«Համբերում ենք, էլի կհամբերենք, արցախցիները պինդ են՝ կդիմանան, միայն թե թշնամուն հող չզիջեն. չեն կարող կտրել հայաստանցուն ու արցախցուն». Օֆելյա Մարտիրոսյան

Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից ենթարկվել է շրջափակման, 120 հազար արցախահայեր հումանիտար աղետի մեջ են՝ զրկվելով բուժվելու, արտաքին աշխարհ դուրս գալու և այլ հիմնարար իրավունքներից։

Չնայած շրջափակման հետևանքով առաջացած բոլոր դժվարություններին, արցախահայերը չեն ընկճվում և սեփական հողում ու հայրենիքում ապրելու որոշման մեջ հաստատակամ են։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Օֆելյա Մարտիրոսյանն Արցախի 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն և մնացել երկու մանկահասակ աղջիկների հետ միայնակ ու հիմա փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները, մի կողմից՝ պատերազմի թողած ցավը, մյուս կողմից՝ շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունները։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ պատերազմում հերոսացած ամուսինը հուղարկավորված է «Եռաբլուրում», այդ պատճառով էլ մշտապես Երևանում է եղել, Արցախի շրջափակումից առաջ երեխաների հետ որոշել էր վերադառնալ ու ապրել Ստեփանակերտում, քանի որ այնտեղ ամուսինը տուն է կառուցել։

«Ինքս Երևանում էի, վերադարձա Արցախ, որովհետև մտածում էի՝ ինչպե՞ս թողնեմ Ստեփանակերտի իմ տունը, որն ամուսինս է կառուցել։ Տուն կառուցելուց գրեթե վեց ամիս անց պատերազմը սկսվեց, ամուսինս գնաց ու զոհվեց։ Վերադարձա, որ երեխաներս մեծանան ամուսնուս կառուցած տանը։ Այստեղ մեր հայրենիքն է, մեր ծննդավայրը, մեր ամուսինները հավատացել են Արցախի ապագային, պայքարել ու զոհվել են։

Պատերազմից, իսկ ավելի ճիշտ՝ դրան նախորդած կորոնավիրուսից հետո դեռևս սթրեսից դուրս չենք եկել։

Ես չեմ հավատում, որ «Արցախից հրաժարվենք» հայտարարությունը Հայաստանի կամ հայ ժողովրդի կողմից է արվում, ընդամենը ՀՀ կառավարության կողմից է արվում, որովհետև հայաստանցիները նույնպես զոհվեցին հանուն Արցախի։ Ամուսինս «Եռաբլուրում» է, ամեն անգամ այնտեղ գնալիս տեսնում եմ՝ որքան հայաստանցի կա այնտեղ»,- նշեց Օֆելյա Մարտիրոսյանը։

Ըստ մեր զրուցակցի, այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, սպասելի էր, սակայն երբեք չի մտածել, որ Ամանորին ամուսնուց հեռու կգտնվի, քանի որ 2020 թվականից հետո Ամանորը դիմավորել են հենց «Եռաբլուրում»։

«Ոչ միայն ես, այլև այդքան որդեկորույս մայրեր չեն կարողանում գնալ «Եռաբլուր», սա էլ մի ուրիշ սթրես է։ Մեր ամեն ինչը կապված է Հայաստանի հետ, հետևաբար՝ չեն կարող կտրել հայաստանցուն ու արցախցուն, սա մի կլոր շրջանակ է, որն ուզում են կտրել, սա իմ գլխում չի տեղավորվում, ես սրան չեմ ուզում հավատալ։ Միաժամանակ մտահոգվում ենք, որ հնարավոր է՝ ճանապարհը չբացվի, այսինքն՝ մենք ամեն ինչ մտածում ենք, ամեն վատ սցենար մտածում ենք։

Հավատացեք, Արցախում պանիկա չկա, մենք միայն մեր երեխաների մասին ենք մտածում, մենք հույս ունենք, որ այսքանից հետո լավ կլինի։ Համբերում ենք, էլի կհամբերենք, սոված կմնանք, միայն թե որևէ բան թուրքին չտան, չասեն՝ այսինչ բանի համար սա արեցինք, այս առումով արցախցիները պինդ են, ամեն ինչի կդիմանան, միայն թե թշնամուն հող չզիջեն, չտան։ Ադրբեջանից միշտ էլ մի վատ բան պետք է սպասենք»,- ասաց Օֆելյա Մարտիրոսյանը։

Ամուսնու զոհվելուց հետո դերասանուհին կարողացել է իր մեջ ուժ գտնել ու վերադառնալ բեմ, ասում է՝ թատրոնը արվեստ է, և արվեստն ինչ-որ տեղ փրկում է։

«Չգիտեմ, գուցե թատրոնում կտրվում ենք իրականությունից, արվեստի մեջ այլ ենք դառնում։ Փորձեցի մի քիչ անցյալից կտրվել ու գնալ դեպի ապագա, բեմադրիչ Կարինե Քոչարյանի խորհուրդը լսելուց հետո վերադարձա թատրոն, որն ինձ համար ինչ-որ տեղ փրկություն էր։ Տարբեր տեղեր գնացել ենք հյուրախաղերի, Մոսկվա, Եվրոպա, այդ ճանապարհորդելն էլ որոշ առումով կտրեց ինձ իրականությունից»,- շեշտեց նա։

Օֆելյա Մարտիրոսյանը պատմեց նաև, որ ամուսինը՝ Վահագն Սարդարյանը, նոր էր դարձել 40 տարեկան, երբ 2020 թվականի նոյեմբերի 8-ին զոհվեց Կարմիր Շուկայում։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Հունվարի 10-ի տվյալներով շրջափակման չորս շաբաթների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ և ուղեկցությամբ ընդհանուր18 ծանր հիվանդ է տեղափոխվել Հայաստան, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս