Ադրբեջանը կարող է բարձրացնել ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանի Հանրապետություն. Փաշինյան
Ինչու նախորդ տարի չկնքվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, և որոնք են երկրների միջև առկա անհամաձայնություններն այդ հարցում։
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ կան կետեր, որոնք և՛ չեն հակասում, և՛ հակասում են:
«Տեքստի մեջ պետք է լինի, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սկզբունքորեն սրա հետ համաձայն ենք և՛ մենք, և՛ Ադրբեջանը։ Հակասությունն այնտեղ է, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով, ինչ նկատի ունի, և Հայաստանը, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ինչ նկատի ունի։ Մենք կասկածներ ունենք, որ Ադրբեջանը փորձում է փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ ստորագրել, որտեղ այդ տարածքային ամբողջականությունը ֆիքսված չի լինի, և դրա ստորագրումից հետո Ադրբեջանը դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսում կփորձի նոր տարածքների նկատմամբ նկրտումներ ներկայացնել, օրինակ, ասի՝ Սյունիքը Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ չի մտնում»,- նշել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանն էլ ունի մտավախություն, որ Հայաստանը կստորագրի փաստաթուղթ, կերաշխավորի 29.800 քկմ-անոց ՀՀ-ն, և նորանոր շարժումներով և պրոցեսներով Ադրբեջանի պետականության և տարածքային ամբողջականության քայքայման գործընթաց կսկսի:
«Մեր մտավախությունները հայելային են, որովհետև կողմերի միջև վստահություն չկա։ Մենք մտածում ենք, որ իրենք ուզում են վերացնել մեր պետությունը, իրենք մտածում են, որ մենք մտածում ենք՝ ժամանակ ձգենք, ուժեղանանք և վերացնենք իրենց պետությունը։ Սա տեքստային խնդիր չէ, այլ հոգեբանական, պատմական։ Եթե սա չլուծենք, չի լինելու ոչ մի բան։ Ադրբեջանն ասում է՝ ինչպես են, օրինակ, Վրաստանում հայերն ու ադրբեջանցիներն ապրում առանց վերպետական կարգավիճակի։ Ինչո՞ւ չեք համաձայնում այդ մոդելին։ Ադրբեջանցիներն ուղղակի ցանկանում են այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա այնտեղից, ստանան Ղարաբաղ առանց հայերի։ Բայց սա ամբողջ պատմությունը չէ։ Սրան հասնելուց հետո Ադրբեջանը կարող է բարձրացնել ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանի Հանրապետություն»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Ո՞ր պարագայում է հնարավոր հավատալ, որ Ադրբեջանի հետ կարելի է խաղաղության պայմանագիր ստորագրել։
Փաշինյանը երկու կետ է առանձնացրել, որոնք, ըստ նրա, կարող են անհնարին և տարօրինակ թվալ, բայց հնարավոր են։
«Մենք պետք է արձանագրենք, որ Ադրբեջանն իր շահերին հակասող չի համարում Հայաստանի Հանրապետության գոյությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, և Հայաստանի Հանրապետությունն իր շահերին հակասող չի համարում Ադրբեջանի գոյությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Եվ Հայաստանի Հանրապետությունը, և Ադրբեջանի Հանրապետությունը իրապես պատրաստ են իրոք փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և միմյանց տալ երաշխիքներ, որ ապագայում հողային և տարածքային պահանջներ չեն ներկայացնի։ Կան մեխանիզմներ սրա համար, օրինակ, որ խաղաղության պայմանագրի համատեքստում հստակ սահմաններ ֆիքսվեն, քարտեզ կցվի, որ ՀՀ տարածքն այսքանն է, և Ադրբեջանը ճանաչում է այդ տարածքը, և հակառակը»,- եզրափակել է Փաշինյանը։
Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը կարող է բարձրացնել ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանի Հանրապետություն, հիշեցնենք, որ դեռ 2021-ի հուլիսին 168.am-ը մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որտեղ նշվում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ», որ առաջին՝ ցանկացած պատեհ առիթի դեպքում Բաքուն կարող է Արցախի Հանրապետության քաղաքացիներին, որոնք վերջին պատերազմի հետևանքով լքել են իրենց բնակության վայրերը, օրինակ, հռչակի ներքին տեղահանված և ՄԱԿ-ի հովանու ներքո վերադարձ առաջարկի: Երկրորդ՝ ադրբեջանցիների համար, որոնք նախքան առաջին պատերազմը ապրել են Արցախի տարածքում, նույն անվան տակ պահանջի վերադարձ ապահովել, երրորդ՝ պահանջի ադրբեջանցիների կամ «ներքին տեղահանվածների» վերադարձ ՀՀ բնակավայրեր:
Ընդ որում, մենք նկատել էինք, որ եռակողմ հայտարարության վերը նշված 7-րդ կետից հետո է միայն խոսվում ապաշրջափակման մասին՝ 9-րդ կետում:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Իլհամ Ալիևը ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, թե իբր «Զանգեզուրը Հայաստանին է փոխանցվել 1920 թվականին` 101 տարի առաջ», հետո հավելել.
«Ես ասել եմ, որ կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք այնտեղ: Ասել եմ, որ մենք կվերադառնանք: Սա նշանակում է` ինչո՞ւ ոչ: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այս ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Իրիվան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը գտնում է՝ «թշնամանքը պետք է կառավարվի, չի կարելի թույլ տալ, որ այն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի»: Այս միտքը նա այսօրվա ասուլիսի ժամանակ ևս կրկնել է: