«Հայաստանից և Արցախից մի քանի տասնյակ հազար մարդ պետք է գնա Բերձորի միջանցք. լուծումը դա՛ է». Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Բերձորի ճանապարհը բացելու հարցում որևէ հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ:
«Իշխանությունների հետ կապված հարցը փակում ենք, միակ ելքը նրանց հեռացումն է: Եթե նախկինում մտածում էինք, որ հնարավոր է նրանց վրա ճնշում գործադրել, հանրության մի հատված կարողանա հասնել հաջողության՝ իշխանությունների մոտ, հիմա նման հույսեր չկան, այդ թեման չի էլ քննարկվում: Ռուս խաղաղապահներից կարելի է թերևս միայն հումանիտար դաշտում պահանջներ ներկայացնել: Ռուս խաղաղապահները քաղաքական մարմին չեն, չեն կարող որևէ հարց լուծել, իսկ միջանցքի փակումը զուտ քաղաքական խնդիր է, որը ռուս խաղաղապահների գործառույթից ընդհանրապես դուրս է: Հետևաբար, մնում է միայն մեր հասարակության գործողությունների մասին խոսել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ներկայացնելով այն լուծումը, որն այս պահին ինքը պատկերացնում է:
«Մի քանի տասնյակ հազար մեր հայրենակիցներ ՀՀ-ից գալիս են դեպի միջանցք, մենք այստեղից մի քանի տասնյակ հազարով ևս գնում ենք այնտեղ, և ես վստահ եմ, որ մոտ 100.000 հայ կարողանալու են սրբել և հանգիստ բացել միջանցքը: Ի դեպ, երբ նման տարբերակ առաջարկել եմ էլի եթերով, դրանից Հայաստանի իշխանությունները խառնվել են իրար, իրենց բարձրախոսները՝ ուսապարկերի տեսքով, սկսել են խոսել, թե իբր 40 հազար արցախցի ուզում է գալ և Հայաստանում իշխանափոխություն անել: Դա ծիծաղելի է: Մի քանի տասնյակ հազար մարդ Հայաստանից և Արցախից կկարողանա բացել միջանցքը և խառնել բոլոր խաղաքարտերը, խափանել նրանց հետագա պլանները: Այդ մի քանի տասնյակ հազար մարդու առջև չեն փորձելու մեր հայ ոստիկանները կանգնել, ոչ էլ ռուս խաղաղապահներն են որևէ բան անելու: Հասել է այն պահը, որ նաև խենթությամբ կարելի է շատ խնդիրների վերջն ուղղակի դնել: Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների հետ անիմաստ է քաղաքականություն-քաղաքականություն խաղալ: Այդ մարդկանց հետ պետք է խոսել ոչ ստանդարտ ճանապարհներով:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում