Իրենց պես ոչնչություններն են ապրում «հանուն ոչնչի», իսկ իմ որդին հանուն հայրենիքի է նահատակվել․ զոհվածի մայր

Որդուս նահատակումը գուցեև այդքան ցավոտ չլիներ, եթե այսօր հայրենիքս այս վիճակում չտեսնեի, երբ ամեն օր սարսափելի ցավ եմ ապրում։ Համոզված եմ, որ դեռևս 2018-ին սրանք այս սցենարով էին եկել, որ հետագայում նման զարգացում լիներ։ Ի սկզբանե բարձրագոչ խոսելով, հետո իր խոսքերից հրաժարվելով՝ ո՞ւր բերեց-հասցրեց մեզ։ Հիմա Արցախն է, վաղը Սյունիքը կլինի, երկիրն աստիճանաբար կփոքրացնենք։ Չգիտեմ՝ այս ամենն արդյոք Փաշինյանի մտահղացո՞ւմն է, թե՞ ինչ-որ մեկի թելադրանքով է։ Ամենօրյա լուրերից խելագարվել կարելի է, սրանք վաղը կարող է բուլդոզերով Եռաբլուրն էլ հավասարեցնեն հողին։ Եթե Արցախը հայկական հող չէ, մենք ի սկզբանե սխա՞լ ենք պայքարել, մեր բոլոր հերոսներն օկուպա՞նտ են, որոնց փառաբանում ենք հերոսի կարգավիճակով։ Գուցե այդ մտքի՞ն էլ գան, եթե սրանք մնան ու շարունակեն պաշտոնավարել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի նահատակ Ռոբերտ Սարգսյանի մայրը՝ Աղավնի Սարգսյանը:

«Հայրենիքը ծվատվում է, և դա սարսափելի է։ 2018 թվականից ի վեր ինչ ասես սերմանվեց մեր ազգի մեջ։ 44-օրյա պատերազմը հատուկ էր կազմակերպվել հայ մարդու ողնաշարը կոտրելու համար։ Ամեն ինչ հավասարվեց զրոյի։ Ի՞նչ է նշանակում՝ գերիներին զուռնա-դհոլով դիմավորել, հերոս կոչել։ Մեր երեխաներն են, լավն են, բայց հերոս չեն, գերին չի կարող հերոս լինել։ Գերուն հերոս կոչելով՝ ի՞նչ էին ուզում ասել, այն, որ ամեն րոպե զենքդ կարող ես վա՞յր դնել, հերոս կոչվել և այդ կարգավիճակով ապրե՞լ։ 2018-ից ասում եմ՝ սա ինչ-որ մեկի սցենարն է՝ հայ ազգին կործանման տանող։ Ես հենց առաջին օրվանից չեմ ընդունել, չեմ հավատացել սրանց, հաճախ արտահայտվել եմ։ Տղաս 2018-ին ճանապարհ փակողներից էր, ասում էր՝ «մամ, դու չես հասկանում»։ Ասում էի՝ «կհասկանաս, վախենամ՝ ուշ լինի»։ Մի օր ընդունեց՝ «մա՛մ, դու ճիշտ էիր»,- ասաց զոհվածի մայրը:

«Սրանց ձեռնտու չէ հայ ազգին հերոս ներկայացնելը, նրանք միտումնավոր բոլորիս ապացուցում են, թե հայի տեսակը դավաճանն է, որ մենք վատն ենք, ապրելու իրավունք չունենք, ամեն ինչ կտանք։ Իրենց գաղափարախոսությունն այն է, որ մենք պարտվողական ենք, հիմա էլ այն աստիճանի են հասցրել, որ ո՛չ զենք կա, ո՛չ զինամթերք, ո՛չ ոգի։ Ասում են՝ մենք խեղճ ենք, ծեծված, պարտվող, և որպեսզի զոհեր չլինեն, եկեք ամեն ինչ տանք, ու բոլորը գլխահակ ասում են՝ մեր երեխաներին փրկել է։ Մեր երեխաներն էլ էին ուզում ապրել, երազանքներ ունեին, բայց հանուն հայրենիքի՝ ոչնչի առաջ կանգ չառան, պատվով նահատակվեցին։ Ես ելք չեմ տեսնում, խեղճացած վիճակ է, մեզ մի հերոս է պետք, որ իր հետևից տանի, բայց այսօր մենք առաջնորդ չունենք»,- նշեց տիկին Աղավնին:

Հերոսի մոր կարծիքով՝ ի՞նչ սպասել մեկից, որը վերջին ոչնչության պես հրապարակավ կանգնում ու ասում է, թե մեր երեխաները հանուն ոչնչի են զոհվել. «Իրենց նման ոչնչություններն են ապրում հանուն ոչնչի, իսկ իմ որդին հանուն հայրենիքի է նահատակվել, նա արժանացել է Աստծու ողորմածությանը։ Թող մտածեն բոլոր նրանք, ովքեր հոգի են հանձնելու Աստծուն։ Ես նրանց մարդկային խիղճ եմ ցանկանում, երկար տարիների կյանք բոլոր դավաճաններին, որ երբ փորձեն քնել, գլուխը դնել բարձին՝ իրենց խիղճն արթնանա։ Չպղտորենք մեր հոգիներն իրենց նման ոչնչությունների պատճառով, այս հայրենիքն իրենց մոր օժիտը չէ, այն արյունով է ներծծված՝ Արցախն էլ, մնացյալ հայոց աշխարհն էլ։ Այսօր գաղափարախոսություն չկա, առաջ գոնե Մասիս սարից, Ծովից ծով Հայաստանից էինք խոսում, հիմա ընդամենը՝ մի փոր հաց, Թուրքիայից ինքնաթիռների ժամանում, էժան շոր ու կոշիկ։ Հայրենիքը փոխել ենք մի շիշ ձեթի հետ»:

«Մեզ երկնքից անկախություն էր տրված, բայց ի՞նչ արեցինք ամեն մեկս մեր հերթին։ Բոլորն ասում են՝ թալանեցին, կերան, մսխեցին, բայց մենք ի՞նչ արեցինք՝ սուտ հաշմանդամության թղթից մինչև ջրաչափի վրա մագնիս կպցնելը։ Քերենք, կլպենք, գցենք՝ սա է երեսուն տարվա մեր բառապաշարը, ո՞վ էր լսել այդ բառերը։ Մենք մեղավոր ենք մեր պետությունը կորցնելու համար, և միայն մենք ենք մեղավոր։ Ասում է՝ Արցախի կառավարությունը պետք է որոշի այնտեղի ժողովրդի ճակատագիրը։ Իսկ ինչո՞ւ էիր ճչում, թե Արցախը Հայաստան է, և վերջ, Ալիևին ասում էիր՝ համեցի՞ր։ Իսկ եթե «խեղճին» խաբել, ծախած հողերը գցել էին գրպանը, գուցե երկու տարում, եթե այդքան ազգասեր էր, ամեն օր ոչ թե թալանի մասին խոսեր, այլ ասեր՝ այսպիսի վիճակ է, սա բուֆերային գոտի է, պետք է հանձնվի։ Գուցեև մենք էլ ասեինք՝ մահ կամ ազատություն, և կամ ասեինք՝ հանուն մեր երեխաների եկեք զիջենք, Արցախի մի մասը մնա, այն ճանաչենք։ Արդյունքում ասաց՝ կունենայինք նույնը՝ ընդամենը առանց զոհերի։ Իր ամեն ասածը նրան ներվում է»,- ամփոփեց տիկին Աղավնին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս