել և չի պատրաստվում անել՝ այս էլ որերորդ անգամ ցույց տալով, որ իշխանությունն իր համար պետությունից գերակա արժեք է։

Իսկ եթե դա այդպես է, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին լայն իմաստով հետաքրքրում է միայն այն, ինչի նկատմամբ ինքն իշխանություն ունի։ Նաև սա է Արցախից հրաժարվելու նրա հոգեբանական մղումների բացատրությունը։

44–օրյա պատերազմից հետո նա Արցախի նկատմամբ գրեթե իշխանություն չունի.  այն հանձնվել է ռուսներին։ Սակայն մինչև նախորդ տարվա սեպտեմբերը Նիկոլ Փաշինյանին գուցե թվում էր, թե Արցախում շարունակում է գոնե մասամբ պահպանել իշխանությունը՝ Արայիկ Հարությունյանի միջոցով։

Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար դառնալուց հետո, Նիկոլ Փաշինյանը Արցախում իր իշխանությունը թերևս վերջնականապես կորսված է համարում, ինչի պատճառով էլ Արցախն այլևս նրան չի հետաքրքրում։

Այս մոտեցումը, պարզունակ ու ապաբարոյական լինելով հանդերձ, չափազանց վտանգավոր է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի համար։

Նիկոլ Փաշինյանի համար իշխանություն ունենալը կարևոր է ոչ միայն ու ոչ այնքան բովանդակային, որքան ձևական հարթությունում։ Նա վայելում է իշխանության ատրիբուտիկան (տասնյակ թիկնապահներ, զրահապատ մեքենաներ, թանկարժեք վերանորոգված պետական ամառանոց, իրենից առաջ ճանապարհը մաքրող վարժեցված շներ և այլն), ակնհայտորեն հաճույք է ստանում դրանից՝ գրեթե չմտահոգվելով իշխանության բովանդակության ու արդյունավետության մասին։ Այնպես չէ, որ այդ բովանդակությունն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին չի հուզում։ Ոչ, հուզում է, բայց միայն այնքանով, որքանով անսասան է պահում իշխանության ձևական կողմը։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իշխանությունից կառչած մնալ անգամ այն դեպքում, երբ այդ իշխանությունը տարածվի, ասենք, միայն Երևանի նկատմամբ։

Նա նույնպիսի պաթոսով, ինչպես այսօր խոսում է 29.8 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի մասին, կարող է կուրծք ծեծել 227 քառակուսի կիլոմետրանոց Երևանի համար՝ հայտարարելով, թե Հայաստանի մնացած տարածքները հանձնվել են անցած երեսուն տարիներին «նախկինների» վարած քաղաքականության պատճառով։

Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի հուզելու, որ այդ դեպքում ինքը լինելու է ոչ թե Հայաստանի ղեկավարը, այլ «Երևանի խանը»՝ գուցե երթևեկելով արդեն միանգամայն այլ դրոշ կրող ավտոմեքենայով։

Չի հուզելու, որովհետև նրա համար կարևորը ոչ թե ավտոմեքենայի վրա փակցված դրոշի գույներն են, այլ դրա սրահի կաշվի նրբությունն ու զրահի հաստությունը։

Իսկ դա Նիկոլ Փաշինյանի համար կարող են ապահովել՝ ինչպես թուրքական, այնպես էլ՝ ռուսական իշխանությունները՝ առանձին-առանձին, կամ միասնական ձևաչափով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս