Ո՞րն է լինելու Ձեր պատիժն այս երկրային կյանքում. լրագրողը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին «Առավոտի» լրագրողը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞րն է լինելու Ձեր պատիժն այս երկրային կյանքում, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ պատիժը քրեաիրավական հասկացություն է:
«Համոզված եղեք՝ եթե պատժի արժանի որևէ գործողություն իրականացրել եմ, այդ պատիժն անխուսափելի է, և վրա կհասնի որևէ պահի, որովհետև ՀՀ-ում գործում է պատժի անխուսափելիության սկզբունքը: Եվ մեր ինստիտուցիոնալ բարեփոխումներն ուղղված են հենց դրան, որ պատժի անխուսափելիության սկզբունքը իրապես գործի»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, թե խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկն իրեն կարող է ասել դավաճան, կամ հայհոյել, այլ, որ այդ ամենը չհասկանալու խնդրի մասին է խոսում:
«Ոչ իմ պրոբլեմը, այլ մեր պրոբլեմը: Իսկ մեր պրոբլեմն ավելի խորն է»,- ընդգծել է Փաշինյանը:
Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ավելի ճիշտ, դրանց տապալման և ձախողման մասին պնդումներին, Փաշինյանն ասել է, որ երբեք այնքան վստահելի հարաբերություններ չեն եղել, և, որ ինքը շատ ուղիղ և բաց է խոսում:
«Շատ վստահելի է, և բայց դրանից իրողությունները չեն փոխվում»,- շեշտել է Փաշինյանը՝ ակնարկելով, որ անվտանգային փոխադարձ պարտավորությունների խնդիրը երկկողմ հարաբերություններում գոյություն է ունեցել իրենից առաջ:
«Էս պատմության մեջ ոչ մի բան նոր չի: Ասում եք՝ պատիժ, ամենամեծ պատիժն այն է, որ այդ ամեն ինչը թափվել է իմ գլխին: Դրանից լավ պատի՞ժ, եթե ձեզ թվում է, որ դրանից ավելի մեծ պատիժ հնարավոր է որևէ մեկին տալ, էնքան եք սխալվում: Ես բանտում եղել եմ, և մինչև հիմա իմ մտերիմները գիտեն, որ բանտում իմ անցկացրած շրջանը հիշում եմ շատ պոզիտիվ երանգներով: Եթե որևէ մեկին թվում է, որ դրանով ինձ պատժած է եղել, չարաչար սխալվում է: Մարդկանց թվում է, թե էդ պատիժ ասածը սղոցելն է, դա էլ է պատիժ, իհարկե: Դուք հասկանո՞ւմ եք, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին, ոչ 100 տոկոսով, բայց սոցիալ-հոգեբանական առումով 100 տոկոսով, շատ երկար իրադարձությունների կուլմինացիա է: Ձեզ թվում է, որ այսօր, ինչ աշխարհում տեղի է ունենում, դա կապ չունի՞ 2020-ի իրադարձությունների հետ»,- շարունակել է Փաշինյանը:
«Այո, 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը կարող էին զոհեր չլինել: Բայց դա չի նշանակում, որ 2021-ի հոկտեմբերի 6-ից փետրվարի 17-ը էդ նույն զոհերը կամ կրկնակի զոհեր չէին լինի: Խոսքը սրա մասին է, ամեն ինչը գին ունի, և այդ գինը վճարել ենք, վճարում ենք և պիտի վճարենք: Բայց ինչի՞ համար ենք վճարել: Մենք չգիտեի՞նք, որ այս պատմության վերջը ի վերջո սենց է լինելու: Մենք պատրա՞ստ էինք թուղթ ստորագրել, որ տարածքները վերադարձվում են, 5-ը վերադարձվում են, էն 2-ը չգիտեմ ինչ են լինում: Էն 2-ը ժամանակավորապես են վերադարձվում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման, հեռանկարի: Մենք բոլորս պատրա՞ստ էինք դրան: Հիմա հետահայաց կարող ենք ասել՝ հա, լավ կլիներ: Իհարկե, կարող ենք ասել: Այո, գուցե հային հետին խելքի զոհն ենք»,- ասել է նա: