ԱՄՆ-ը և արևմտյան շահագրգիռ մի շարք կողմեր փորձելու են ազդեցության նոր տարբերակներ փնտրել, բանակցային նոր մոդելներ կիրառել Հարավային Կովկասում. Կախա Գոգոլաշվիլի
Արցախի տոտալ շրջափակման և Արցախում հումանիտար աղետի ֆոնին Միացյալ Նահանգների կողմից Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հեռացումը պաշտոնից մի շարք հարցեր է առաջացնում:
Միացյալ Նահանգները, որը կոչ է անում բացել միջանցքը ու բոլոր հարցերը լուծել բանակցային ճանապարհով, հեռացնում է իր բանակցային միջնորդին, անորոշության մատնելով գործընթացում ԱՄՆ դերակատարությունը և ազդեցությունը ու ընդհանրապես բանակցությունները:
Չի բացառվում և ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ը այլ մակարդակներով շարունակում է աշխատել, սակայն բանակցություններով մշտական զբաղվող դիվանագետ ԱՄՆ-ը այլևս չունի:
Հարկ է նշել նաև, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ»։ «Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»,- նշել են դեսպանատնից։ Եվ այն հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը որևէ քայլ ձեռնարկում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ուղղությամբ, հնարավո՞ր է հումանիտար օգնության տրամադրում Արցախին, դեսպանատանից պատասխանել են. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արձագանքում է Հայաստանում գտնվող տեղահանված անձանց կարիքներին՝ ՀՀ կառավարության պահանջներին համահունչ»։
Օրերս էլ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը կոչ էր արել Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը [միջանցք]:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Ֆիլիպ Ռիքերի հեռացումն այդ պաշտոնից մտահոգիչ է այն տեսանկյունից, որ ԱՄՆ-ը այլևս ժամանակավրեպ է համարում այդ ձևաչափով կողմերի հետ աշխատելը:
Ըստ նրա, ամերիկյան կողմի ակնկալիքները երևի թե մեծ էին Ֆիլիպ Ռիքերի առաքելությունից, սակայն ԱՄՆ միջնորդական ակտիվության փուլը հաջողության չհասավ, կողմերին ուղղորդելով դեպի Մոսկվա, ինչն ԱՄՆ-ի համար անցանկալի սցենար էր:
«Մինչ ԱՄՆ-ը, ԵՄ-ի կողմից Շառլ Միշելն էր փորձում համակարգել գործընթացը և կողմերին հասցնել Խաղաղության համաձայնագրի կնքման, և թվում էր՝ կողմերը շատ մոտ են դրան, սակայն խաղաքարտերն ամռանն էականորեն խառնվեցին ու սեպտեմբերից սկսած ողջ գործընթացը հայտնվեց անորոշ փուլում և մասամբ՝ Մոսկվայի վերահսկողության ներքո, թեև կրկին անորոշ արդյունքներով: Սակայն ԵՄ-ի համակարգմամբ տևական գործընթացից հետո հանդիպումը Սոչիում, Մոսկվայի միջնորդական ակտիվությունը ցույց տվեցին, որ Արևմուտքը չի կարողացել կողմերի համար ձեռք բերել այն ազդեցությունը, ինչ հարկավոր է ռեգիոնում աշխարհաքաղաքական փոփոխություն մտցնելու համար, որն Արևմուտքի գլխավոր նպատակն է:
Ներկայումս, կարծում եմ, այս փոփոխությունը նշանակում է, որ ԱՄՆ-ը և ոչ միայն ԱՄՆ-ը, այլ արևմտյան շահագրգիռ շատ կողմեր, փորձելու են ազդեցության նոր տարբերակներ փնտրել, բանակցային նոր մոդելներ կիրառել: Սա ամենևին նահանջ չէ, այլ գործընթացի շարունակություն՝ նոր տրամաբանությամբ, նոր խաղացողներով և նոր մակարդակով:
Ռիքերը հեռացել է, բայց ԱՄՆ-ը խնդիրներից չի հեռացել, հայտարարություններ են արվում, և առաջիկայում, կարծում եմ, ԱՄՆ-ը Հարավային Կովկասում նոր լուծումներով է հանդես գալու, որոնք պետք է որ ազդեցիկ լինեն:
Նախորդ մեկ տարին Հարավային Կովկասում արևմտյան բոլոր խաղացողներին ցույց տվեց, որ միայն դիվանագիտությունն ու ակտիվությունը ևս բավարար չեն, որ հարկավոր է ներկայություն, ներգրավվածություն, ներդրում անվտանգության ոլորտում: Սա է պատճառը, որ ԵՄ-ն տեղակայեց քաղաքացիական առաքելություն Հայաստանում և ներկայումս մտադիր է երկարաձգել այն Հայաստանում: Ի վերջո, այս հակամարտության հետ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն շատ քիչ են խորությամբ առնչվել, չեն պատկերացրել, թե ռուսական «արմատները» որքան խորը կարող են լինել Հարավային Կովկասում»,- մեկնաբանեց վերլուծաբանը:
Նրա խոսքով, ուկրաինական պատերազմը ևս մեկ պատճառ է Արևմուտքի նման պահվածքի համար:
«Արևմուտքը շտապում է, եթե բանակցային մի մոդելը չի աշխատում, պետք է այն փոխել, զարգացնել, քանի որ ուկրաինական պատերազմն էլ անկանխատեսելի ընթացք ու տևողություն կարող է ունենալ, իսկ Արևմուտքը ցանկանում է աշխատել ՌԴ-ի դեմ բոլոր ռեգիոններում: Եթե մի կոմբինացիան արդյունքի չի հանգեցնում, պետք է այն փոխել: Կարծում եմ՝ սա է գլխավոր պատճառը»,- ասաց Գոգոլաշվիլին: